«Ակունք». Մինչ ՀՀ իշխանությունները ճամարտակում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ զարգացնելու և խաղաղության գործընթաց սկսելու մասին, Թուրքիայի պետական գործիչները շարունակում են հերոսացնել թուրք հայատյաց և հայասպան գործիչներին և անմահացնել նրանց հիշատակը։ Օրերս Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտնել է, որ Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Թալեաթ փաշայի անվան բուլվարում տեղադրվել է Թալեաթին նվիրված մի հուշակոթող։
Այդ մասին, www.akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ Անկարայի քաղաքապետը նաև մասնակցել է հենց քաղաքապետարանի ժողովասրահում կազմակերպված կոլոքվիումին, որը նվիրված էր հայ արդարահատույց մարտիկների կողմից սպանված թուրք դիվանագետների հիշատակին մի հուշարձան կառուցելու թեմայի քննարկմանը։ Վերջինիս մասնակցել են նաև սպանված թուրք դիվանագետների ընտանիքի անդամները և նախկին արտակարգ և լիազոր դեսպաններ։
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը քննարկման շրջանակներում հայտարարել է, որ Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Թալեաթ փաշայի անվան բուլվարում Անկարայի քաղաքային իշխանությունների կողմից կանգնեցվել է Թալեաթին նվիրված մի հուշակոթող։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան պետության ներքին գործերի նախարարի և մեծ վեզիրի աթոռները զբաղեցրած Թալեաթ փաշան անձամբ է համակարգել հայերի տեղահանության և կոտորածների ամբողջ գործընթացը։ Նա սպանվել է «Նեմեսիս» գործողության շրջանակներում, 1921 թ․ մարտի 15-ին, Բեռլինում, հայ արդարահատույց մարտիկ Սողոմոն Թեհլիրյանի կողմից։
Մելինե Անումյան