«Նզովք դավաճաններին, ամոթ լռողներին»,- այսպիսի ուղերձով՝ այսօր մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց խունկ վառեցին՝ պնդելով, որ կառավարությունը պետք է մաքրել շենքը զավթածներից:
«Սկսում ենք խունկով»,-լրագրողների հետ զրույցում ասաց անվանի պատմաբան, բանասեր Հակոբ Մանանդյանի ծոռնուհին՝ Էլեոնորա Մանանդյանը:
Նա ասաց, որ իրենց այսօր խիղճն է դուրս հանել, զարմանում է՝ ինչպես կարելի է հանդուրժել եկեղեցու դեմ ուղղված արշավը, որը սկսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ.
Կարդացեք նաև
«Ես հասկանում եմ՝ բոլոր մարդիկ հիմա դժգոհ են, բոլորի մեջ հասունանում է պայքարը, բայց ոչ մեկը, չգիտես՝ ինչու, չի համարձակվում դուրս գալ փողոց: Խիղճը մեզ չի թողնում մնալ տանը, խիղճը չի թողնում մեզ որեւէ այլ բանով զբաղվել հիմա: Զարմանում եմ բոլոր նրանց վրա, որոնք շարունակում են մնալ տանը: Որովհետեւ 5 տարի շարունակ Նիկոլը դավաճանում է Հայաստանի հանրապետությանը, Նիկոլը ոտնահարում է ազգային բոլոր արժեքները, տապալում է ամբողջ պետությունը, կազմաքանդում է պետական համակարգը: Տեսնում ենք՝ պետությունը գրեթե չի աշխատում: Ենթակա ենք այսօր լրջագույն սպառնալիքի՝ ընդհանրապես ոչնչանալու: Ու այսքանից հետո Նիկոլը հանկարծ հանդես է գալիս երեւի ամենածանր նախաձեռնությամբ՝ հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավով: Կարմիր գիծը վերջնական հատել է Նիկոլը: Եթե մնացած ամեն ինչի համար հորինում էր տարբեր բացատրություններ, այս անգամ ոչ մի բացատրություն չի կարող ներկայացնել:
Դիմում եմ բոլոր մարդկանց, որոնք երբեւէ մոմեր են վառում ու աղոթում առ Աստված: Որտե՞ղ եք դուք այժմ, երբ ձեր հավատը ոտնահարված է: Որտե՞ղ եք դուք, երբ Նիկոլը համարձակվել է պղծել Հայ Առաքելական եկեղեցին: Ինքը պղծել է մեր սրբություններից մեկը՝ մեր հարազատ սուրբ հողերը՝ Արցախը, հանձնել է Արցախը թշնամուն: Դա, չգիտես ինչու, մարսեցինք: Շարունակաբար, մարսում ենք, որ օտարերկրյա պետությունների՝ այդ թվում թշնամական պետությունների ներկայացուցիչները գալիս, լցվում են Հայաստան: Եթե հանդուրժենք այս քայլերը, այլեւս իմաստ չի ունենա մեր համարումը, որ հայ ենք»:
Հարցին՝ ինչու է Փաշինյանը արշավ սկսել եկեղեցու դեմ, տիկին Մանանդյանը պատասխանեց, որ Փաշինյանի համար Սահմանադրությունը կամ որեւէ օրենք արժեք չէ, իսկ այս պահին ընկալում է, որ միակ բանը, որ շարունակում է պահել Հայաստանը՝ Հայ Առաքելական եկեղեցին է:
Նա նաեւ հավելեց, որ իրենց պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չէ. « Լկտիության բոլոր սահմանները հատել են: Նախ եւ առաջ պահանջում եմ դատել Նիկոլին անմիջապես: Պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել նրա կենակցին բոլոր օրենքները ոտնահարելու համար: Ես հասկանում եմ՝ նրանք կրթություն չունեն, այդ խորդանոցներում իրենք են մեծացել ու որեւէ կրթություն չեն ստացել: Դրա համար երբեմն փորձում են ասել՝ կրթությունը նորաձեւ է, որ իրենց ներշնչեն, որ ուզում են կրթություն ստանալ: Այնուամենայնիվ, իրենց անհապաղ պետք է դատել»:
Վերջում տիկին Մանանդյանը հավելեց, որ իր համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ծառայում է սատանային. «Եթե հինգ տարի շարունակ մեր կարգախոսներն էր՝ Նիկոլ դավաճան, այսօրվանից մեր կարգախոսն է՝ Նիկոլ, նեռապաշտ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ