Հունիսի 1-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպս. Բարսեղյանի և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի ձեռամբ և աղոթակցությամբ թեմի քահանայից դասի կատարվեց Մարտունու տարածաշրջանի Մադինա համայնքի Սբ. Ամենափրկիչ նորակառույց եկեղեցու օծման կարգը: Սրբազան արարողության ավարտին ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` բարերար Տիար Մհեր Բաղդասարյանին հղված «Օրհնության գիր»-ը:
Օծման կարգին ներկա էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Տիար Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Տիար Գնել Սանոսյանը, ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Տիար Հովիկ Հովեյանը, մարզային և համայնքային ուժային կառույցների ներկայացուցիչներ և տարբեր համայնքներից ժամանած ուխտավոր հայորդիք:
Օծման կարգից հետո Սրբազան Հայրն իր գնահատանքի խոսքը բերեց նորակառույց եկեղեցու բարերար Տիար Մհեր Բաղդասարյանին, ճարտարապետ Տիար Ռաֆիկ Հերգնյանին, շինարարներին, եկեղեցու կառուցման գործում ներդրում ունեցած բոլոր հայորդիներին և իր հայրական օրհնությունը փոխանցեց Մադինա համայնքի բնակիչներին` մաղթելով զորանալ Տիրոջ օրհնաբեր շնորհներով և ամուր հավատի ու միասնականության շնորհիվ շեն պահել, ինչպես նաև` իրենց մշտական ներկայությամբ շունչ և ոգի հաղորդել Սբ. Ամենափրկիչ հրաշակերտ եկեղեցուն:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄ