Ֆուտբոլային եւ ոչ միայն ֆուտբոլային հանրությունը զայրույթից եւ ամոթից փոթորկվել էր: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երեք օրվա ընթացքում հասցրեց Վրաստանի ազգային թիմից պարտվել 3:0 եւ 6:1 հաշիվներով:
Ամո՞թ է: Այո: Վա՞տ է: Շատ վատ է, անգամ խայտառակություն է: Այսուհանդերձ, եթե չենք ցանկանում ապագայում հանդիպել այսպիսի խայտառակ իրավիճակների, մենք պետք է սիրենք ֆուտբոլը մեր մեջ, եւ ոչ թե մեզ՝ ֆուտբոլում:
Մոտ երկու օր աղմկեցին, աղաղակեցին, իսկ հետո ժամանակակից աշխարհի տրամաբանությանը հավատարիմ՝ մոռացան ինչպես ֆուտբոլի, այնպես էլ այս պարտության մասին, թեթեւությամբ անցում կատարելով այլ մեկուկեսօրվա թեմաների քննարկմանը:
Ամեն դեպքում առջեւում արդեն հունիսյան ընկերական հանդիպումներն են Կոսովոյի եւ Չեռնոգորիայի հավաքականների հետ:
Կարդացեք նաև
Այժմ, մինչ այս հանդիպումները, փորձենք հեռու մնալ ժամանակակից աշխարհի ամենածանր ախտերից մեկից՝ մոռացկոտությունից եւ փորձենք հասկանալ, թե ինչու պարտվեցինք վրացիներից, այն էլ նման հաշիվներով, եւ որ ամենակարեւորն է՝ փորձենք պարզել, թե ինչ է կատարվել եւ կատարվում հայկական ֆուտբոլում:
Տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր ֆուտբոլասերներ իրոք ցանկանում են, որ հայկական ֆուտբոլը դուրս գա այս վիճակից, բայց կան նաեւ նրանք, ովքեր ֆուտբոլը, ավելի ճիշտ ֆուտբոլային անհաջողությունները փորձում են ծառայեցնել իրենց նեղ անձնական եւ կլանային շահերին, իհարկե, փորձելով ապահովել ներկա վիճակի առավել հուզականությունը:
Նրանք, ովքեր ամեն ինչ ներկայացնում են վարդագույն ակնոցներով, եւ նրանք, ովքեր առանձնահատուկ ցինիզմով փորձում են մեզ համոզել, թե ֆեդերացիայի նախկին ղեկավարությունների ժամանակ մի ծափ ու ծիծաղ վիճակ էր մեր ֆուտբոլում, հավասարապես հարվածում են մեր ֆուտբոլին:
Առավել ծանր հարված են հասցնում նրանք, ովքեր հույսը դնելով մարդկանց կարճ հիշողության վրա՝ գրում կամ ասում են՝ մի՞թե այսինչ նախագահի ժամանակ այսպես էր, եւ որ այսինչ նախագահի ժամանակ միայն արժանապատիվ հաղթանակներ են եղել:
Այսպես, այս մտածողությամբ ֆուտբոլում եւ մյուս բոլոր ոլորտներում շարունակելու ենք տապալվել:
Ես, որպես աշխարհի միակ պատգամավորը, որն արժանացել է ազգային ֆուտբոլի ֆեդերացիայի դատապարտող հայտարարությանը, ինչպես նաեւ որպես «Կարմիր արծիվներ» ֆան ակումբի անդամ Աբգար Նազարյանի հայր, պարտավորված եմ գոռալ, կոչ անել կանգ առնել եւ ֆուտբոլը սիրել խորությամբ եւ փորձել համատեղ ջանքերով դուրս գալ այս վիճակից:
Իսկ այս վիճակից դուրս գալու համար նախ եւ առաջ պետք է անկեղծ ու ազնիվ լինել, առանց վախերի նայել ճշմարտությանը, եւ ամենակարեւորը, չփորձել օգտվել այս իրավիճակից անձնական եւ նեղ թիմային խնդիրներ լուծելու համար:
2005 թվականի հունիսն էր: Մեր ազգային թիմի խաղը մակեդոնացիների դեմ դիտելու համար գնացի մարզադաշտ, ուսերիս ավագ որդիս՝ երեք տարեկան Արմենակը: Իմ ընկերը, որը բազմավաստակ լուսանկարիչ է, մարզադաշտում ինձ ասաց՝ երեխուն ինչո՞ւ ես բերել, միեւնույնն է պարտվելու են: Ես ոչինչ չասացի, բայց հասկացա, որ մեր հանրության գերակշիռ մասը սիրում է ոչ թե խնդիրը լուծել, այլ խնդրից թաքնվել: Եվ եթե մենք ոչ թե խնդրից ճողոպրեինք, այլ լուծեինք, ապա այսօր այլ վիճակ կլիներ եւ ոչ միայն ֆուտբոլում:
Մենք եթե չփախչեինք խնդիրներից, ապա դեռ այն ժամանակ, 2000-ականների կեսերից կհասկանայինք, որ խնդիր կա, որ խնդիրներ կան, եւ դրանցից ամենալուրջն այն է, որ ֆուտբոլային դպրոցներ հաճախող երեխաների թիվը կտրուկ նվազել է: Իսկ առանց ֆուտբոլով զբաղվող երեխա հնարավոր չէ ֆուտբոլ զարգացնել:
Վերադառնանք փաստերին: Խոսենք փաստերի լեզվով, որ հեռու մնանք շահարկումներից եւ հեքիաթային պատմություններից:
1992 թվականից սկսած ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մինչեւ վրացիների հետ երկու հանդիպումներն անցկացրել էր 259 ընկերական եւ պաշտոնական հանդիպում եւ հաղթել չորս խաղից ընդամենը մեկում, պարտվել խաղերի 54 տոկոսում: Այլ կերպ ասած հանդիպումներից կեսից շատը պարտվել ենք:
Հիմա Ռուբեն Հայրապետյանի ֆանատների եւ սիրահարների համար: Ռուբեն Հայրապետյանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց եւ մինչեւ հրաժարականը հավաքականն անցկացրել է 129 խաղ: Հաղթել է ընդամենը 36 խաղում, բայց պարտվել 73-ում: Սա է իրականությունը: Եվ միաժամանակ իրականությունն այն է, որ այդ ընթացքում եղել է մի ամբողջ տարի, որ հավաքականը չի հաղթել: Երեւանում պարտվել ենք ղազախներին, անգամ խոշոր հաշվով Մոլդովային, պարտվել ենք Մալթային: Կրել ենք 6:1 հաշվով երկու պարտություն: Մեկ անգամ էլ 5:0: Փա՞ստ է: Փաստ է:
Փաստ է նաեւ, որ եղել են սկանդալներ, մեղմ ասած, վատ վերաբերմունք ֆուտբոլիստների նկատմամբ: Բայց նաեւ եղել են հաղթանակներ Դանիայի եւ Սլովակիայի նման հավաքականների դեմ, այն էլ հյուրընկալվելիս: Եղել է հաջողություն պատանեկան ֆուտբոլում, երբ մինչեւ 17 տարեկանների հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:
Այժմ նրանց համար, ովքեր հայտարարում են, գրառումներ անում, թե բա Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մեր հավաքականը հաղթողի ոգի ուներ, եւ այլն եւ այլն: 2008-2017 թվականներին հավաքականը անցկացրել է 83 խաղ եւ հաղթել ընդամենը 25 անգամ: Այլ կերպ ասած, հաղթել է տասը խաղից միայն երեքում: Մեղավո՞ր է այս արդյունքի համար Սերժ Սարգսյանը: Իհարկե, մեղավոր չէ: Եվ եթե հավաքականը 83 խաղից հաղթեր 83-ում, ապա սա ոչ թե նրա ձեռք բերումը կլիներ, այլ ֆեդերացիայի եւ հավաքականի պատասխանատուների: Այնպես որ, այլեւս երբեք մի փորձեք ֆուտբոլի ազգային հավաքականի օգնությամբ վատաբանել կամ գովաբանել երկրի անցյալ եւ ներկա ղեկավարներին:
Շարունակենք վիճակագրությունը: 2018-ից սկսած հավաքականն անցկացրել է 68 խաղ եւ հաղթել 19 անգամ: Եվ կրկին, միջին հաշվով հաղթանակ տասը խաղից երեքում:
Այնպես որ, եթե ձեր մտահոգությունը ֆուտբոլն է, ապա եկեք խոսենք ֆուտբոլային խնդիրներից:
Բոլոր ժամանակներում, եզակի կարճ ընդմիջումով (2010-2013), մեր հավաքականը չի փայլել: Փակագծում նշված ժամանակահատվածում եւս չի փայլել, պարզապես եղել են հրաշալի մի քանի խաղեր:
Եվ մինչեւ մենք ֆուտբոլը սիրելով չբանավիճենք, այլ հետապնդենք պարզապես նյութական ակնկալիքներ, գնալով ավելի ու ավելի վատ է լինելու: Չգիտես ինչու կենտրոնացել ենք 6:1 եւ 3:0 հաշվով պարտության վրա եւ մոռացել բոլորովին վերջերս 9:1 եւ 9:0 հաշվով կրած պարտությունները:
Իսկ երբ ենք խոստովանելու, որ մեր հավաքականում եզակի բացառություններով Հայաստանում ֆուտբոլ խաղալ սովորած ֆուտբոլիստներ չունենք: Երբ ենք հարցնելու, թե ինչու չունենք եւ ինչ է կատարվում մանկապատանեկան ֆուտբոլում:
Մենք մեր երեխային ենք ֆուտբոլում սիրում, եւ ոչ թե ֆուտբոլն ենք սիրում: Ավելի ճիշտ երեխային էլ չենք սիրում, այլ ֆուտբոլի միջոցով բանակից ազատվող երեւույթն ենք սիրում: Եվ այս հիվանդագին սիրո պատճառով հայկական ֆուտբոլը կորցնում է տաղանդավոր, բայց ոչ հարուստ հայրիկներ ու քեռիներ ունեցող տղաներին: Մինչեւ այս փաստը չընդունենք, բոլոր խոսակցություններն ավելորդ են:
Դուք տեսե՞լ եք ինչ լեզվով են մարզիչները խոսում ֆուտբոլով զբաղվող երեխաների հետ կամ ինչ կոպիտ վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ: Ես հետեւել եմ պարապմունքներին: Իրեն հարգող տղան մի քանի մարզումից հետո այլեւս ֆուտբոլով չի զբաղվի: Հաճելի չէ անդադար նման բառապաշար լսել, վիրավորանքներ լսել:
Եվ այս ամենից հետո ասում ենք՝ իսկ ո՞ւր են հայ տաղանդավոր տղաները: Գործի բերումով 2006-2008 թվականներին հաճախ եմ եղել Վրաստանի տարբեր քաղաքներում եւ տեսել երեխաների համար կառուցված բակային ֆուտբոլի դաշտերը: Մեզ մոտ այդ դաշտերը չկային: Իսկ այնտեղ ոչ միայն կային, այլ նաեւ անդադար խաղացող երեխաներ կային:
Մենք սիրեցինք գարաժները: Մենք մեր երեխաներից զավթեցինք բոլոր տարածքներն ու գարաժներ ու մոյկաներ կառուցեցինք: Այս ենք մենք: Հաղթանակը հաղթանակ-հաղթանակ ասելով չի գալիս: Հաղթանակը չարչարանքով է գալիս:
Իհարկե, մենք պետք է օգտագործենք նաեւ սփյուռքի ներուժը, հավաքական հրավիրենք տաղանդավոր հայ տղաներին, բայց կորիզը պետք է լինի հայաստանյան:
Հիացա՞ծ եմ Մելիքբեկյանի գործունեությամբ: Ոչ: բայց ուզում եմ ազնիվ լինել: Ի՞նչ կապ ունի Մելիքբեկյանը ազգային հավաքականների անհաջողությունների հետ: Եթե նա է կազմը ընտրում՝ ունի, բայց վստահ եմ, որ կազմը նա չի ընտրում: Անհեթեթությունն այն է, որ ակումբները, որոնք իրենք պետք է ֆուտբոլիստներ աճեցնեն եւ մատակարարեն հավաքականին, տարբեր տարիքային հավաքականներին, ձախողման համար ֆեդերացիայի ղեկավարներին են մեղադրում:
Մելիքբեկյանը, իհարկե, եւ ժամանակին ֆեդերացիայի այլ նախագահները, մեղքի իրենց բաժինն ունեն, բայց խնդիրներն այլ տեղում են:
Դուք հետեւո՞ւմ եք կամ հետեւել եք երիտասարդական եւ պատանեկան հավաքականների հանդիպումներին: Եթե հետեւեիք, ապա չէիք կենտրոնանա Հայաստան-Վրաստան հանդիպման վրա:
Վերցրեք Հայաստանի մինչեւ 21, 19, 17 տարեկանների բոլոր ժամանակների վիճակագրությունը: Նայեք ուշադիր ու կհասկանաք մեր խնդիրների հիմքերի հիմքը: Ազգային հավաքականի վիճակագրությունը պարզապես երջանիկ թվերի շարք է ի համեմատ երիտասարդական ու պատանեկան հավաքականների:
Շաբաթներ առաջ Երեւանում Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը պարտվեց Ուզբեկստանին՝ 2:1: Միակ գոլը խփեց Մայնցում խաղացող հայ տղան: Մի՞թե սա եւս մեկ ազդակ չէ, որ գնանք ու հասկանանք, թե ինչ է կատարվում հայաստանյան ֆուտբոլային դպրոցներում:
Հիմա ասում են, թե շատ մոտ ենք բավական մրցունակ մինչեւ 21 տարեկանների հավաքական ունենալուն: Սպասում ենք:
2000-ականների կեսերից վրացական պետությունը սկսեց ֆինանսավորել ակումբներին: Ֆինանսավորեց ոչ թե ձեւական, այլ իրական: Պտուղներն արդեն քաղում են: Վրաստանի հավաքականը մտավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, վրաց ֆուտբոլիստները խաղում են եվրոպական թոփ եւ միջին որակի առաջնություններում:
Լավ է ուշ, քան երբեք: Եկեք լուծենք ակումբների ֆինանսավորման խնդիրը եւ հետեւենք, որ գումարներն ըստ նպատակի ծառայեն, եւ ոչ թե այլ տեղերում հայտնվեն: Հավատացնում եմ, ամենամոտ ապագայում որակական փոփոխություններ կտեսնեք:
Ակումբները մի փոքր ավելի գումար պետք է ծախսեն, նույնը եւ ֆեդերացիան, որ մանկապատանեկան թիմերի համար որակյալ մարզիչներ հրավիրեն, զուգահեռ եվրոպական մարզչական լավագույն դպրոցներում կրթվելու ուղարկեն տաղանդավոր երիտասարդների: Վստահեցնում եմ, արդյունքը սպասեցնել չի տա:
Սրանք մի քանի առաջարկներ են, կլինեն այլ առաջարկներ այլոց կողմից: Ամենակարեւորը ցանկությունն է:
Առանց արմատական բարեփոխումների մենք ֆուտբոլում հաջողության չենք հասնի: Եվ եթե այսօր ֆեդերացիայի ղեկավարներին քննադատում ենք, պահանջում ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, բացառապես ֆեդերացիան ղեկավարելու տենչանքը բավարարելու համար, ապա գործ ունենք ամենավատ երեւույթներից մեկին:
Անպայման քննադատեք, պարտադիր քննադատեք, բայց հանդես եկեք կոնկրետ առաջարկներով եւ ծրագրերով: Նշեք, թե կոնկրետ ինչից եք դժգոհ եւ ինչ առաջարկներ ունեք: Հակառակ դեպքում կստացվի հերթական շատ տխուր պատմությունը:
Եվ համոզված եմ, որ պետք է պետական մակարդակով ընդունվի ֆուտբոլի զարգացման ռազմավարական ծրագիր:
Եկեք մշակենք մանկապատենական ֆուտբոլի զարգացման տասնամյա ծրագիր: Ընդ որում, այս ծրագիրն իրականություն դարձնելու համար պետք է եռաֆինանսավորում: Ծրագրի ֆինանսավորողները պետք է լինեն ֆուտբոլի ֆեդերացիան, ԿԳՄՍ նախարարությունը եւ համայնքները: Միաժամանակ պետք է ստեղծվի ֆուտբոլային կրթության ազգային կենտրոն, որը կհետեւի մարզիչների որակավորման գործընթացին եւ հանրակրթական դպրոցներում ֆուտբոլի զարգացմանը:
Անչափ կարեւոր է ֆուտբոլը վերադարձնել հանրակրթական դպրոց: Յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա իր ֆուտբոլի դաշտը, գոնե մինի ֆուտբոլի դաշտը: Պետք է խրախուսվի դպրոցներում ֆուտբոլային խմբակների ստեղծումը: Եվ իհարկե, եկեք վերականգնենք, բայց ոչ ձեւական, Կաշվե գնդակ մրցաշարը, որին կմասնակցեն դպրոցները, որը կանցկացվի Ֆուտբոլային ազգային կրթության կենտրոնի հովանու ներքո:
Առաջարկում եմ նաեւ պետության եւ ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով սահմանամերձ եւ փոքր գյուղերում կառուցել մինի ֆուտբոլի դաշտեր, երեխաներին ապահովել գնդակներով եւ համազգեստով:
Պետք է պատրաստել մարզիչներ, որոնք կունենան համապատասխան որակավորում եւ կարող են աշխատել գյուղական դպրոցների սովորողների հետ: Միաժամանակ անհրաժեշտ է կայուն համագործակցություն հաստատել իտալական, նիդերլանդական, իսպանական, ֆրանսիական, գերմանական ակադեմիաների հետ, առաջադեմ կրթական մոդելներ ստանալու եւ կիրառելու համար: Ամեն ինչ պետք է անել տարեկան գոնե 30 երիտասարդի ուղարկել մարզչական վերապատրաստման արտերկրի բարձրակարգ հաստատություններում:
Առայժմ այսքանը:
Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ
ԱԺ պատգամավոր
Լուսանկարը՝ Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից