Հունիսի 3-ին, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, ԵԱՀԿ (OSCE / Supplementary Human Dimension Meeting) խորհրդաժողովի՝ «Արձագանք. ներգրավվածության խթանում, միջկրոնական և միջմշակութային երկխոսություն՝ համագործակցության միջոցով» թեմայով քննարկումների համատեքստում անցկացվող միջոցառումների շրջանակում, մասնակցել է «Հանցագործությունների ակունքները. Ադրբեջանի պետական հովանավորչությամբ իրականացվող խտրականությունն ու էթնիկ զտումները հայերի նկատմամբ» աշխատաժողովին։
Միջոցառման շրջանակում Միության նախագահը քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների, ինչպես նաև տարբեր հասարակական և միջպետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից շարունակաբար ոտնահարվող միջկրոնական հարգանքի սկզբունքների և միջմշակութային երկխոսության խաթարման գործընթացների մասին։ Նա ընդգծել է էթնիկ զտումների, բռնի տեղահանությունների, ինչպես նաև մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման և պղծման հետևողական պետական քաղաքականության վտանգների մասին։
Քննարկումների ընթացքում Անդրանիկ Գրիգորյանը միջազգային կառույցների ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից խտրականության և ռասայական ատելության պայմաններում 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի տարածքի հայաթափման գործընթացը, որի արդյունքում հարյուր հազարավոր էթնիկ հայեր զրկվել են իրենց պատմական հայրենիքում սեփական ինքնությամբ ապրելու իրավունքից։
Աշխատաժողովի մասնակիցներին կազմակերպության նախագահի կողմից ներկայացվել է, որ թեև մշակութային բազմազանությունը պահանջում է բոլոր կրոնական և մշակութային ինքնությունների հարգում, այնուամենայնիվ, բազմամշակութայնության պատրվակով Ադրբեջանը փորձում է ոչնչացնել հայկական ժառանգությունը՝ հայ ժողովրդի 4000-ից ավելի մշակութային արժեքները թողնելով ոչնչացման ու խեղաթյուրման իրական սպառնալիքի տակ։ Այս կոնտեքստում ներկայացվել է շուրջ վեց հայկական եկեղեցիների, հարյուրավոր հուշարձանների, բազմաթիվ խաչքարերի, գերեզմանոցների, ամբողջական գյուղերի ու քաղաքների հիմնահատակ ավերման մասին՝ ներկայացնելով մանրամասներ հայկական միջնադարյան քրիստոնեական եկեղեցիները աղվանական ներկայացնելու վտանգավոր քաղաքականության վերաբերյալ՝ կարևորելով Եվրոպական խորհրդարանի բանաձևերով դրանց դատապարտումը։
Կարդացեք նաև
Միության նախագահը կարևոր է համարել նաև ԼՂ տարածքի իսլամացման քաղաքականության դատապարտումը միջազգային գործընկերների կողմից, որը միջմշակութային երկխոսության խաթարում է և էթնիկ ատելության դրսևորում։
Միության նախագահը քննարկումներ է ունեցել Ադրբեջանի՝ միջազգային մակարդակում (Վատիկան, Լեհաստան) առաջ մղվող կեղծ թեզերի վերաբերյալ, որով Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիները ներկայացվել են խեղաթյուրված պատմությամբ ու պատկանելիությամբ՝ կտրվելով իրենց իրական ծագումից, իսկ քրիստոնեությունը շահարկվում է ադրբեջանական տարածքային ագրեսիան «լեգիտիմացնելու» նպատակով՝ խախտելով հայ ժողովրդի կրոնական ազատության և մշակույթի իրավունքները։
Անդրանիկ Գրիգորյանը միջազգային գործընկերների ուշադրությանն է նաև հրավիրել բռնի տեղահանվածների՝ հողի, սեփականության և դեպի ԼՂ հայկական եկեղեցիներ ուխտագնացության իրավունքի պաշտպանության խնդիրները և դրանց լուծման հրատապ միջոցների խիստ անհրաժեշտությունը։
ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն