Ակադեմիական քաղաք նախագծի Արվեստի կլաստերի շրջանակներում Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի (RCS) հրավերով, Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Ակադեմիական քաղաք հիմնադրամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Սահակյանը, ճանաչողական այցով մեկնել էին Գլազգո:
Aravot.am-ի հետ զրույցում երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու Լուսինե Սահակյանը հայտնեց, որ այցի շրջանակներում, պատվիրակության անդամները մասնակցել են մի շարք աշխատանքային հանդիպումների և քննարկումների, ծանոթացել Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի կառուցվածքին և կառավարման մոդելին, դիտարկել միջազգային գործընկերության փորձառությունը:
Կարդացեք նաև
Մանրամասնելով էլ ասաց. «Մասնակցեցինք կողմերի միջև կրթական ծրագրերի գնահատման, մրցակցության բարձրացման և միջազգայնացման, ուսումնական պլանի վերանայման, գիտահետազոտական ոլորտի ինտեգրման, կառավարման արդյունավետության և մասնագիտական վերապատրաստման նպատակով համագործակցային կապերի ամբողջացման շուրջ աշխատանքային քննարկումների»:
Դիտարկմանը, թե շոտլանդացիներին հավանաբար հետաքրքրել է Վարդապետի անունը կրող թանգարան-ինստիտուտի գործունեությունը, մեր զրուցակիցը նախ նշեց, թե ինքը նախ ներկայացրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի 10-ամյա գործունեության արդյունքները, գիտակրթական բաժնի գործունեությունը:
Թագավորական կոնսերվատորիան հետաքրքրություն է ցուցաբերել թանգարան-ինստիտուտի միջազգային, միջմշակութային աշխատանքների նկատմամբ, հույս հայտնելով առավել մանրամասն ծանոթանալ երիտասարդ գիտաշխատողների ուսումնասիրություններին:
Ավարտելով խոսքը, տիկին Սահակյանը հավաստիացրեց. «Լիահույս ենք, որ այս փորձը օգտակար կլինի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետագա աշխատանքների կազմակերպման արդյունավետ ընթացքի վրա»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում` Հայաստանցի մասնագետներն իրենց շոտլանդացի գործընկերների հետ