Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդարացրել է Տիգրան Ավինյանին, իսկ Դիանա Գասպարյանին տուգանել

Հունիս 02,2025 16:46

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկանքը՝ 2025 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով եւ 2024 թվականի, որոնց ուսումնասիրությունը շարունակվել է 2025 թվականի առաջին եռամսյակում։

Նշյալ ժամանակահատվածում հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են մամուլի 24 հրապարակումներ, որոնցից 7-ը վերաբերել են շահերի բախմանը, 1-ը՝ վարքագծի կանոններին, 16-ը՝ հայտարարագրերին:

Ըստ այդմ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարույթ հարուցելու հիմքեր չի գտել, իսկ Վաղարշապատի՝ արդեն հրաժարական տված քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել եւ 300 000 դրամ վարչական տույժ է նշանակել, քանի որ քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել Դիանա Գասպարյանի ամուսնու հորը պատկանող ընկերության հետ եւ 2025 թվականի հունվարի 27-ին կնքված պայմանագրի մասով քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրավոր հայտարարություններ չի ներկայացրել հանձնաժողովին՝ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հրապարակման համաձայն, Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Ավելի վաղ` նրա ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում։ Սրան զուգահեռ Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքի, եկամուտների հայտարարագրում կան էական անհամապատասխանություններ նրա եկամուտների և հայտարարագրած դրամական միջոցների միջեւ։

Իսկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասով ֆեյսբուքյան գրառում էր կատարել ավագանու «Ազգային առաջընթաց» ընդդիմադիր խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ գրելով, որ Տիգրան Ավինյանի ֆուտբոլային ընկերները շահում են պետական մրցույթները․ «Լիլանարմ» ՍՊԸ-ի տնօրենը եղել է ՔՊ-ի Երևանի 2023 թվականի ավագանու ընտրությունների ցուցակում: 2015 թվականին «Լիլանարմ» ՍՊԸ-ն շահել է ընդամենը երկու պետական մրցույթ՝ 157,648,083 դրամ արժողությամբ։ 2019 թվականից սկսած «Լիլանարմ» ՍՊԸ-ն շահել է 10,188,707,618 դրամ ($26 միլիոն դոլար) պետական մրցույթներ, որոնց ճնշող մեծամասնությունը Երևանի քաղաքապետարանի կողմից և հիմնականում 2022 թվականի վերջին՝ 2023 և 2024 թվականներին, երբ Ավինյանը սկսեց ներգրավվել Երևանի քաղաքապետարանում։ Ըստ լուրերի, Ավինյանի ֆուտբոլային ընկերն է։ Այս ընկերությունը հայտնի է վատ շինարարական աշխատանքներով, որոնք կարող են կոտրվել ճկույթով»։

Հիշեցնենք, որ «Լիլանարմ» ՍՊԸ-ի վատ որակի շինարարական աշխատանքների մասին պարբերաբար իրազեկող ակցիաներ էին անում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը եւ քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Այս իրազեկումները պատճառ դարձան Նոր-Նորքի թաղապետի հետ ձեռնամարտի եւ վերջինիս պաշտոնանկության։

Ըստ ԿԿՀ-ի, Ն․ Պոսյանը «Լիլանարմ» ընկերության գործադիր մարմնի ղեկավարն է 2023 հունիսի 12-ից։ 2018 թվականի նոյեմբերի 14-ի 3407-Ա որոշմամբ իրականացված գնումների պայմանագրին մասնակից է եղել քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետը։ Տիգրան Ավինյանը նշված գործընթացում ուղղակի մասնակցություն կամ ներգրավվածություն չի ունեցել։ Իսկ Ավինյանի եւ Պողոսյանի միջեւ առերեւույթ փոխկապակցված կապի մասին տեղեկություններ չեն գտնվել, այդ մասին հրապարակումները չեն հաստատվել։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30