Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Փաստորեն, ՔՊ պատգամավորների համար իմ հետ շփումը ամենամեծ դժբախտությունն է, ամենամեծ սարսափը, ամենավատ երազը, քան դատախազի, քննիչի կամ դատավորի առջեւ կանգնելը»

Մայիս 30,2025 20:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության պաշտոնական օրը հերթական անգամ հրաժարվեցին հյուրընկալել: Այս անգամ էլ առանց որեւէ հիմնավորման նրա հետ հանդիպելուց հրաժարվեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, օրվա «հերթապահ», ՔՊ-ական պատգամավոր Կնյազ Հասանովը:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական գործիչը մերժումների այս ամբողջ շարքի մասին ասաց. «Հերթական անգամ հերթական պատգամավորը հրաժարվեց ինձ ընդունել: Ընդ որում, պատրաստակամություն հայտնելով ընդունել այլ քաղաքացիների: Այսինքն, ակնհայտորեն ցուցաբերվեց հերթական խտրական վերաբերմունքը: Սա արդեն օրինաչափություն է: Փաստորեն այսօր ամսվա՝ քաղաքացիների ընդունելության վերջին օրն էր, եւ պարոն Հասանովը գիտեր, որ ՔՊ խմբակցությունից եթե հրաժարվել են ինձ ընդունել, ես բոլոր դեպքերում դատախազություն հաղորդում եմ տալիս ու դրա մասին հրապարակային հայտնում եմ: Այսինքն, ըստ էության, նա նաեւ գիտեր, որ հաղորդում է լինելու դատախազություն իր ենթադրյալ հանցագործության մասին եւ գիտակցված է գնացել հանցագործություն կատարելու:

Փաստորեն ստացվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ավելի շատ նախընտրում են քննիչի, դատախազի հետ շփվել, դա իրենց համար ավելի պակաս վախենալու է, քան իմ հետ: Ի դեպ, դատախազությունն իմ նախորդ գրություններին ընթացք է տվել՝ ուղարկել է ռեգիոնալ դատախազություն, Երեւան քաղաքի դատախազություն: Պարզ է, որ այնտեղից պետք է ուղարկվի քննչական կոմիտե ու քննիչը պետք է որոշում կայացնի վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ հիմքերը կան եւ վարույթ պետք է նախաձեռնվի: Իսկ եթե հանկարծ ձեռնպահ մնան նման որոշում կայացնելուց, պարզ է, որ դա բողոքարկվելու է բոլոր հնարավոր ատյաններով: Այսինքն, շուտ-ուշ այս մարդիկ իրենց այս արածի համար դատվելու են:

Հիմա, փաստորեն, իրենց համար ավելի նախընտրելի է ունենալ քրեական հանցագործի կարգավիճակ, քան հանրային ծառայող պատգամավորի, որը պիտի իր պարտականությունները կատարի: Այսինքն, իրենց համար իմ հետ շփումը ամենամեծ դժբախտությունն է, ամենամեծ սարսափը, ամենավատ երազը, որովհետեւ ես իրենց հետ խոսում եմ ոչ թե իմ անձնական խնդիրներից, այլ մեր հանրային խնդիրներից, իրենց պարտականությունների կատարումից, ինչից իրենք խուսափում են: Բայց միեւնույն է, ինչպես որեւէ հանցագործ, նրանք դրանից որեւէ ձեւով խուսափել չեն կարող»:

Հարցին՝ գուցե վստահ են, որ իրենց իշխանության օրոք պատասխանատվության չեն ենթարկվի, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Կարող է՝ հաշվի առնելով հիմիկվա իրավական համակարգի հարաբերությունները, որ իրենց ղեկավար հանդիսացող վարչապետը WhatsApp հաղորդագրություններով նշանակում եւ ազատում է այն պաշտոնյաների ղեկավարներին, որոնք պետք է որոշումներ կայացնեն: Բայց միեւնույն է, իրենց ղեկավարի պաշտոնավարմանը քիչ ժամանակ է մնացել. Իսկ իրենք ստիպված են լինելու հետո պատասխանատվություն կրել այդ ամենի համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031