Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը
Երկար մտածեցի, արժե՞ գրել այս մասին, թե՞ ոչ, բայց, ի վերջո, եկա այն եզրակացության (ինձ նաև համոզեցին, որ դա քաղաքացիական դիրքորոշման հարց է), և որոշեցի գրել:
Մեկ-երկու ամիս առաջ երկրի ամենաբարձր ամբիոնից հնչեց «կադրերի ճգնաժամ» շատ ակտուալ արտահայտությունը (Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն):
Այո, դա այդպես է, սակայն այն առաջանում է ոչ միայն սխալ նշանակումների հետևանքով, այլև սխալներն ուղղելու ցանկություն չունենալու կամ անկարողության պատճառով: Հիմա՝ դրա կոնկրետ և շատ ակնհայտ օրինակի մասին:
Մեկ ամսից ավել է, որ ես թողնել եմ իմ սիրելի աշխատանքը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, որտեղ կատարում էի կարևոր և հանրօգուտ աշխատանք: Եվ ես մենակ չէի թանգարանից հեռանալու այս գործընթացում, և նույնիսկ առաջինը չէի, այլ ևս մի օղակ՝ երկար շղթայում: Այդ կապակցությամբ հարց ունեմ տալու մեր վերադասին.
Կարդացեք նաև
ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ինչո՞ւ ձեզ չանհանգստացրեց, որ ձեր նշանակած նոր տնօրենի աշխատանքի մեկ տարվա ընթացքում թանգարանից հեռացել է արդեն մոտ մեկ տասնյակ աշխատակից՝ սկսած Մարկ Գրիգորյանից, որը պատահական մարդ չէ մեր հասարակության համար: Ինչո՞ւ չհարցրեցիք նրան, թե ինչո՞ւ է գնում թանգարանից, որտեղ դեռ շատ անելիք ուներ: Ինչո՞ւ ձեզ չի հետաքրքրել այս աննախադեպ արտահոսքը թանգարանից:
Ձեր փաստարկներն այն մասին, որ տնօրենը մրցույթով է անցել և քննություն հանձնել, ամենևին համոզիչ չեն, քանի որ զուտ իր համար հապճեպ հայտարարված «մրցույթին» մասնակցել է միայն ինքը, իսկ քննությունը (որը ոչ մի կապ չունի ճարտարապետության վերաբերյալ գիտելիքների հետ) նա պետք է հանձներ նշանակումից մեկ տարի անց՝ փորձաշրջանից հետո, այսինքն, առկա է բացահայտ խախտում: Ինչևէ, դուք նրան ընդունել եք աշխատանքի առանց փորձաշրջանի և հաշվի չառնելով ճարտարապետական գիտելիքների կատարյալ բացակայությունը ու մարդկային դրսևորումները:
Տնօրենի անթույլատրելի պահվածքի հետ կապված Քաղ. կոմիտեին ուղղվել են բազմաթիվ բանավոր և գրավոր բողոքներ թանգարանում նրա կողմից ստեղծված վրեժխնդրության, հաշվեհարդարի, կոլեկտիվի պառակտման, սուտ լուրերի տարածման և հովանավորչության անառողջ մթնոլորտի վերաբերյալ: Այդ պատճառով թանգարանը լքած պրոֆեսիոնալ աշխատողների փոխարեն տնօրենը ընդունել է գործից անտեղյակ իր ծանոթներին և ընկերուհիներին, որոնց արտոնություններ, պաշտոններ և բարձր աշխատավարձեր է տվել:
Ընկերուհիների մեջ առանձնանում է իր մտերիմ ընկերուհի-փոխտնօրենը, որն իր անկիրթ, կոպիտ, շուկայական պահվածքով ու բառապաշարով կարող է խայտառակել ցանկացած մշակութային հաստատություն: Եվ մեր վերադասը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, ոչինչ չի արել և չի անում այդ բոլորը կանխելու համար, բացի հաշտության և համերաշխության կոչերից: Բնականաբար, տնօրենը, զգալով ամենաթողությունը և իր անպատժելիությունը, կամայական ձևով՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու, բարեկարգում է իր և փոխտնօրեն-ընկերուհու պայմանները, սենյակներ ազատում, վերանորոգում իրենց առանձնասենյակները, «մաքրում» պատերը ճարտարապետական նախագծերից, և այլն:
Ցավոք, այս իրավիճակը տեղիք է տալիս նրա ունեցած «մեջքի» մասին տխուր խոսակցությունների համար: Տնօրենը դա չի էլ թաքցնում, հպարտորեն ասելով ինքն իր մասին. «Դուք չգիտեք, թե ում հետ եք խոսում», իսկ կոնկրետ ինձ սպառնալով. «Ես ձեզ հետ այլ հարթակում կխոսեմ»: Ո՞րն է այդ այլ հարթակը, արդյո՞ք դրանից բարձր հարթակ չկա, և արդյո՞ք այդ հարթակի ղեկավարը ուրախ կլինի իմանալ, որ իր աշխատակիցը՝ չարաշահելով դիրքն ու աշխատավայրը, գործեր է «դասավորում»: Իսկ, գուցե, դա պարզապես «բլեֆ» է, վախեցնելու էժանագին տարբերակ՝ սեփական բարդույթները թաքցնելու համար:
Այս բոլորը նպաստում են թանգարանի վարկանիշի աստիճանաբար, բայց անխուսափելի անկմանը: Թեև թանգարանում դեռ գործում է մեր մտահղացումներով, գաղափարներով և գիտելիքներով ստեղծված ցուցահանդեսը, որը հիացնում է այցելուներին, իսկ կիսատ մնացած մեր գաղափարներով, որի երկար ցուցակը մենք տվել էինք իրեն դեռ տարվա սկզբին, պատրաստվում են նոր ցուցադրություններ և միջոցառումներ (բնականաբար, այլ՝ հրավիրված կազմակերպությունների և մարդկանց հետ համատեղ, որովհետև ինքնուրույն նոր ղեկավարությունը ոչինչ չի կարող անել): Սակայն մինչև ե՞րբ պիտի դրսից հրավիրված մարդիկ աշխատեն իրենց փոխարեն: Անկասկած անկման մասին են խոսում նաև Ճարտարապետության թանգարանին ոչ հարիր՝ գավառական ակումբի մակարդակի պաստառները մուտքերի մոտ, ինչպես և մյուս պաստառը՝ որի «XX-XXI դարերի հայկական ճարտարապետություն» անվանման տակ տեղադրված է VI դարի Ավանի տաճարի հատակագիծը:
Հավելեմ նաև, որ իմ գնալով թանգարանը կարող է կորցնել իր «թանգարան-ինստիտուտ» կարգավիճակը, որովհետև այստեղ կմնա ընդամենը երկու ճարտարապետ-գիտաշխատակից, որոնցից միայն մեկը ունի գիտական աստիճան: Իսկ գիտխորհրդի նախագահ-տնօրենը ընդհանրապես չունի ոչ որևէ գիտական աստիճան, ոչ մասնագիտական կրթություն, ոչ որևէ գիտելիք ճարտարապետության վերաբերյալ: Էլ ի՞նչ գիտխորհուրդ, ի՞նչ ինստիտուտ: Ես ճի՞շտ եմ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:
Տխուր է վիճակը և իսկապես ճգնաժամային: