Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսական գրասենյակը ռազմավարական նշանակություն ունի

Հունիս 02,2025 22:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ֆրանսիական մշակույթը եւ ֆրանսերենը ինձ համար շատ կարեւոր են, եւ արդեն մոտ 20 տարի շարունակ ես մեծ նվիրվածությամբ աշխատում եմ այդ ոլորտում եւ կշարունակեմ աշխատել։ Այս տարիների ընթացքում ես ամենօրյա ռեժիմով աշխատել եմ ֆրանսիացիների հետ, նրանք ինձ համար դարձել են շատ ավելին, քան աշխատակիցներ, ավելի շատ՝ հավատարիմ գործընկերներ, սիրելի եւ թանկագին բարեկամներ։

Կարծում եմ, որ սիրով, նվիրվածությամբ արված աշխատանքը եւ ձեր վստահությունն են այն հիմքը, որոնք կստիպեն ինձ հնարավորինս լավ աշխատել մեր երկու երկրների կապերի հետագա սերտացման ուղղությամբ»,- Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի կողմից ղեկավարվող հյուպատոսական գրասենյակի բացմանն ասաց պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը։

Վերջինս 19 տարի է, ինչ ղեկավարում է Գորիսի ֆրանկոֆոն գրասենյակը։

Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակի ժապավենը կտրելու պատիվը տրվում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, պատվո հյուպատոս Կարմեն Ափունցին եւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։ Հյուպատոսարանի գրասենյակը Գորիսի համայնքապետարանի շենքի հարեւանությամբ է։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի դիտարկմամբ մտահղացումը մի օրում չի ծնվել, այլ տարբեր իրադարձությունների տրամաբանական շարունակություն ու զարգացումն է՝

«Նախ, կարծում եմ, որ որեւէ մեկը չի վիճի, եթե ասենք, որ Գորիսը Հայաստանի ամենաֆրանկոֆոն քաղաքն է, եւ Գորիս-Վիեն բարեկամական հարաբերությունների հիման վրա մենք հուշագիր կնքեցինք Սյունիքի մարզի եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջեւ, որը տեղի ունեցավ Տաթեւ վանական համալիրում, որից հետո արդեն Ֆրանսիայում՝ Լիոն քաղաքում, Սյունիքի 7 համայնքներ եղբայրական կապեր ստեղծեցին Օվերն-Ռոն-Ալպի 7 քաղաքների հետ։ Այս հարաբերությունների զարգացումը բերեց տրամաբանական այսպիսի մի փուլի, որի համար շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություններին, երկու երկրների դեսպաններին եւ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն ունեն», -իր խոսքում նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին պարզաբանում է վերջին ամիսներին շատ բարձրաձայնող մի հարց՝ ինչո՞ւ պատվո հյուպատոսության գրասենյակ, այլ ոչ թե հյուպատոսություն։

«Այստեղ բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի, ինչը հիմնականում ծառայում է վարչարարությանը եւ նման բաների։ Բայց սա ավելին է, քան հյուպատոսական գրասենյակը, որովհետեւ պատվո հյուպատոսությունում լինում են գործողություններ, քանի որ Ֆրանսիայում ու Հայաստանում, Սյունիքում ու Գորիսում մարդիկ գործում են ձեռք-ձեռքի տված՝ համայնքները, պետությունը, պետական գործակալությունները, ինչպիսին է Ֆրանսիայի զարգացման գործակալությունը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները եւ այս բոլոր գործողությունների համար Գորիսը եղել է խաչմերուկ ու բաբախող սիրտ։ Պատվո հյուպատոսությունը մի վայր է, որտեղ գալու են տարբեր նպատակներով այստեղ գտնվող ֆրանսիացիները, որոնք գալիս են օգնելու Հայաստանին, եւ որոնք գալիս են գործելու Հայաստանում։ Արդեն 19 տարի շարունակ այն ֆրանսիացիները, որոնք գալիս են Գորիս՝ գործելու, օգնելու եւ ուղղակի այցելելու, դիմում են Գորիսում Ֆրանկոֆոն կենտրոն, եւ այդ կենտրոնի ապրեցնող ուժը հենց Հայաստանում Ֆրանսիայի առաջին հյուպատոս Կարմեն Ափունցն է»,-մասնավորապես ասաց դեսպանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վահան Կոստանյանը ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը քաղաքական շատ կարեւոր քայլ է համարում։

«Հաշվի առնելով, որ պատվո հյուպատոսի գրասենյակի մասին է խոսքը, էստեղ առավելապես քաղաքական ներկայացվածության եւ սիմվոլիկ նշանակության մասին է խոսքը գնում, հյուպատոսական գործունեություն որպես էդպիսին, օրինակ՝ վիզաների տրամադրում, եթե ես չեմ սխալվում, չի նախատեսվում», – ասաց փոխնախարարը լրագրողների հետ ճեպազրույցում։

Ի դեպ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ տեղեկացրեց, որ Սյունիքում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքներում ընդգրկվելու է ֆրանսիական մի կազմակերպություն։ Ֆրանսիացիները կառուցելու են հյուսիս-հարավ ճանապարհի Բարգուշատի թունելի կառուցումը։ Այս պահին բանակցություններն ավարտական փուլում են։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30