Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Սամվել Շահրամանյանը 4 անգամ հարցաքննվել է, վարույթը կրում է պատմական բնույթ. Փաստաբան

Հունիս 04,2025 15:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ վկայի կարգավիճակով։

«2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի ամբողջ բնակչությունը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների՝ մասնավորապես Քննչական կոմիտեի կողմից տարբեր փաստերի առթիվ տարբեր վարույթներ են նախաձեռնվել՝ հասկանալի պատճառներով: Այդ նախաձեռնված վարույթների շրջանակում՝ թվով 3 վարույթի շրջանակներում, Արցախի Հանրապետության նախագահը հարցաքննվել է» ,-լրագրողների հետ զրույցում նշեց Շահրամանյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռոման Երիցյանը։

Ռոման Երիցյան

«Արցախի Հանրապետության նախագահը երբեւէ որեւէ հարցաքննությունից չի խուսափել, ամեն անգամ Քննչական կոմիտեի կանչով պարտաճանաչ ու պատշաճ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին եւ ինտենսիվ հարցաքննվել: Ինչ վերաբերվում է կոնկրետ այս վարույթին, ինչպես հայտնի է դարձել, պատերազմի ժամանակ զինվորական անփութության, ռազմամթերք, զենք-զինամթերք թշնամուն հանձնելու հետ կապված նախաձեռնված վարույթ է, որի շրջանակներում, թե ինչ բովանդակությամբ հարցեր են հնչեցվում Սամվել Շահրամանյանին, կամ ինչ բովանդակությամբ պատասխաններ են տրվում նրա կողմից, կամ ավելի մանրամասն տվյալներ ներկայացնել՝ ինչին է վարույթը վերաբերվում, ցավոք, չեմ կարող ասել, որովհետեւ գործով վարույթն իրականացնող մարմինը, մասնավորապես՝ քննիչը, մեզ նախազգուշացրել է՝ նախաքննության ընթացքում հայտնի դարձած ամեն մի տվյալ հրապարակելու անթույլատրելիության մասին»,-ասաց փաստաբանը:

Լրագրողների հարցին՝ ինչ-որ մեկի բողոքի հիման վրա՞ է վարույթ հարուցվել, Ռոման Երիցյանն այսպես արձագանքեց. «Այդ մասով եւս չեմ կարող տեղեկություն տրամադրել: Եթե չեմ սխալվում, ԶԼՄ-ներում տեղ էր գտել տեղեկություն, որ վարույթը նախաձեռնվել է Սամվել Բաբայանի կողմից հրապարակավ կատարված հայտարարության եւ հետագայում՝ ներկայացված հաղորդման հիման վրա: Ես չեմ կարող հայտնել, թե կոնկրետ վարույթն ինչի հիման վրա է նախաձեռնվել, կամ ինչի շուրջ է հարցաքննվում Սամվել Շահրամանյանը: Բայց պարտադիր ցանկանում եմ նշել, որ անգամ այսպիսի ինտենսիվությամբ հարցաքննությունից Սամվել Շահրամանյանը չի խուսափել: Լինելով գերզբաղ ու բազմազբաղ, իսկ այսօր 4-րդ կամ 5-րդ հարցաքննությունն է , ինքը ներկայանում է՝ չնայած բազմազբաղ լինելուն, եւ ամեն անգամ 4-5 ժ-ամ հարցաքննվելուց չի խուսափում: Վարույթով Արցախի նախագահն ունի վկայի դատավարական կարգավիճակ»:

Փաստաբանն ընդգծեց, որ սոցիալական հարթակներում տարածված այն տեղեկությունը, թե իբր Սամվել Շահրամանյանն ունի ձերբակալվածի, կալանավորի, մեղադրյալի կամ փաստացի մեղադրյալի կարգավիճակ, իրականությանը որեւէ կերպ չի համապատասխանում. «Նրան ուղղված մեղադրական բնույթի հարցեր չեն հնչեցվում, թե ինչ նպատակով են այդ հարցերը հնչեցվում, ես կրկին չեմ կարող պատասխանել: Այնուամենայնիվ, ցանկանում եմ վերստին հայտարարել, որ Սամվել Շահրամանյանն ունի բացառապես վկայի կարգավիճակ եւ որեւէ մեղադրանք նրան այս պահի դրությամբ առաջադրված չէ»:

Նա ասաց, որ վերին 2 շաբաթվա ընթացքում Շահրամանյանը հարցաքննվել է 4-րդ անգամ:

Ինչ վերաբերվում է լրագրողի հարցին, թե ինչու է հենց հիմա հարցաքննվում Շահրամանյանը, երբ Արցախի նոր նախագահ պետք է ընտրվեր, Ռոման Երիցյանը հետեւյալը նշեց. «Ես չեմ թաքցնի նաեւ իմ մտահոգությունը այդ մասով, կհայտարարեմ, որ տրամաբանությունը հուշում է այն, որ 2023թ նման փաստի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում Արցախի Հանրապետության նախագահը երեւի թե պետք է լիներ առաջին անձանցից մեկը, ով պետք է այս վարույթի շրջանակում հարցաքննվեր; Իրավաբանական տրամաբանությունը հուշում է հենց այն, որ դեռեւս 2023 թ կամ առնվազն 2024թ վարույթ նախաձեռնելուց հետո մեկ ամիս անց Սամվել Շահրամանյանը պետք է լիներ հարցաքննված: Սակայն նրա հարցաքննությունը սկսվել է հիմա: Առաջին անգամ նա հարցաքննվել է 2025թ մայիսի կեսերին, եւ դեռեւս շարունակական է լինելու հարցաքննությունը, ինչն ինտենսիվ կերպով շարունակվում է: Ես կարող եմ ընդամենը հայտարարել վարույթն իրականացնող մարմնի բարձրաձայնած այն դիրքորոշումը, որ այս վարույթը կրում է նաեւ պատմական բնույթ…»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30