Ժողովրդական արվեստների թանգարանում կայացավ «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքի վերահրատարակության շնորհանդեսը եւ ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի (1941-2020)` համանուն գրքի նկարազարդումների ցուցադրության բացումը։ Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը զարդարում էին դեռեւս 1988 թ. «Արեւիկ» հրատարակչության լույս ընծայած «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքի նկարազարդումների բնօրինակ էսքիզները, որոնց հեղինակը Վլադիմիր Աբրահամյանն է: Դրանք պահպանվել են, հրաշալի վիճակում են եւ ընտանիքի սեփականությունն են:
«Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Վլադիմիր Աբրահամյանը միայն նկարիչ է, բայց նա նաեւ շուրջ 250 գրքերի ձեւավորման հեղինակ է, իսկ «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գիրքն առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետեւ վարպետը մի քանի ամիս աշխատել է նախագծի վրա, կարդացել է բոլոր հեքիաթները ու նկարազարդումները կատարել այնպիսի վարպետությամբ, որ դրանք համապատասխանել են եւ հեքիաթի բովանդակությանը, տվյալ ժամանակաշրջանի ֆրանսիական ոճին: Կան էսքիզներ, որոնք մի քանի տարբերակներ ունեն: Մի ամբողջ սերունդ Ֆրանսիական հեքիաթների մասին պատկերացում է կազմել հենց Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդումներով»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Վլադիմիր Աբրահամյանի ընտանիքի անդամ եւ նախագծի հեղինակ Նարա Եփրեմյանը:
«Երբ նկարչի մահից հետո փորձում էինք իր արխիվը կարգավորել, մի հետաքրքիր թղթապանակ գտանք: Ես պատկերացում չունեի, որ «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ»-ը իրականում 35 էսքիզ ունի, այսինքն՝ գրքում միայն դրանց շատ փոքր մասն է տեղ գտել»,-հավելեց մեր զրուցակիցը: Նա հիշեցրեց, որ 1988 թվականին «Արեւիկ» հրատարակչությունը հայերեն տպագրել էր «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գիրքը 50.000 տպաքանակով՝Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդումներով, եւ դա եղել է այդ տարիներին տպագրված ամենահայտնի մանկական գրքերից մեկը, որն առկա է եղել գրեթե յուրաքանչյուր ընտանիքի գրադարանում:
Կարդացեք նաև
«Ցավոք 1988-ը Հայաստանի համար ծանր ու բախտորոշ ժամանակաշրջան էր, գրքի տպագրությունն էլ խենթերին հատուկ համարձակություն էր: Այդ բարդ ժամանակահատվածում տպագրված գիրքն ուներ տեխնիկական թերություններ, ժամանակի տպագրական հնարավորությունները թույլ չէին տվել վերարտադրել վարպետի հեքիաթային նկարազարդումների ամբողջ շքեղությունը»,-նշում է Նարա Եփրեմյանը ու հավելում, որ ներկայումս տեխնիկական հնարավորությունները թույլ են տվել վերադարձնել հեղինակի շքեղ գույները:
«Խորհրդանշորեն հենց «Արեւիկ» հրատարակչությունն էր ոգեւորված գրքի վերահրատարակման հարցով: Տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանի հետ քննարկում էինք,թե ինչպես գաղափարը կյանքի կոչենք: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց գտնել ֆինանսավորում, եւ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ կարողացանք վերահրատարակել գիրքը ու վերադարձնել նկարչի նկարազարդումների շքեղությունը: Վլադիմիր Աբրահամյանի թղթապանակում մենք նաեւ արխիվային թերթի մի կտոր էինք գտել, որը հավանաբար նկարիչն էր թերթից կտրել ու պահել: Դա արձագանքն էր գրքի հրատարակության վերաբերյալ:1990թ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթն էր փոքրիկ տեղեկություն հրապարակել, որ «Արեւիկ» հրատարակչությունը հրատարակել է «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գիրքը՝ Սամվել Գասպարյանի թարգմանությամբ եւ Վլադիմիր Աբրահամյանի շքեղ նկարազարդումներով: Այդ շքեղ բառը շատ պարտավորեցնող էր մեզ համար, դրա համար ցանկացանք վերջապես ընթերցողին վերադարձնել նկարչի շքեղ գույները: Մենք դա նախաձեռնեցինք եւ շատ ուրախ եմ, որ դա վերջապես հաջողվեց»:
Հավելենք, որ ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը տարբեր տարիների մասնակցել է մի շարք ցուցահանդեսների` Շվեդիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Չինաստանում եւ այլուր: Նրա ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում ու աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ