Նիկոլ Փաշինյանը շարունակում է «գաղափարախոսության», «իրական Հայաստանի» և նմանօրինակ փաթեթավորումներով հնչեցնել ձևակերպումներ, որոնք ոչ միայն կարող են շատերի կողմից բնորոշվել որպես անընդունելի, վիճելի, այլև իսկապես վտանգավոր են:
Վտանգավոր են, քանի որ նման բաներ ասողը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Եթե երեկվա նրա անպարկեշտ գրառումները դնենք մի կողմ, ապա վերջին «գաղափարական» ելույթը Հանրապետության օրվա առթիվ Փաշինյանի հնչեցրած ուղերձն է: Եկեք միասին դիտարկենք Փաշինյանի այդ ուղերձում ընդգծված մի քանի կոնկրետ դրվագ:
Առաջին. «29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության»,-պնդում է Փաշինյանը: Այստեղ միանգամից երկու դիտարկում. ՀՀ-ի՝ մեր ժողովրդի «ձեռքբերումների արտահայտություն» լինելու մասին խոսում է մի գործիչ, որը Հայաստանն ու Արցախը տարել է պատերազմի ու մեծ կորուստների, ուրացել է Արցախը և անմիջականորեն պատասխանատվություն է կրում հայկական Արցախն աղետի մատնելու համար, որի կառավարման շրջանում թշնամին զավթել է ՀՀ մոտ 200-250 քառ. կմ տարածք և շարունակում է զավթած պահել:
Հաջորդ դիտարկումը շատ ավելի խորքային շերտերի է վերաբերում և ուղղակիորեն առնչվում է Հայրենիք, երկիր, պետություն հասկացություններին ու դրանք արհեստականորեն միատեղելու Փաշինյանի ձգտումներին: Ավելին, Փաշինյանն իր խոսքում միտումնավոր թույլ է տալիս էական նենգախեղում, մասնավորապես հայտարարում է, թե մեր ժողովուրդը հայրենիք էր փնտրում: Սա չափազանց էական «մանրուք» է, քանի որ աշխարհաստեղծման ժամանակներից ի վեր, պարզ ասած՝ հազարամյակներ շարունակ սեփական հայրենիքում ապրած և արարած հայ ժողովուրդը երբեք ու ոչ մի պարագայում Հայրենիք չի փնտրել: Հայ ազգը, մեր ժողովուրդը «հայրենիք փնտրելու» կարիքը չուներ այն պարզ պատճառով, որ հազարամյակներով բնիկ է, անկախ բոլոր տեսակի աղետումներից՝ իր հայրենիքում ստեղծել ու սերունդներին է թողել հայկականության պատմամշակութային ահռելի ժառանգություն, որի բազմաթիվ վկայությունները հանրահայտ են: Վերջապես, անկախ բոլոր կոտորածներից, բռնագաղթերից ու մնացած ամեն ինչից, իր ֆիզիկական գոյությունը կարողացել է պահպանել իր պատմական հայրենիքի մոտ 9 տոկոս տարածի վրա: Այլ հարց է, որ մեր ժողովուրդը պետականության վերջին կորստից հետո մի քանի դար շարունակ ձգտել է վերականգնել իր պետականությունը: Սա բոլորովին այլ բան է, քան «հայրենիք փնտրելը»: Հայրենիք փնտրել կարող են միայն հայրենիքը (ոչ պետականությունը) կորցրած կամ հայրենիք չունեցող, մշտապես թափառող էթնիկ խմբերը: Վերջապես, ի տարբերություն ոմանց, մեր ժողովուրդը լավ գիտի, թե ո՛րն է իր Հայրենիքը:
Կարդացեք նաև
Այո, տարբեր ժամանակներում (իսկ բազմահազարամյա պատմություն ունեցող ցանկացած ժողովրդի դեպքում դա անխուսափելի է) մեր պատմական հայրենիքի տարածքում կամ տարածքի մի մասում եղել են պետական տարբեր կազմավորումներ՝ ինչպես հայկական, այնպես էլ օտար նվաճողների:
Փաշինյանը չի կարող այս հասարակ բաները չիմանալ: Հետևաբար, նա հատուկ նպատակ է հետապնդում, որպեսզի հայերիս ներկայացնի որպես «հայրենիք փնտրողների», այսինքն՝ անհայրենիք, իր հայրենիքի տեղը չիմացող, իր պատմական հայրենիքի մասին պատկերացում չունեցող ինչ-որ կենսաբանական օրգանիզմների, որոնք երևի միավորվել են միայն այն բանի համար, որպեսզի փաշինյանական իշխանությանը հարկեր ու տուգանքներ վճարեն:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում