Հունիսի 1-ին Բելգիայում ՀՀ դեսպանության և Բրյուսելի Իքսել շրջանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով առաջին անգամ անցկացվեց հայկական տոնավաճառ։
Բրյուգմանի հրապարակը լցված էր հայկական խոհանոցի բույրով, պարերով և երաժշտությամբ։ Բացված 15 տաղավարները ներկայացնում էին Հայաստանի և Սփյուռքի մշակույթն ու արվեստը, հայկական խոհանոցը և հայաստանյան արտադրանքի լայն տեսականին։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ դեսպան Բալայանը, ով շնորհակալություն հայտնեց Իքսելի քաղաքապետ Ղոման Դը Ղոզմին, Հայ-բելգիական առևտրային պալատին, Բելգահայ ռադիոկայանին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին աջակցության, համատեղ աշխատանքի և նվիրվածության համար։
Դեսպանը նշեց, որ միջոցառման անցկացման վայրը պատահական չէ ընտրված․ Իքսելում է գտնվում հայկական եկեղեցին, Ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողը, ինչպես նաև Բելգիայում ՀՀ դեսպանության առաջին շենքը։ Դեսպանը հավելեց, որ միջոցառումը բացառիկ է ինչպես կազմակերպական առումով, այնպես էլ ներգրավվածության մակարդակով, այնուհետև հայտնեց, որ տոնավաճառի անցկացումը նախատեսվում է դարձնել ամենամյա։
Կարդացեք նաև
Հայկական տոնավաճառն այցելեցին մի շարք դեսպաններ, դիվանագիտական կորպուսի, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ այլ կառույցների ներկայացուցիչներ, Բելգիայի խորհրդարանի պատգամավորներ և պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր լրատվականների անդամներ, ինչպես նաև Բելգիայի մի շարք քաղաքացիներ և սփյուռքի ականավոր գործիչներ։
Միջոցառումը ուղեկցվում էր հայ համայնքի տաղանդաշատ ներկայացուցիչների երաժշտական և «Նեմրութ» ավանդական երգի և պարի խմբի պարային կատարումներով՝ որոնք էլ ավելի էին գեղեցկացնում ստացված օրը։
Բելգիայում Հայաստանի դեսպանություն