Մայիսի 26-ի փորձագիտական հանդիպման ամփոփում՝ «Վերականգնման հայկական ճանապարհ» ծրագրի վերաբերյալ
Երեւան, մայիսի 29, 2025թ. – Մայիսի 26-ին կայացավ փորձագիտական քննարկում՝ նվիրված Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի՝ «Վերականգնման հայկական ճանապարհ» ծրագրի արդյունքներին։
Հանդիպման նպատակն էր մասնագիտական համայնքի առաջատար ներկայացուցիչների դատին հանձնել խմբային աջակցման նորարար ծրագրի արդյունքները եւ ձեւավորել համագործակցության նոր հարթակ՝ հոգեկան առողջության ոլորտում կարողությունների զարգացման նպատակով։
Կարդացեք նաև
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրեց հոգեկան առողջության վերականգնման ոլորտում նորարարական մոտեցումներ մշակելու Հիմնադրամի տեսլականը, որն ամփոփված է ամերիկահայ բարերար, գիտնական եւ նորարար Նուբար Աֆեյանի կողմից հիմնադրված «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» առաքելության մեջ։
Այն է՝ աջակցել հետտրավմատիկ վիճակում գտնվող անձանց վերագտնելու անձնային գործունակությունը՝ շաղկապելով նրանց ապրված փորձառությունները հայ ժողովրդի կոլեկտիվ հիշողության ու մշակութային ինքնության հետ՝ խթանելու համար ներքին տոկունությունը, իմաստների վերականգնումը ու ապագայամետ մտածողությունը։
Հիմնադրամի կողմից մշակված առաջին հոգեւոր-հոգեբանական ծրագիրը «Վերականգնման հայկական ճանապարհն» է, որը կառուցված է նարատիվային թերապիայի, ակտիվ պատմական մտածողության ու հոգեւոր արժեքների համադրությամբ։
Հանդիպման մասնակից հոգեբաններին, սոցիալական աշխատողներին եւ ոլորտային կառույցների ներկայացուցիչներին հանգամանալից ներկայացվեց «Վերականգնման հայկական ճանապարհ» ծրագիրը եւ դրա ազդեցությունը ավելի քան 550 շահառուների հոգեկան բարեկեցության եւ կյանքի որակի վրա։ Շահագրգիռ քննարկում ծավալվեց հոգեւոր-հոգեբանական մեթոդի վրա խարսխված խմբային աջակցության այս ծրագրի ուժեղացման եւ ինստիտուցիոնալ զարգացման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կարեւորվեց համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ մասնագիտական համայնքի եւ ոլորտային կառույցների հետ՝ հաշվի առնելով բնակչության շրջանում առկա կարիքները։ Հիմնադրամի հանձնառությունն է հայաստանյան ու միջազգային լավագույն մասնագետների մասնակցությամբ վերապատրաստման շարունակական ծրագրերի իրականացումը Հայաստանում, գործընկերների հետ համատեղ հոգեկան առողջության վերականգնման խմբային աջակցման ծառայությունների մատուցումը դրա կարիքը ունեցող մարդկանց, ինչպես նաեւ Հայաստանում ձեւավորվող նորարար հոգեւոր-հոգեբանական աջակցության մեթոդի տարածումը Հայաստանի սահմաններից դուրս։
Հիմնադրամը ստեղծվել է 2022-ի հուլիսին՝ ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ:
Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման մասին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր–հոգեբանական» լուծումներ։