Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները Արցախի Տիգրանակերտ քաղաքում իրենց ճաշակով ուտել-խմելու տեղեր են սարքում, իսկ մեր իշխանությունների վերաբերմունքը՝ հնարավորինս խուսափել Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած զրույցից». հնագետ

Հունիս 02,2025 19:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի Տիգրանակերտի արշավախումբն ու գործընկերները հրատարակության են պատրաստել «Արցախի Տիգրանակերտ. պատմա-մշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքը՝ կազմված 350 էջից եւ 400 լուսանկարից, գծագրից ու գրչանկարից:

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ բացառիկ այս գիրքը կտպագրվի արդեն առաջիկա ամսին: «2004 թվականին ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում կազմավորվել է Արցախի հնագիտական արշավախումբ, որը ղեկավարել եմ ես: Արշավախումբը նախ երկու տարի պեղումներ իրականացրել է Շուշիում, հետո հետազոտել ենք Հանդաբերդի վանքը եւ 2006 թվականից մինչեւ 2020 թվականը ներառյալ իրականացրել ենք Տիգրանակերտի պեղումները:

Տիգրանակերտը շատ մեծ քաղաք է: Նման քաղաք ուղղակի գոյություն չունի՝ իր լավ պահպանվածությամբ, հելլենիստական ամրաշինական համակարգերով եւ այլն: 2020 թվականի Արցախի կորստից հետո, երբ Տիգրանակերտն անցավ Ադրբեջանին, մեր արշավախումբը, որոշեց ամփոփել հետազոտությունը, ամեն ինչը ի մի բերել եւ ներկայացնել մի գրքում: Մասնակցել են արշավախմբի անդամները, մասնագետներ, որոնք այս կամ այն հետաքրքրությունից բխած՝ զբաղվել են Տիգրանակերտով՝ դրամագետներ, մարդաբաններ, դրսից հնագետներ, Սասանյան կնքադրոշների ընթերցողներ, խեցաբեկորների անալիզների ամփոփողներ եւ այլն:

Ես այդ գրքի խմբագիրն եմ: Գիրքը կազմել ենք այնպես, որ երկու մասից բաղկացած լինի: Մի բաժինը ամբողջ Տիգրանակերտն է՝ իր շրջակայքով, համալիրներով, գտածոներով հանդերձ: Երկրորդ բաժինը հավելվածներն են, որտեղ տեղ են գտել այն հետազոտությունները, որոնք խիստ ուշագրավ են, բայց շատ ավելի մասնավոր բնույթ են կրում:

Գիրքը հայերեն է: Շատերը խորհուրդ էին տալիս հրատարակել անգլերենով՝ նկատի ունենալով Տիգրանակերտի միջազգային գիտական հետաքրքրությունը, Տիգրանակերտի այսօրվա կարգավիճակը, ինչի մասին մենք շատ տեղեկություններ չունենք: Բայց ես գտա, որ Տիգրանակերտը նախ եւ առաջ այս ժողովրդի համար է: Եթե հուշարձանը ֆիզիկապես այլեւս մեզ հասանելի չէ, մեր գիտելիքը, մեր իմացությունը, մեր անմիջական շփումը գնալով ավելի է թուլանալու: Մենք այսօր շատ լավ գիտենք քաղաքը, նրա հետ կապված բոլոր նրբությունները եւ այսօր շատ ավելի պատրաստ ենք, քան վաղը»,-ասաց հնագետը:

Հետաքրքրվեցինք, թե հնավայրի ներկայիս վիճակի մասին որեւէ տեղեկություն ունե՞ն: «Մենք հետեւում ենք: Բայց չէի ասի, որ տեղեկությունները կանոնավոր են: Ադրբեջանցիները աղբյուրների մոտ իրենց ճաշակով ուտել-խմելու տեղեր են սարքել: Հաճախ են տարբեր մարդկանց բերում Տիգրանակերտ, թե տեսեք-տեսեք: Հատկապես ցույց են տալիս 18-րդ դարին սարքված ամրոցը: Բուն Տիգրանակերտը աշխատում են չցուցադրել, որովհետեւ Տիգրանակերտի համակարգը ակնհայտ ցույց է տալիս նրա հայկականությունը այն առումով, որ փոքրասիական ճարտարապետները, վարպետներն են աշխատել: Պիտի մի իմպերոտոր լիներ չէ՞, որ նրանց Փոքր Ասիայից հավաքեր-բերեր: Տեղեկություն ունենք, որ գոնե մեր պեղումները առայժմ քարուքանդ չեն արել: Բայց մտածում են, թե ինչպե՞ս ասեն, որ դա հայկական չէ: Այսօր իրենց մոտեցումը քաղաքական հայտարարությունների մակարդակով է, չկա ակադեմիզմ: Իրենք կարող են մեզ ժխտել, բայց իրենք չունեն այդ գիտելիքը: Բայց հայտարարություններ անընդհատ անում են»:

Հարցին, թե Հայաստանի իշխանությունը, կառավարությունը Տիգրանակերտի հայկականության հետ կապված ինչ-որ քայլ անո՞ւմ է, գիտնականը պատասխանեց. «Ի՞նչ ասեմ: Անմիջապես 2020 թվականից հետո Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը գիտական խորհրդի որոշմամբ դիմել է կառավարությանը, որ ֆինանսավորի մի մեծ ծրագիր, որը հենց վերաբերում է հայ-աղվանական մշակութային փոխառնչություններին: Ի վերջո, գիտականորեն, հստակորեն պարզելու, ցույց տալու, թե ինչ է նշանակում հայկական եւ ինչ է նշանակում աղվանական, որովհետեւ Ադրբեջանը այսօր դրա վրա է խաղում: Եվ երկու անգամ էլ կառավարությունը նույնիսկ չի պատասխանել: Շատ մեծ կայք ենք ստեղծել՝ monumentwatch.org, որն Արցախի ժառանգության վերաբերյալ ակադեմիական ամենամեծ, ամենալուրջ, ամենամանրամասն հարթակներից մեկն է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Կառավարությանը դիմել ենք: Երկու կոպեկ է տվել: Մի տարի հետո կեսը կրճատեց: Այս տարի էլ այդ կեսի կեսն են կրճատել:

Մեզ աջակցում եւ գնահատում են նախ եւ առաջ դրսի կազմակերպությունները, անհատ հետազոտողները: Մեր իշխանությունների վերաբերմունքը գիտեք՝ հնարավորինս խուսափել Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած զրույցից: Ես հասկանում եմ քաղաքական մոտեցումը: Բայց մշակույթը ի՞նչ կապ ունի դրա հետ: Հուշարձանը ի՞նչ կապ ունի Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու կամ չկնքելու հետ: Այս ժողովուրդը դարերի ընթացքում մի ժառանգություն ունի: Հիմա այդ ժառանգության իրավունքն է՞լ պիտի կասկածի տակ դնել: Այսպիսի վիճակ է»,-ցավով արձանագրեց գիտնականը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30