Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրողները կոչով դիմել են պետական և միջազգային կառույցներին

Հունիս 03,2025 20:11

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում ոգելից խմիչք արտադրող ընկերություններից, արտահանողներից, բեռնափոխադրողներից, որոնք իրենց դժգոհությունն ու մտահոգությունն են հայտնում հայ–վրացական սահմանում տիրող իրավիճակից։ Ըստ էության, վրացական կողմն անհիմն խոչընդոտում է հայկական արտադրության ալկոլհոլային խմիչքների տարանցիկ փոխադրումները երրորդ երկրներ՝ չտալով որևէ հիմնավոր բացատրություն։ Խնդիրը դարձել է դժգոհությունների և բուռն քննարկումների առարկա։

Հարցի առնչությամբ Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրող մեկ տասնյակից ավելի ընկերություններ գրավոր դիմել են պետական մարմիններին, միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։

Դիմումում մասնավորապես նշվում է, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ Առևտրի համաշխարհային կազմակերպության և տարանցիկ փոխադրումների միջազգային կանոնակարգերի ակնհայտ խախտմամբ, Վրաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են՝ վերահասցեագրվելով դեպի Գեզի տերմինալ։ Այստեղ առանց որևէ հիմնավորման մաքսային կնիքները կոտրվում են, առանց համապատասխան փաստաթղթերի նմուշներ վերցվում, իսկ դրանց լաբորատոր պատասխանների՝ օրերով ուշացումների վերաբերյալ որևէ բացատրություն չի տրամադրվում։ Արդյունքում, արտահանողներին թույլ չի տրվում իրենց բեռները հասցնել երրորդ երկրների հասցեատերերին։

Ներկայումս վրացական Գեզի տերմինալում պահվում են բեռնված տասնյակ տարանցիկ տրանսպորտային միջոցներ, որոնցից մի քանիսն՝ արդեն ավելի քան մեկ ամիս։ Այսպիսով, վրացական կողմը, խախտելով առևտրի միջազգայնորեն ընդունված չափանիշերը՝ զգալի նյութական վնասներ է պատճառում Հայաստանի արտադրողներին, վերջիններս չեն կարողանում կատարել երրորդ կողմի մոտ ստանձնած պայմանագրային պարտավորությունները, առաջանում է առկա շուկաները կորցնելու և ոլորտի հետագա զարգացման կասեցման վտանգ։

«Մենք դիմում ենք միջազգային կառույցներին և արտերկրի մեր գործընկերներին՝ կոչ անել Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս կամայական շրջափակումը և վերացնել իր տարածքով տարանցիկ ապրանքների տեղաշարժը խոչընդոտող սահմանափակումները»,– ասված է դիմումում։

Դիմումն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, ՄԱԿ, Եվրասիական զարգացման բանկ, Առևտրի համաշխարհային կազմակերպություն, ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։

Համատեղ դիմումը ստորագրել են՝ Արարատի գինու գործարան, Գինու–կոնյակի տուն «Շահնազարյան», Ալկո Ալյանս, Վան777, «Արագած» գինու կոնյակի գործարան, Արկոն Թրեյդ, Աբովյանի կոնյակի գործարան, Սամկոն, Պռոշյանի կոնյակի գործարան, Նացիոնալ ալկո ընկերությունները։

 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30