«Քաղաքապետը տարբեր ժամանակներում ունեցել է ասուլիսներ և իր շրջայցերի կամ հանդիպումների ժամանակ պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին։ Վերջին հարցուպատասխանը՝ որպես այդպիսին մայիսի 28-ին Ապարանում էր։ Չեմ կարծում՝ որևէ խնդիր կա։ Առաջիկայում, երբ քաղաքապետն ասուլիս ունենա, վստահ եմ՝ բոլորդ հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ»,- հարցին՝ ինչո՞ւ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խուսափում ԶԼՄ-ներից, Երևանի քաղաքապետարանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Դիտարկմանը՝ ամեն շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվում, ի՞նչ գնահատական կտա Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի մասին, Հայկ Կոստանյանն այսպես արձագանքեց․ «Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանատվությունը պետք է ունենա՝ կապ չունի՝ ինչ պաշտոնյայի կողմից է արվում։
Բայց մենք որոշ անհանգստություններ ունենք։ Մի հետաքրքիր բան կա․ իրականում բոլորի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ մի դեպքում մարդը կալանքի է ենթարկվել մի միջնորդություն իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվել է նման միջնորդությունը մերժելու համար։ Մեզ համար կան խնդրահարույց իրավիճակներ։
Կարդացեք նաև
Կամ, օրինակ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի՝ պարոն Արամ Ազատյանի կալանավորման փաստը։ Նա մեկ տարի կալանավորված է, փաստաբանները գործը ՄԻԵԴ են ուղարկել։ Ուստի Երևանի քաղաքապետարանն իր բոլոր աշխատակիցների՝ ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի խնդիրներ է տեսնում․․․
Շատերի համար տպավորություն կստեղծվի, որ շաբաթը մեկ Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններ են լինում, տարբեր պաշտոնյաներ են ձերբակալվում։ Նրանց շարքում կան ներկայիս և նախկին պաշտոնյաներ։ Բայց եկեք մի հատ պատկերացնենք՝ ՀՀ-ում կան շատ տարբեր կառույցներ։ Եթե նույն օպերատիվ հետախուզական միջոցառումներն այն օպերատիվությամբ, որ վերջին շրջանում եղել են Երևանի քաղաքապետարանում, լինեն այլ կառույցներում, չեմ կարծում, որ դուք նոր վերնագրեր գրելու նյութեր չեք ունենա»։
Ասուլիսն ամբողջությամբ
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան էջից