Լրահոս
Օրվա լրահոսը

Կա նաև այլընտրանքային պատմության դասագիրք՝ ադրբեջանական․ հավանաբար, շուտով այն մեզ մոտ կբերվի․ «Փաստ»

Մայիս 31,2025 09:30

Օրերս խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցման» հնարավորության հետ, հայտարարեց, որ ինչպես հայերը ապրում են Վրաստանում, այնպես էլ ադրբեջանցիները կբնակվեն այստեղ՝ մեր հողում։ Կբնակվեն և վերջ։ Հայ ժողովրդին իշխանությունը հրամայում է ընդունել դա որպես փաստ։ Ադրբեջանի կողմից ներկայացվող երեք հարյուր հազար ադրբեջանցիների «վերադարձը» «Արևմտյան Ադրբեջան» (ինչպես Բաքվում անվանում են Հայաստանը) Ալիևի կողմից վաղուց է բարձրաձայնվում։ Սակայն հայ հասարակության մեջ այս սպառնալիքը միշտ քիչ է քննարկվել, քանի որ չափազանց սարսափելի է նման բաների մասին մտածելը. ավելի հեշտ է պարզապես անտեսել և անվանել ֆեյք։ Թշնամական երկրի երեք հարյուր հազար ներկայացուցիչ կմտնի երկմիլիոնանոց Հայաստա՞ն: Այն էլ՝ նրանց իրավունքները պաշտպանող ադրբեջանական հատուկ ծառայությունների ուղեկցությա՞մբ։ Չափազանց ապոկալիպտիկ է դրան հավատալը:

Սակայն, ինչպես հայտնի է, մայիսի 16-ին Ալիևն ու Փաշինյանը առանձնացան և խմեցին սուրճ։ Իսկ մայիսի 21-ին Ալիևը խստորեն հիշեցրեց գործընկերոջը, որ «Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի հարցի վերաբերյալ, թե երբ և ինչ պայմաններով արևմտյան ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց պատմական բնակավայրերը»։

Փաշինյանը զգալիորեն շտապեց Սահմանադրության փոփոխությունների հարցում՝ խոստանալով արագ ստորագրել համաձայնագիրը Բաքվի հետ։ Այստեղ արդեն հեշտ էր կռահել, որ սուրճի ընթացքում Փաշինյանը փորձել է համոզել Ալիևին՝ ստորագրել գոնե ինչ-որ փաստաթուղթ, որը շատ անհրաժեշտ է իշխանությանը ընտրությունների համար՝ խոստանալով դրա դիմաց ընդունել «վերադարձողներին»։

Սա միայն ենթադրություն էր։ Սակայն ԱԺ նախագահը հաստատեց այդ ենթադրությունը՝ կոչ անելով Հայաստանի բնակիչներին պատրաստվել նոր քաղաքացիների ընդունմանը։ Հեգնելով հայերի համառությունը, որոնք նախապաշարմունքների շավիղներում, չգիտես ինչու, լավ բաներ չեն սպասում նման վերաբնակեցումից, նա կոչ արեց ըմբռնումով ու հարգանքով վերաբերվել ադրբեջանցիների խոսքին ու պահանջներին. «Մի զարմացեք, որ ադրբեջանցիները խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, չէ՞ որ մենք նույնն ենք արել։ Երեք հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձի խոսակցություններն ընթանում են նույն տրամաբանությամբ։ Չէ՞ որ մենք էլ ասում էինք, որ Արցախի բնակչությունը պետք է վերադառնա Ադրբեջան ապրելու: Ես զարմանում եմ, իսկ դա նորությո՞ւն է», – նշեց նա։

Միևնույն ժամանակ նաև փարատեց երկու ժողովուրդների միջև ակնկալվող կոնֆլիկտների մասին մտահոգությունները՝ հայտարարելով. «Խաղաղության պայմանագրի ստորագրումից ընդամենը 5 րոպե անց Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կսկսեն առևտուր անել, շփվել և համագործակցել բոլոր հնարավոր ձևերով»։

Ընդհանրապես, հետևելով քպականների ելույթներին՝ պետք է մտածել, որ նրանք մեր հանրության մասին մտածում են իրենց «արշինով»: Ի դեպ, նույն քպականները նաև մեղադրում են հայ ժողովրդին, որ «ապրում է իր աշխարհում, կարծես գոյություն ունի միայն Հայաստանը և նրա պատմության դասագիրքը, իսկ մնացածն աննշան են»։ Իրավացի են նրանք, կա նաև այլընտրանքային պատմության դասագիրք՝ ադրբեջանական։ Հավանաբար, շուտով այն մեզ մոտ կբերվի։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031