Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկանքը՝ 2025 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով եւ 2024 թվականի, որոնց ուսումնասիրությունը շարունակվել է 2025 թվականի առաջին եռամսյակում։
Նշյալ ժամանակահատվածում հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են մամուլի 24 հրապարակումներ, որոնցից 7-ը վերաբերել են շահերի բախմանը, 1-ը՝ վարքագծի կանոններին, 16-ը՝ հայտարարագրերին:
Ուսումնասիրության՝ հայտարարագրերին վերաբերվող հատվածում տեղեկանում ենք, որ Սիսիան համայնքի ավագանու անդամ, Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել՝ հաշվի առնելով 2023 թվականի հայտարարագրում առկա առերեւույթ սխալ եւ ոչ ամբողջական տվյալները: Անիկ Գրիգորյանը 1 միլիոն դրամ էր նվիրաբերել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն դրա աղբյուրը անհայտ է:
ԿԿՀ ուսումնասիրությունն իրականացվել է «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա: Լրատվամիջոցն ուսումնասիրել էր 2023 թվականին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություն կատարած հայտարարատու անձանց հայտարարագրերը և պարզել, որ որոշ պաշտոնյաների նվիրատվությունները գերազանցել են իրենց ունեցած միջոցները։
Կարդացեք նաև
Հանձնաժողովի հրապարակած տեղեկանքում նշվում է միայն Անիկ Գրիգորյանի մասով ուսումնասիրության արդյունքը՝ հավելելով, որ հրապարակման մեջ մատնանշված մյուս անձանց մասով ուսումնասիրությունն իրականացվել եւ ավարտվել է 2024 թվականին:
Սակայն, ուշագրավն այն է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասով տեղեկատվությունը նրբորեն շրջանցվել է:
Այսպես, «Ինֆոքոմի» հրապարակման համաձայն, 2023 թվականի տարեսկզբին նախարար Արարատ Միրզոյանը հայտարարագրել է 25 մլն 254 հազար դրամ կանխիկ և բանկային հաշիվների վրա առկա գումար։ Տարվա ընթացքում Միրզոյանը ստացել է 22 մլն 956 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձից, եկամտահարկի վերադարձից և փոխառությունից ստացած տոկոսներից։ Տարեվերջին Միրզոյանի հայտարարագրած դրամական միջոցները դարձել են 36 մլն 352 հազար դրամ։
Եթե տարեսկզբին առկա դրամական միջոցներին գումարենք տարվա ընթացքում ստացած եկամուտները և դրանից հանենք տարվա վերջին առկա դրամական միջոցները, ապա կստանանք 11 միլիոն 858 հազար դրամ․ սա այն գումարն է, որը նախարարը պետք է ծախսած լիներ 2023 թվականի ընթացքում։ Սակայն, 2023-ին Արարատ Միրզոյանի ծախսերը կազմել են 14 մլն 190 հազար դրամի․ նա մարել է վարկը, վերանորոգել անշարժ գույքը։
Այսպիսով, Միրզոյանի ծախսած 2 միլիոն 332 հազար դրամի ծագումն անհայտ է։ Ավելին, նա 2023 թվականի ընթացքում շուրջ 1.5 մլն դրամ է փոխանցել ՔՊ կուսակցությանը՝ անհայտ ծագման գումարի չափը դարձնելով շուրջ 3.8 մլն դրամ։ Այս հաշվարկում լրատվամիջոցը չի ներառել նախարարի հնարավոր ընթացիկ ծախսերը։
Արարատ Միրզոյանի հայտարարագրի անհամապատասխանության մասով՝ ԿԿՀ-ից լրատվամիջոցին փոխանցած տեղեկության մեջ ոչինչ չկա: Այդ մասով տեղեկություն չգտանք նաեւ ԿԿՀ կայքում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ