Հունիսի 6-ից 12-ը Երևանը կդառնա դասական երաժշտության կենտրոն։ Այս օրերին Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի շրջանակում մայրաքաղաքում կհամախմբվեն աշխարհի 12 երկրի 18 դիրիժորներ, որոնք, ներկայանալով հեղինակավոր ժյուրիի առջև, կպայքարեն հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող մրցույթի հաղթողը դառնալու համար։ Ուշագրավ է, որ անցած տարիներին Խաչատրյանի մրցույթի հաղթողներն այսօր դասական երաժշտության հնչեղ անուններ են, որոնք զարդարում են համաշխարհային լավագույն բեմերը։
Անցած երկու տասնամյակների ընթացքում խաչատրյանական ստուգատեսը խստորեն հետևել է իր առաքելությանը՝ բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև աշխարհում հանրահռչակել Խաչատրյանի արվեստը։ Եվ այս կարևոր գործում մրցույթի կազմակերպչի՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողքին են բազմաթիվ աջակիցներ։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշտական աջակցությամբ։
Այս տարի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia ընկերությունը։
«Արամ Խաչատրյանը պարզապես համաշխարհային երաժշտության մեծություն չէ։ Նա խորհրդանիշ է հայկական մշակույթի խորության, ստեղծագործական փայլի և մշտապես հնչող ազգային ձայնի։ Նրա ժառանգությունը պատկանում է ամբողջ աշխարհին, սակայն հայ ժողովրդի համար այն ունի յուրահատուկ պատմական և հուզական արժեք»,- ասում է Freedom Broker Armenia-ի գլխավոր գործադիր տնօրեն Օվակ Օվակիմյանը։ Նա նաև ընդգծում է, որ Freedom Broker Armenia-ում համարում են ռազմավարական առաջնահերթություն և մեծ պատիվ՝ կանգնել «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողքին. «Սա պարզապես հովանավորություն չէ, այլ երկարաժամկետ, իմաստալից գործընկերություն, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա։ Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի ապագան հնարավոր չէ կառուցել միայն տնտեսական հիմքերի վրա։ Այն պետք է ձևավորվի նաև մշակույթի, կրթության և ազգային ինքնության հստակ գիտակցմամբ։ Իրական առաջընթացը կայանում է այն ժամանակ, երբ ֆինանսական աճն ու մշակութային ներդրումները համընթաց են շարժվում»։
Կարդացեք նաև
Պարոն Օվակիմյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթին և փառատոնին աջակցությունը իրենց կողմից նպատակային ընտրություն է՝ որպես ներդրում Հայաստանի ամբողջական զարգացման մեջ։
«Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ենք հայտնում մրցույթի գեղարվեստական ղեկավար մաեստրո Սերգեյ Սմբատյանին՝ մեր նկատմամբ ցուցաբերած վստահության համար։ Նրա տեսլականն ու առաջնորդությունը մեզ համար խորը ոգեշնչման աղբյուր են։ Մենք մեր համագործակցությունն ընկալում ենք որպես մեր լայն առաքելության մարմնացում՝ աջակցել Հայաստանի համակողմանի զարգացմանը՝ տնտեսապես, մտավոր և հոգևոր ասպարեզներում։ Այս գործընկերությունը մեր նվիրվածությունն է ոչ միայն կապիտալի շուկաներին և ֆինանսական նորարարություններին, այլև Հայաստանի այն մեծ պատմությանը, որտեղ երաժշտությունը, իմաստն ու ազգային նպատակը քայլում են միասին»,- նշում է Օվակ Օվակիմյանը։
Մրցույթի գեղարվեստական ղեկավար, մաեստրո Սերգեյ Սմբատյանը մեծապես կարևորում է աջակցությունը դասական երաժշտությանն ու մասնավորապես, Խաչատրյանի անվան մրցույթին։ Նա նշում է, որ Freedom Broker Armenia-ի շնորհիվ խաչատրյանական մրցույթը կարող է ավելի մեծ նպատակներ դնել իր առջև ու ավելի մեծ հարթակ դառնալ երիտասարդ տաղանդների համար։ «Այս նպատակին հասնելու համար Freedom Broker Armenia-ի և «Արամ Խաչատրյան» հիմնադրամի ջանքերի միաձուլումը շատ ոգևորում է և՛ կազմակերպիչներին, և՛ հիմնադրամին, և՛ ինձ։ Այս գործակցության շնորհիվ հնարավոր է ավելի մեծ երազել, Հայաստանում ունենալ ոչ միայն միջազգային չափանիշներին համապատասխան, այլև միջազգային տրենդ ստեղծող մրցույթ։ Գեղարվեստական արժեքի կողքին պետք է լինեն մարդիկ, թիմեր, որոնք կհավատան գաղափարին ու միասին բացահայտեն նոր տաղանդներ»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։
Խաչատրյանի անվան մրցույթն իր ուրույն տեղն ունի միջազգային մրցույթների մեծ ընտանիքում։ Այն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC) և անցկացվում է ֆեդերացիայի կանոններով։