Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին կոչ ենք անում հեռացնել կնոջը թիրախավորող գրառումը. հայտարարություն

Մայիս 30,2025 17:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դադարեցրեք կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում

Մենք՝ ներքոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սոցիալական ցանցում արված հայտարարությունը, որում նա թիրախավորում է հոգևորական գործչի ենթադրյալ զուգընկերոջը՝ հրապարակելով նույնականացնող տվյալներ և վերածելով պասիվ սեռական օբյեկտի՝ ընդդիմադիր գործիչին վարկաբեկելու նպատակով: Անկախ նրանից՝ վարչապետի խոսքերը պարունակում են ճշմարտություն, թե ոչ, խստորեն դատապարտելի է նման բառապաշարն ու սեռական կյանքը քաղաքական թիրախավորման գործիք դարձնելը:

Կնոջ նկատմամբ սեռական բնույթի նվաստացուցիչ ու կնատյաց բառապաշարը՝ անկախ քաղաքական համատեքստից կամ նպատակից, անընդունելի է՝ հատկապես երկրի ամենաբարձր պաշտոնյայի կողմից։

Կանանց մարմիններն ու ինքնությունները քաղաքական հակամարտությունների շրջանակում օգտագործելը վտանգավոր նախադեպ է, որը վերարտադրում է վնասակար գենդերային կարծրատիպեր և խորացնում է Հայաստանում կանանց նկատմամբ համակարգային խտրականությունը։ Այս խոսքերը պարզապես անձնական վիրավորանքներ չեն․ կանայք օգտագործվում են տղամարդկանց կողմից իշխանական պայքարներում։

Քաղաքական հակամարտություններում տղամարդիկ հաճախ են օգտագործում ընդդիմախոսների (ենթադրյալ) զուգընկերների՝ հատկապես կանանց սեռական կյանքի մանրամասները որպես քաղաքական գործիք: Տվյալ դեպքում նման հրապարակումը կարող է լուրջ վտանգներ ստեղծել թիրախավորված կնոջ առօրյա կյանքում հասարակական ճնշումների ենթարկվելու պատճառով:

Մենք կոչ ենք անում`

1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել կնոջը թիրախավորող գրառումը և հանրային ներողություն խնդրել խտրական արտահայտության և ենթադրյալ զուգընկերոջ մասին տվյալների բացահայտման համար՝ այդպիսով նախադեպ ծառայելով այլ քաղաքական գործիչների մոտ և կանխարգելելով դրա շարունակական բացասական հետևանքները:

2. Բոլոր քաղաքական գործիչներին՝ հատկապես իշխանության բարձր դիրքերում գտնվողներին, չշահարկել մարդկանց սեռականությանը և անձնական տվյալներին վերաբերող տվյալները և հանդես գալ մարդու արժանապատվությունն ու հավասարությունը հարգող խոսքի մշակույթով՝ խուսափելով գենդերային կամ այլ հիմքով խտրական եզրույթներից և ատելության խոսքից:

Հայտարարությանը միացել են՝

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Կանանի» սոցիալ֊հոգեբանական կենտրոն ՀԿ
«Լուսաստղ» ՀԿ
«Սոցիոսկոպ» ՀԿ
Հայաստանում կանանց հիմնադրամ
«Կրեոպիա» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
քվիր քուր պլատֆորմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031