Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է. Արա Զոհրաբյան

Մայիս 30,2025 23:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 301 թվականից առ այսօր շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել:

Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը:

Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության մակարդակով ճանաչել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Եկեղեցին կարողացել է դիմակայել այս փորձություններին և հարվածներին, ի շնորհիվ նաև ինքնակառավարման համակարգի:

Նիկոլ Փաշինյանի հարձակումը թվում է, թե ուղղված է հոգևորական անձի կամ անձանց դեմ, բայց դա միայն առաջին հայացքից:

Իրականում, այդ հարձակման թիրախում Եկեղեցու ինքնակառավարման համակարգն է: Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն խոստովանում է դա, երբ հայտարարում է, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»:

Ինքնակառավարումը կառավարման տեսակ է, որտեղ կառավարող սուբյեկտն ու կառավարման օբյեկտը համընկնում են, այսինքն կոնկրետ անձանց խումբն է տնօրինում իր իսկ հարցերը, ինչը Եկեղեցու դեպքում հնարավորինս պաշտպանում է արտաքին ազդեցություններից:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինը Ազգային-Եկեղեցական Ժողովն է, որն էլ լիազորված է ընտրելու Կաթողիկոսին և որոշումներ ընդունելու ազգային-եկեղեցական հիմնահարցերի, ինչպես նաև դավանաբանական, ծիսական, կանոնական և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:

Ոչ պետությունը, ոչ այլ մարմին կամ մարդկանց խումբ չի կարող այս հարցերով որոշումներ կայացնել:

Դարեր շարունակ Եկեղեցու վրա փորձել են ազդել ոչ միայն հայրենական իշխանությունները, այլ նաև օտար պետությունները, այդ թվում՝ զավթիչները, կրոնական ծայրահեղականները, սակայն՝ ԱՊԱՐԴՅՈՒՆ:

Եթե հաջողվի քանդել Եկեղեցու ինքնակառավարման համակարգը, ապա ապագայում Եկեղեցին խոցելի կդառնա քաղաքական ցանկացած իրադարձության առջև:

Հ.Գ.1. Իշխանության մեթոդը պարզ է՝ «Տուշոնկա» օպերացիա: Վարկաբեկել բարձրաստիճան հոգևորականներին, դրանով բարդութավորելով մարդկանց կանգնել Եկեղեցու կողքին:

Հ.Գ.2 Պետականության դեմոնտաժը շարունակվում է ավելի արագ տեմպով:

Հ.Գ.3 Այս չարագործությունների պատասխանը ազգովի ենք ստանալու:

Հ.Գ.4 Մոր (Մայր Եկեղեցու) դեմ հրապարակային վարկաբեկման գործողությունները որևէ կերպ «զավակի» սրտացավ ու պարկեշտ արձագանք չեն կարող համարվել»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031