Ի՞նչ պետք է անի լրագրողը, երբ կողմերից մեկը դիմում է նրան
ՀՀ արդարադատության նախարարին, Բարձրագույն դատական խորհրդին, Հայաստանի դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, Հանրապետության նախագահին, ՀՀ վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ սահմանադրական դատարան էր դիմել Վարազդատ Դավթյանը, նրա ներկայացուցիչ, փաստաբան Քրիստինե Տոնոյանը: Ի վերջո, նրանք ստանալով պաշտոնական պատասխանները, դիմել էին նաեւ «Առավոտ» օրաթերթին: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործի քննությունը շարունակվում է, դատավորին չեն կարող կարգապահական պատասխանատվության ենթարկել, ինքնաբացարկի միջնորդությունները մերժվում են, իսկ կողմը չի կարողանում դատարանում իրականացնել իր գործառույթները:
Նրանք ԿԴ2/0959/0215 քաղաքացիական գործով պատասխանող, հակընդդեմ հայցվորներ են: Դավթյանը, նրա ներկայացուցիչը խնդրել էին լուսաբանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Հրազդան նստավայր) ընթացող այս գործը, քանի որ ըստ նրանց՝ դատական գործընթացների ժամանակ իրենք չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները, դատարանը ոչ միայն թույլ չի տալիս որեւէ առարկություն, հայտարարություն, միջնորդություն կատարել, իրենց դիրքորոշումն արտահայտել, այլեւ նիստերից մեկի ժամանակ դիմել է դատական կարգադրիչների օգնությանը, նրանց պատասխանողի տեղից հանելու, նիստերի դահլիճում պարզապես նստելու պահանջով:
Մայիսի 27-ին Հրազդանի նստավայրում էի, դռնբաց դատական նիստին:
Կարդացեք նաև
Պատշաճ ներկայանալով, որպես լրագրող խնդրեցի, որպեսզի դատարանը թույլ տա լուսանկարել, իսկ դատավոր Ա. Արզումանյանի հարցին, միայն այդքա՞նը, ձայնագրե՞լ, տեսանկարահանում իրականացնելո՞ւ եք, պատասխանեցի՝ ոչ, կսղագրեմ, եւ կլուսանկարեմ նիստը:
Դատավորը դիմեց միայն սկզբնական հայցվորի փաստաբանին, որը ոչ միայն առարկեց, այլեւ դիմելով դատարանին ասաց՝ պահանջում է, որպեսզի արգելեն սղագրությունը, որպեսզի հետագայում հրապարակում չդառնա:
Դատարանին կրկին դիմելով հիշեցրի ԶԼՄ օրենքը, որ լրագրողը կարող է մասնակցել դռնբաց դատական նիստերին, կարող է սղագրել, ձայնագրել, սեւագրություններ անել, տեսանկարահանել, նաեւ շեշտեցի, որ դատարանի որոշմամբ, «հուշեցի», որ եթե կողմը չի ցանկանում լուսանկարել իրեն, ես կարող եմ հարգել կողմի այդ իրավունքը, ձեռնպահ մնալով լուսանկարել միայն նրանց: Թվում էր, թե դատարանը կդիմի նաեւ պատասխանող կողմին, նրանց դիրքորոշումը նույնպես ճշտելու, սակայն այդպես չեղավ…
Հետեւեց փաստաբանի միջնորդությունը՝ նիստը հետաձգելու համար, առաջին պատճառաբանությունն այն էր, որ ինքը հանրապետությունից դուրս է գտնվել, ի վիճակի չէ ֆիզիկապես մասնակցել նիստին, ապա ժամանակ խնդրեց, նոր միջնորդությանը ծանոթանալու, որը կար գործի նյութերում, հենց այդ հիմքով դատարանը հետաձգեց նիստը, այն տեղափոխեց հուլիս ամիս:
Քանի որ սկզբնական հայցվորը չցանկացավ իրենց մասով որեւէ գրառում, որեւէ հիշեցում, չեմ հրապարակի անգամ հայցվորի, հայցվորի ներկայացուցչի պահանջների վերաբերյալ տեղեկությունները:
Ըստ Վարազդատ Դավթյանի, այս գործը պետք է քննվի սնանկության դատարանի կողմից, ոչ թե ընդհանուր իրավասության դատարանի:
Վ. Դավթյանը 2021թ. փետրվարի 18-ին ճանաչվել է սնանկ, իսկ դատարանի նույն թվի մարտի 1-ի որոշմամբ սնանկության կառավարիչ է նշանակվել Խաչիկ Նազարյանը, ով ըստ լրատվամիջոցին դիմած կողմի, դատարան չի ներկայանում, առհասարակ, որեւէ գործառույթ չի իրականացնում. «իրավունքներիս ու օրինական շահերիս պաշտպանությունը թողնելով բախտիս քմահաճույքին»: Փաստաբանին հասցեագրված մի գրությամբ, սնանկության կառավարիչը հայտնել է, որ ինքը փաստաբան չէ…
Վարազդատ Դավթյանը նշել էր սնանկության դատարանում առկա մեկ այլ գործի մասին, նշելով, որ իր դատավարական իրավունքները կարողանում է իրացնել ողջ ծավալով, ծանուցումներն ուղարկվում են իր ներկայացուցչին: Այսինքն, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արգելում է մասնակցել այս նիստերին, այն դեպքում, երբ սնանկության դատարանը, Երեւանի քաղաքացիական դատարանը երկու զուգահեռ քաղգործերով որեւէ կերպ նման սահմանափակում չեն արել Դավթյանին եւ նրա ներկայացուցչին:
Դավթյանի փաստաբանը դատական նիստից հետո ցույց տվեց տասնյակ միջնորդություններ, որոնցից մեկով, մասնավորապես, նրանք միջնորդել էին մարզի դատավոր Ա. Արզումանյանին նշված քաղգործով կողմ հանդիսացող Վ.Դավթյանի սահմանափակված իրավունքները վերականգնելու մասին, սակայն դատարանը մերժել էր այն (2024թ. մայիսի 29):
Ի վերջո, այս գործով խոսքը շենք -շինությունների, շարժական գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննությունների, աճուրդների մասին է, այն գույքերի, որոնց մի մասը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ժամանակ:
Գործում կա դիմում՝ «գործով կողմ հանդիսացող անձիս դատական նիստի օրվա եւ ժամի վերաբերյալ ծանուցումն ապահովելու մասին»:
Վ.Դավթյանն ասում է՝ 9 եւ ավելի տարի առաջ նշանակվել է փորձաքննություն, վեճի առարկա հանդիսացող գույքերի շուկայական գները էականորեն փոխվել են, բնականաբար, այն չի կարող արտացոլել 2025-ին առկա շուկայական արժեքը, սակայն որոշիչ պատասխաններ դեռ չկան:
Այս տարվա փետրվարի 2-ին պատասխանող, հակընդդեմ հայցվոր Վ.Դավթյանը գրավոր միջնորդությամբ դիմել է դատարան, քաղաքացիական գործը սնանկության դատարանի քննությանը հանձնելու մասին: Որպես հիմնավորում, նա նշել էր, որ 2021թ. փետրվարի 18-ին դատարանի վճռով սնանկ ճանաչվելը հիմք է քաղաքացիական գործը սնանկության դատարանին հանձնելու համար. «2022 թվականին քաղգործը սնանկության դատարանին հանձնելու կամ գործի վարույթը կարճելու մասին միջնորդություններ ենք ներկայացրել դատարան, սակայն դատարանի կողմից պատշաճ քննության չի արժանացել եւ անհիմն կերպով մերժվել է»:
Հիմնավորումներից մեկը նաեւ այն էր, որ 2020թ. սնանկության գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանն անցած տարի այսպիսի դիրքորոշում է արտահայտել, որ սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի եւ իրավունքների վերաբերյալ քաղաքացիական վեճերը պետք է կենտրոնանան սնանկության գործը վարող դատավորի վարույթում. «Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի եւ իրավունքների վերաբերյալ քաղաքացիական վեճերը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով կենտրոնանում են սնանկության գործը վարող դատավորի վարույթում, ինչպիսի պայմաններում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ համապատասխան քաղաքացիական գործի առկայությունը չի կարող խոչընդոտել սնանկության վարույթի ընթացքին»:
Նկատենք, որ Վճռաբեկ դատարանը նույնպես ունի նախադեպային որոշումներ, որում մասնավորապես, ասվում է. «Պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով հարուցվող քաղաքացիական գործերը պետք է քննվեն սնանկության գործը վարող դատավորի կողմից նույն սնանկույթյան գործի շրջանակներում, որպես առանձին քաղաքացիական գործեր» (04.11.2019, ԵԿԴ/3928/02/16 գործով):
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.05.2025