Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտակցեք վերջապես՝ եթե եկեղեցականությունը կրում է ժողովրդի հոգևոր կյանքի ապահովման պատասխանատվությունը, ապա Դուք՝ որպես պետության ղեկավար, երաշխավորն եք պետականության անսասանության և ժողովրդի անվտանգության. բաց նամակ ՀՀ վարչապետին

Մայիս 31,2025 11:12

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Մեծարգո պարոն վարչապետ,

Ձեր վերջին հրապարակային ելույթներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների հասցեին հնչեցրած վիրավորական և թշնամական երանգներ պարունակող արտահայտությունները, ինչպես նաև բառապաշարը, խորապես մտահոգիչ են։ Չափազանց ցավալի է, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան, ով կոչված է լինել ժողովրդի քաղաքական առաջնորդը, իր խոսքով ոչ թե միավորում է հասարակությունը, այլ նոր բևեռացում է սերմանում՝ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք դարավոր ազգային և հոգևոր հաստատության նկատմամբ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի ինքնության, մշակույթի, լեզվի և հավատքի կերտողն ու կրողն է՝ դարերի ընթացքում լինելով մեր գոյության և դիմադրողականության անկյունաքարը թե՛ փորձության, և թե՛ խաղաղության ժամանակներում։ Եկեղեցու դեմ ուղղված Ձեր խոսքերը վնաս են հասցնում ոչ միայն հոգևոր կառույցին, այլև վիրավորում են մեր ժողովրդի պատմական հիշողությունը, արժեքային համակարգը և հավատքի խորը զգացումները։

Ձեր նման պահվածքը՝ լինի կանխամտածված, թե պահի ազդեցությամբ պայմանավորված, մերժելի է ոչ միայն բարոյական, այլև պետական պատասխանատվության տեսանկյունից։ Սա ապարդյուն փորձ է՝ իշխանական լծակների օգտագործմամբ՝ առանց այդ էլ խարխլված ազգային միասնությունը խաթարելու, անհանդուրժողականություն տարածելու և հոգևոր կյանքը քաղաքական շահարկման դաշտ ներգրավելու համար։
Պարոն վարչապետ, իշխանությունը ժամանակավոր է, սակայն պատմական պատասխանատվությունը՝ անխուսափելի։ Սրբազան արժեքների, Մայր Եկեղեցու և նրա սպասավորների դեմ ուղղված խոսքը՝ իր բոլոր հետևանքներով, գեներացվում է ժողովրդի կյանքում և պատճառ դառնում ազգակործան և ժողովրդի բարոյական նկարագիրը խաթարող դրսևորումների։

Կոչ ենք անում զերծ մնալ ապակառուցողական, պառակտիչ արտահայտություններից, առավել ևս՝ պետության ղեկավարին անհարիր բառապաշարի գործադրումից, և վերադառնալ պետական արժանապատիվ գիտակցության ու պատասխանատու բարձր հանգամանքի գիտակցմանը։ Դուք Ձեր անձով պետք է սերմանեք ոչ թե ատելություն, այլ խաղաղություն՝ նախ ներհասարակական կյանքում, ապա նոր մտածեք հարևան երկրի հետ խաղաղության մասին։

Գիտակցեք վերջապես՝ եթե եկեղեցականությունը կրում է ժողովրդի հոգևոր կյանքի ապահովման պատասխանատվությունը, ապա Դուք՝ որպես պետության ղեկավար, երաշխավորն եք պետականության անսասանության և ժողովրդի անվտանգության, առանց որի վտանգված է ազգի ներկան և ապագան։

Հայրենիքը չի կարելի զորացնել ազգային արժեքների դեմ արշավով։ Չի կարող լինել ամուր պետություն՝ առանց ժողովրդի հոգևոր հիմքի և սրբազան արժեքների հանդեպ հարգանքի և նվիրումի։

Սա ընդունեք ոչ թե իբրև եկեղեցի-պետություն ներկա հակասությունը ավելի խորացնելու խոսք, այլ՝ սթափվելու և ներկա կործանարար կացությունը օբյեկտիվ և ճիշտ գնահատելու կոչ։

ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031