ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իր իշխանության տարիների ոտնձգություններին ավելացրել է ատելության ու թշնամանքի հրապարակային հրահրումը։ Գործընթացը կրում է համակարգված բնույթ, որին միացել են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, ՔՊ կուսակցությունը։
ՔՊ ղեկավարի իրական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար, որպեսզի կարողանա վերջնականապես կատարել ադրբեջանական միակողմանի պահանջները, ինչն իրեն անհրաժեշտ է սեփական իշխանությունը պահպանելու համար։ Այդ նպատակի համար է հեղինակազրկում Եկեղեցին և նվազեցնում նրա կշիռն ամբողջ աշխարհում` ոչնչացման տանելով հայոց ինքնության հենասյունը:
Պատահական չեն այն ցնծությունն ու Հայաստանի վարչապետին ուղղված շնորհակալության խոսքերը, որոնք առկա են Ադրբեջանում:
Իր նպատակի իրագործման համար ՔՊ ղեկավարն օգտագործում է Եկեղեցու ներսում առկա թվացյալ կամ իրական խնդիրները, որոնց լուծումն իրականում բացառապես Եկեղեցու հարցն է. Սահմանադրությամբ` եկեղեցին անջատ է պետությունից:
Կարդացեք նաև
Բարձրաստիճան եկեղեցականների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ այս ապօրինի արշավն այնպես են տանում, որ ստացվում է` նախապես են ծրագրել, ապօրինաբար հավաքել են եկեղեցականների անձնական կյանքի տվյալներ` իրենց քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Հիմա էլ խոսում են դրանք ապօրինաբար հրապարակելու սպառնալիքների մասին: Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում Վարչապետի ու մյուս պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները և իշխանական ազդեցությունն ապօրինի օգտագործելով։
Արդեն արձանագրվում են իշխանության կողմնակիցների կողմից հրահրվող բռնության իրական հավանականության դեպքեր եկեղեցականների նկատմամբ։ Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։
Եկեղեցու խնդիրներով իրապես մտահոգ երկրի ղեկավարն ու իշխանությունը երբեք չէին ընտրի խնդիրների լուծման աննախադեպ անօրինական այս ճանապարհը։
Պետք է գիտակցել, որ ՀՀ Կառավարության ղեկավարի կողմից վարվող այս գործընթացն աղետաբեր է Հայաստանի համար, պետք է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցու հարյուրամյակների հեղինակությունն ու մեր նվիրական արժեքները և թույլ չտալ, որ կեղծ օրակարգերով մեզ պառակտեն ու շեղեն գոյաբանական հիմնական խնդիրներից:
ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյան