Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները միշտ եկել-գնացել են, իսկ եկեղեցին 1700 տարի է՝ կա. Վարդան Խաչատրյան

Հունիս 02,2025 15:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պետությունը երբեւէ չի կարող խառնվել եկեղեցու գործերին, ինչպես եւ ամբողջ աշխարհում է դա, բայց հասարակական ճնշումը կարող է ինչ-որ դերակատարություն ունենալ, եթե հնարավոր լինի կազմակերպել այն մակարդակի, որն արվում է տարբեր երկրներում: Օրինակ` ժամանակին Հռոմի պապի՝ Բենեդիկտ 16-րդ հրաժարականը շատ բանով հասարակական ճնշման հետեւանք էր: Բայց հնարավոր չէ պատկերացնել, որ մեզանում համանման գլոբալ ճնշման հնարավորություն կլինի:

Եկեղեցին միշտ եղել է եւ մնում է անկախ՝ որպես այդպիսին, ինքը պարբերաբար ունենում է որոշակի հակասություններ իշխանությունների հետ, այս կամ այն չափով այդ իշխանությունները կարողանում են կաշկանդել եկեղեցու գործունեությունը երկրի ներսում, բայց 1700-ամյա պատմության ընթացքում եկեղեցին շարունակել է իր գոյությունը, միշտ եղել է ուժեղ, ամենակազմակերպված հատվածը հայ ժողովրդի:

Այդ տեսակետից երբեւէ չի եղել, որ աշխարհիկ իշխանությունները կարողանան որեւէ կերպ եկեղեցուն իրենց կամքով եւ ցանկությամբ հեշտ ճնշել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կրոնագետ, փիլիսոփա, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով իշխանությունների կողմից եկեղեցին թիրախավորելը եւ Փաշինյանի հայհոյախառն արտահայտությունները, թե կուսակրոնության ուխտը խախտած հոգեւորականներին շուտով պատժելու են, կարգալույծ են հռչակելու:

vardan khachatryan

Վարդան Խաչատրյան

Մեր դիտարկմանը, որ 2018թ. երբ «Թավշյա իշխանությունը վայելում էր հանրային մեծ վստահություն եւ աջակցություն, չհաջողեց իր «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» ծրագրում, մի՞թե հիմա դա կարող է իրականացնել, երբ տարբեր հարցումներով՝ եկեղեցին՝ շատ բարձր, իսկ իշխանությունները բավականին ցածր վարկանիշ ունեն, Վարդան Խաչատրյանը այս կերպ արձագանքեց. «Իհարկե հնարավոր չէ, ռենոմեն աստիճանաբար իջնում է, եւ այդ կորը երբեւէ դեպի վերեւ չի էլ բարձրանում, հետեւաբար այդ հնարավորությունը չկա: Հատուկ նշեցի, որ միայն հասարակական մեծ ճնշման դեպքում դա կարող է ինչ-որ կերպ տեղից շարժվել, եթե դա էլ հնարավոր չէ, այդ առճակատման կամ հակադրման հավանական դրական լուծման պատկերացումը ո՞րն է իշխանությունների համար»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ վերջին շրջանում շահարկվող եւ այլ մեկնաբանությունների տեղիք տված կուսակրոնության ուխտին: «Կուսակրոնությունը վաղ եկեղեցուց չի եկել, համեմատաբար ավելի ուշ է առաջացել: Համաշխարհային առումով դրա առանցքային խնդիրը լուծվել է Գրիգոր Մեծի ժամանակներում, բայց իր հիմքում ընկած է եղել այն, որ եկեղեցու հնարավորությունները որեւէ կերպ չտրոհվեն…Եկեղեցին նվիրատվությունների, նվիրաբերումների վրա է խարսխված եղել, մինչեւ հիմա էլ նույն տարբերակն է գործում: Որպեսզի դա չտրոհվի եւ նրա կենտրոնաձիգ կառույցը լինի ճշգրիտ, դրա համար կուսակրոնությունը տոտալ է դարձել կաթոլիկ եկեղեցու համար, եւ ոչ այնքան տոտալ՝ մեր եկեղեցու համար: Մենք գիտենք, որ մինչեւ վարդապետ մեզանում կարող են ամուսնացյալ լինել: Ուղղակի հարցը դրվել է, թե ընդհանրապես կուսակրոնությունը վերանայեն, ինչը շատ բարդ է: Օրինակ, հիմա կաթոլիկների մոտ ինչքան էլ խոսեցին, ասացին, սկանդալների մեջ հայտնվեցին, այնուամենայնիվ կուսակրոնության հարցը մնում է նույն վիճակում: Այսինքն` օրենքը գործում է՝ եկեղեցու ներսում կարող են պատժել կուսակրոնությունը խախտողին, բա՛յց եկեղեցու ներսում, ոչ թե արտաքինից աշխարհիկները գան, մտնեն, պարզեն»,-ասաց Վարդան Խաչատրյանը:

Կրոնագետը մի օրինակ բերեց, որը համարեց աննորմալ երեւույթ. «Օրինակ, Հենրի VIII-ը փորձեց անգլիական կաթոլիկ եկեղեցին ծնկի բերել, Բարդուղիմեոսյան գիշերից առաջ էր դա, այդ պայմաններում եղել է վանական համալիրների ոչնչացում, սակայն կաթոլիկների զանգվածը պահպանվել է: Բայց անգլիկան եկեղեցին, որը բողոքական եկեղեցի է, անխուսափելիորեն իր մեջ ներառել է կաթոլիկներից շատ բան, լիթուրգիան եւս պահպանել է…Իհարկե, դա 15-16-րդ դարի Անգլիան էր, հիմա այլ ժամանակներ են, դա էլ մասնավոր երեւույթ է եղել, որը շարունակվել է որպես քաղաքական դիվիդենտ….»:

Դառնալով հայաստանյան իրականությանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Իշխանությունները միշտ եկել-գնացել են, իսկ եկեղեցին 1700 տարի է՝ կա: Սա արդյոք չի՞ խոսում այն մասին, որ գլխավոր խնդիրը այն չէ, որ հայկական կառույցի հետ ներսում ունենանք այդպիսի լարման եւ ագրեսիայի խնդիրներ: Մեր խնդիրը միասնականության մեջ է, որովհետեւ դա հիմա մեր միակ ելքն է: Ես հիմա դա համարում եմ ոչ տեղին քաղաքականություն տվյալ պահին, որովհետեւ ոչ մի ուժ եւ ոչ մի դեպքում հայ ժողովրդի պոտենցիալից որեւէ բան կորցնելու իրավունք չունենք: Եկեղեցին ավելի խոշոր ուժ է, ավելի մեծ է, քան Հայաստանը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30