Օրերս ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, News.am-ի տաղավարում խոսելով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին, հայտարարել էր, որ դեռ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ իրենք պատրաստ են եղել խորհրդարանում իմպիչմենտ սկսել, եւ թեկնածու եղել է Վազգեն Մանուկյանը: Նրա պատմածով՝ այն ժամանակ իրենք բանակցել են դեռեւս պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
Սակայն Մարուքյանը ասել է. «Ինչի՞ պետք է ես Վազգեն Մանուկյանին քվեարկեմ, դուք այստեղ որեւէ պատգամավոր չունեք, ես 16-18 պատգամավոր ունեմ, ճիշտ է, որ թեկնածու ես լինեմ: Մենք էլ նույնիսկ ասացինք՝ խնդիր չի, դու եղիր թեկնածուն… Ինքը վստահեցնում էր, որ այն թեկնածուն է, որով հնարավոր է՝ ՔՊ-ն համաձայնի իմպիչմենտին: Մենք էլ ասել ենք ՝գնա, խոսիր, եթե կտեսնես, որ այն կողմից քեզ վստահում են, արի, քննարկենք…Ընդ որում, այդ բանակցությունները մի փուլով չի եղել, մի երկու-երեք փուլով է եղել: Շատ հետաքրքիր մանրամասնություններ կան այնտեղ, բայց արդյունքում չստացվեց»:
Aravot.am-ը Էդմոն Մարուքյանին խնդրեց արձագանքել Իշխան Սաղաթելյանի հարցազրույցի՝ իրեն վերաբերվող հատվածին: «Ինքը հիշեցնում է «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ եղած պրոցեսները: Ես ասեմ, որ կիսատ-պռատ է խոսում պարոն Սաղաթելյանը: Ի՞նչ է տեղի ունեցել: Արտախորհրդարանական ուժերը հավաքվում են, որտեղ կա Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը: Խորհրդարանից մասնակցում էր եւ կամ ամբողջական չէր մասնակցում «Բարգավաճ Հայաստանը»: Եվ գալիս ու ասում են՝ մենք որոշել ենք անցումային վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Այսինքն, առանց մեզ, առանց խորհրդարանական ուժի հավաքվել, որոշե՞լ եք: Հարցրե՞լ եք՝ մենք ունե՞նք վարչապետի թեկնածու, թե՞ չունենք: Ասում է՝ դե մենք որոշել ենք, ինքն է մեր թեկնածուն: Պետք է ընտրեք իրեն:
Հանդիպում ենք «Մարիոթ» հյուրանոցում: Ես եմ, Գեւորգ Գորգիսյանը, Վազգեն Մանուկյանը եւ Իշխան Սաղաթելյանը: Վազգեն Մանուկյանն այնպիսի տոնով է խոսում, ոնց-որ արդեն ընտրված վարչապետ, որեւէ խնդիր չունի, ամբողջությամբ խնդիրները լուծված են, ինքը արդեն ընտրված է: Քննարկում ենք: Եվ այստեղ Իշխան Սաղաթելյանը ճիշտ է ասում, որ մենք ասել եք՝ մենք խորհրդարանական ուժ ենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք մեր թեկնածուով եւ մենք ունենք թեկնածու: Չունենայինք թեկնածու, այլ բան: Եվ մենք ասում ենք. հայտարարեք, աջակցեք:
Կարդացեք նաև
Իրենք որեւէ կերպ չեն ուզում աջակցել մեր առաջարկած թեկնածուին եւ շարունակում են պնդել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որը ուներ զրոյական շանս: Եվ հետեւաբար, ոչ մի բան տեղի չի ունենում, ոչ մի բան չի ստացվում: Հետո արդեն լինում է Օնիկ Գասպարյանի նախաձեռնած Գլխավոր շտաբի ապստամբությունը, որից հետո իմ և նախագահ Արմեն Սարգսյանի ներգրավմամբ քննարկումներ են տեղի ունենում, բանակցություններ: Բանակցությունների արդյունքում մենք համաձայնում ենք մանդատները վայր դնել, ցրել ԱԺ-ն հանուն պետության կայունության և վարչապետը համաձայնում է հրաժարական տալ, արտահերթ ընտրություններ նշանակել, եւ մենք հասնում ենք արտահերթ ընտրությունների:
Այստեղ հատկանշականն այն է, որ Իշխան Սաղաթելյանը փորձում է խառնել իրավիճակները: Այդ ժամանակ խորհրդարանական կոնկրետ ուժը ուներ վարչապետի թեկնածու, ՔՊ-ում կային բանակցություններ, կար հնարավորություն այդ պրոցեսն առաջ տանելու: Բայց ինչպես միշտ, նորից էլի այսօրվա ընդդիմադիրները տապալել են իրենց մոտեցումներով:
Այսօր իրավիճակը տոտալ տարբեր է: Իշխան Սաղաթելյանի ներկայացրած ուժը՝ «Հայաստան» դաշինքը, հայտարարել է, որ եթե 8 ստորագրություն կլինի, իրենք իրենց 28-ը կտան: Եվ հայտարարել են, որ իրենք չունեն վարչապետի թեկնածու: Այսինքն, այս համեմատությունը Վազգեն Մանուկյանի ժամանակի հետ սխալ է, որովհետեւ խորհրդարանական ուժերն են հայտարարել, որ չունեն թեկնածու, խորհրդարանական մակարդակում առաջին անգամ եղել է վարչապետի իմպիչմենտի գործընթացի մեկնարկ եւ միաժամանակ վարչապետի թեկնածուի առաջադրում՝ ի դեմս իմ թեկնածության:
Բայց հետո շարունակում են իրենց մեդիայով, իրենց մամուլով հարձակումներ կատարել կոնկրետ իմ և իմպիչմենտը նախաձեռնող, վարչապետի թեկնածու առաջադրող պատգամավորների նկատմամբ: Հիմա եթե իրենք պատրաստ են ստորագրություններ տալ, դա քննարկում են, դա ուժի մեջ է, ինչո՞ւ են առաջադրված թեկնածուի վրա հարձակվում մեդիայում: Հետո, երբ պատասխանում ենք, ասում են՝ բա ինչի եք մեզ պատասխանում, ավել-պակաս բաներ եք ասում:
Այս քննարկումներն աբսուրդ են: Ես հավուր պատշաճի, հարգանքով դիմել եմ հանդիպելու համար: Իրենք այդ հանդիպումը չեն կազմակերպել, որովհետեւ ես վստահ եմ՝ այդ հանդիպման ժամանակ ոչինչ, որեւէ բան չէին կարող ինձ ասել իմ թեկնածության դեմ: Դրա համար էլ այդ հանդիպումը տեղի չի ունեցել:
Ամփոփելով՝ ուզում եմ արձանագրել. «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ իրենք չունեն թեկնածու եւ պատրաստ են իրենց վեց ստորագրությունները տալ առանց նախապայմանների: «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ իրենք ունեն 28 ստորագրություն, չունեն վարչապետի թեկնածու եւ պատրաստ են տալ իրենց ստորագրությունները, եթե կլինեն 8 ստորագրություններ: Հիմա ընդդիմությունից փախած, դեպի Փաշինյանը գնացած երկու մանդատները ՔՊ-ից հեռացված մանդատներով հետ են վերադարձվել իմ թեկնածության առաջադրմամբ: Իշխան Սաղաթելյանը, որ հիմա պնդում է 8 ստորագրությունը լինի, որ իրենց 28-ը կտան, կարող են իրենց 28-ը հիմա տալ, եւ տեսնենք՝ «Պատիվ ունեմ»-ը ի՞նչ հիմնավորմամբ իր վեց ստորագրությունները չի տալիս: Չկա այդտեղ հիմնավորում, մարդիկ հայտարարում են, որ չունեն թեկնածու, նախաձեռնություն, բայց ով նախաձեռնի, առանց նախապայմանի կմիանանք: Հետո պատգամավորներ են նախաձեռնում եւ ոչ-ոք չի միանում:
Իմ հորդորն է Իշխան Սաղաթելյանին, որ իրենց մեդիաների հարձակումները դադարեցնեն, որովհետեւ միայն այդ պարագայում ես չեմ արձագանքի: Եվ նստել կոնստրուկտիվ քննարկման՝ իրենց հայտարարած 28 ստորագրությունները ձեւաթղթի տակ տեղադրելու հարցով: Ես պատրաստ եմ այդ հանդիպմանը եւ սպասում եմ: Գնդակը «Հայաստան» դաշինքի եւ Իշխան Սաղաթելյանի դաշտում է: Պետք չի հարցազրույցներով ինձ հետ խոսել: Հանդիպման նախաձեռնություն եմ իրականացրել հրապարակային, որը տեղի չի ունեցել: Այսինքն, ասելիք ունեք՝ չեք կարողանում երեսիս ասել, հարցազրույցներով եք ուզում հետս խոսել: Սպասում եմ ֆրակցիայի հետ հանդիպման: Այսքանը»,-հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հենց կարգին պաշտոնի շանս է լինում, էդմոնը եռուզեռի մեջ է մտնում։ Հետաքրքիր է, թե նա ՔՊ-ի պատգամավորներից ո՞նց է ձայներ ստանալու։ Եթե ՔՊ-ի չուլաններում որոշեն, որ իրենց որոշ պատգամավորներ Էդմոնի օգտին են քվեարկելու, ապա պարզ կդառնա, որ իշխանության հանձնումը Էդմոնին՝ դա նիկոլի նոր պրոյեկտն է լինելու, կամ էլ նիկոլի բլեֆը՝ քաղաքական նոր աշխուժություն ստեղծելու, հետո էլ այն տապալելու, որովհետև ՔՊ-ի պատգամավորներն այդքան «դուխ» չունեն, որ ինքնուրույն նիկոլին դեմ քվեարկեն։
Իսկական, կատարեալ քաղաքական էակ մըն է:
Բարոյազուրկ, անզգամ, անսկզբունք, բացարձակապէս գարշելի ու զզուելի: Սակայն շատ կարող, վարպետ, ազդու եւ ատակ՝ քաղաքական դաշտում:
Փաշինյան մը որպէս գերագոյն փրկիչ դիմաւորելէ ու զայն երկու անգամ ընտրելէ ետք, հայաստանցիները ինչո՞ւ չընտրեն՝ այս արարածը:
Մ. Հայդուկ Շամլեան