«Միջազգային իրավունքը պետք է ապահովի անվտանգություն, իրավունքի պաշտպանություն, սակայն այն օրենքները, որ կան, դեռ բավարար չեն։ Ագրեսիայի հանցագործությունների մասով միջազգային իրավունքի իրավազորության ընդլայնում պետք է լինի»,- Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ն․Գ․ դեսպան Քրիստիան Վենավեզերը (Կալիֆոռնիա, ԱՄՆ Վադուց, Լիխտենշտեյն)։
Նա կարևորեց՝ ժամանակն է՝ անենք ամեն ինչ, որ միջազգային իրավական նորմերի վավերացումները հանգեցնեն արդյունավետ պաշտպանության համակարգի ու մտահոգություն հայտնեց․ «Այսօր վճարում ենք անգործության գինը։ Միջազգային դատարանի իրավազորության բացակայությունն է, որ թույլ չի տալիս անել այն, ինչ պետք է արվի։ Մենք՝ անդամ պետություններս, հանձնառու ենք միջազգային իրավունքի կարգի ձևավորման ու ընդլայնման համար առանց բացառությունների։ Միջազգային իրավունքը, միջազգային կարգը ինքնաձևավորման հնարավորություն չունի, պահանջում է համատեղ ջանքեր ու հանձնառություն արդարության հասնելու համար, քայլեր ձեռնարկելու ագրեսիայի հանցագործության դեմ։ Վստահ եմ, որ կարող ենք փակել գոյություն ունեցող այս վտանգավոր բացը՝ հստակ ուղերձ հղելով աշխարհին։
Կարդացեք նաև
Միջազգային քրեական իրավունքի մասնագետ դոկտոր Գուրգեն Պետրոսյանն էլ մինչ ներկայացնելը բանախոսներին, նշեց․ «Հպարտ ենք, որ ՀՀ-ն անդամակցում է Միջազգային քրեական դատարանին և համայնքին։ Պետք քննարկենք զարգացումները, որոնք առանցքային նշանակություն ունեն այն առումով, թե ինչ ենք փոխելու ագրեսիայի հանցագործության արձագանքման վերաբերյալ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ