«Ապառաժ». Սիրանուշ Սարգսյանն անցյալ տարի երկու անգամ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա պատմում է տպավորությունների, բացահայտումների մասին.
-Առաջին անգամ «Թավիթյան» հիմնադրամի կրթաթոշակով մեկնել եմ ԱՄՆ՝ սովորելու «Թաֆթս» համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում։ Այդ 4 ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումների, քննարկումների եմ մասնակցել, որոնք թե՛ միջազգային մակարդակով էին, և թե՛ հայկական համայնքի կողմից կազմակերպված։ Որպես բանախոս, Բոստոնի Հայկական Ժառանգության Զբոսայգում ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամյա արարողության ժամանակ հանդես եմ եկել բանախոսությամբ։ Ավելի փոքր կազմով բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հայկական համայնքը, հիմնականում Բոսոտոնի և նրա շուրջ, բավական հզոր ու նաև շատ բազմազան է։ Հետաքրքիր է, թե ինչքան տարաձայնություններ ունեն մեր հայրենակիցները։ Նրանց տեսակետները բավական տարբեր են քաղաքական, հասարակական և այլ հարցերի շուրջ։ Հայրենիքից մենք Սփյուռքին շատ դեպքերում ամբողջական ենք ընկալում, իրականում այն շատ բազմազան է՝ իր դրական ու բացասական կողմերով։
Ես Միացյալ Նահանգներ եմ գնացել Արցախի ժամանակավոր կորստից ու տեղահանությունից անմիջապես հետո։ Հայ համայնքի մոտ բավական թարմ էին կորստի զգացողությունները։ Մեր հայրենակիցները կոտրված էին, իրենց կորսված ու ինչ-որ տեղ նաև անզոր էին զգում։ Տարիներ շարունակ նրանք Արցախով էին ապրում և իրենց մեծ աշխատանքը, նվիրումը կորսված էին համարում։ Միաժամանակ ցավի ու կորստի հետ մեկտեղ նրանք պատրաստակամ են օգնել, ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Ուսմանս զուգահեռ բազմաթիվ հանդիպումներ էի ունենում թե՛ համալսարանական շրջանակներում, թե՛ նրանից դուրս։ Տեսանելի էր, որ մարդիկ գրեթե տեղյակ չեն, թե ինչ էր տեղի ունեցել Արցախում։ Որպես հակամարտություն՝ ոչ ուսուցանվում էր, ոչ էլ գրեթե խոսվում դրա մասին։ Իհարկե, ինձ համար շատ ցավալի էր դա, ու, երբ խոսք էր գնում այլ հակամարտությունների մասին, ես ամեն մի առիթ օգտագործում էի, որպեսզի բարձրաձայնեմ Արցախի մասին։ Այդ ընթացքում հայկական համայնքի միջնորդությամբ ինձ հրավիրել էին միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովին, որտեղ էլի հիմնական բանախոսներից մեկն էի։ Ես ներկայացնում էի այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախում։ Բարձրաձայնում էի այն մասին, որ մենք կորցրել ենք ոչ միայն Արցախը, մեր հայրենիքը, այլ այնտեղ ենք թողել մեր հազարավոր մշակութային կոթողները, հարյուրավոր եկեղեցիները։
Առանձին օրինակներով ներկայացնում էի համայնքները, որոնք ձևավորվել են եկեղեցիների շուրջը՝ փաստելով, որ ամեն մի համայնք ուներ իր եկեղեցին, իր բազմադարյա պատմությունը։ Մարդկանց ուշադրությունը սևեռում էի մեր մշակութային հոգևոր արժեքների կորստի և միջազգային հարթակներում այդ հարցերի բարձրաձայնման վրա։ Այդ հանդիպումների կազմակերպումը, հիմնախնդիրների բարձրաձայնումն ինձ համար, որպես Արցախից տեղահանվածի ու մինչ այդ էլ այդ խնդիրների մասին բարձրաձայնողի, բավական չէր։ Այդ քննարկումների ընթացքում մենք հաճախ խոսում էինք, թե ինչպես կարող ենք օգնել և դրական առումով ազդեցություն ունենալ տեղահանված մեր հայրենակիցների կյանքի բարելավման համար, որպեսզի նրանք չարտագաղթեն Հայաստանից։
Կարդացեք նաև
Ես իմ հոդվածներում, ելույթներում շատ էի պատմում արցախցի կանանց մասին, ներկայացնում նրանց անկոտրում կամքի, ոչնչից մի բան ստեղծելու անհավանական կարողության, աշխատասիրության մասին։ Սփյուռքահայ մեր հայրենակիցների և մեզ բարեկամ ամերիկացիների մոտ աջակցելու ցանկություն էր առաջանում և նրանք խորհրդակցում էին ինձ հետ՝ ինչպես օգնել այդ կանանց ու երեխաներին։ Իհարկե, արցախահայության կարիքների բարելավման համար առաջնային պատասխանատուն հենց Հայաստանի Հանրապետությունն է, բայց մենք գիտենք, թե ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությունը ինչքան անարդյունավետ է այդ առումով և ինչքան քիչ է միջազգային հանրության կողմից տրամադրվող աջակցությունը։ Մեզ ուրիշ տարբերակ չի մնում, քան հաճախ ինքներս լուծենք մեր հարցերը։ Առանձին փոքր ծրագրերով բոլորի խնդիրները, իհարկե, չեն կարող լուծել, սակայն ուրախալի է, որ թեկուզ փոքր քայլերով կարողանում ենք աջակցել տասնյակ ընտանիքների։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: