2024 թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի եւ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները
«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը եւ ԿԲ 2024 թ. վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների կատարման վերաբերյալ տեղեկատվությունն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն առաջնորդվել է կատարողականի վերաբերյալ երեք մոտեցմամբ՝ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովում, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածություն ու դիրք, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացում:
Մարտին Գալստյանն անդրադարձել է մակրոտնտեսական միջավայրին, հարկաբյուջետային քաղաքականությանը, խոսել տնտեսական աճի ու գնաճային միտումներից, այս համատեքստում էլ ԿԲ վարած քաղաքականության մասին:
Կարդացեք նաև
Հաշվետու տարում որոշակի նվազել են բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ծախսերը՝ պայմանավորված դրամավարկային քաղաքականության աստիճանաբար մեղմման արդյունքում պետական պարտատոմսերի տոկոսների նվազմամբ: 2024 թ. հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում կրել է չեզոք բնույթ:
Չնայած շարունակվող մարտահրավերներին եւ անորոշություններին, ինչպես նաեւ տնտեսական աճի դանդաղմանն ու կառուցվածքային առանձնահատկություններին՝ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության արդյունավետ համադրման շնորհիվ 2024 թ. հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում:
Այնուամենայնիվ, ձեւավորված մակրոտնտեսական անորոշությունների պայմաններում 2024 թ. իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները շեղվել են միջնաժամկետ եւ երկարաժամկետ նախանշված թիրախներից: Այս համատեքստում, ըստ Մարտին Գալստյանի, ԿԲ-ն կարեւորում է տնտեսական աճի կաուցվածքային առանձնահատկություններից բխող անհրաժեշտ ոլորտային վերաբաշխման միջոցառումների, ինչպես նաեւ պետական կապիտալ ծախսերի նախատեսված ծավալների ապահովման ահրաժեշտությունը: Միջնաժամկետ հատվածում հարկաբյուջետային կայունության եւ տնտեսական խթանների արդյունավետ համադրման շրջանակում Կենտրոնական բանկն ընդգծում է կառավարության նպատակադրված թիրախներն ապահովող արդյունավետ միջոցառումների հետեւողական իրականացման կարեւորությունը:
ԿԲ-ի վարչական ծախսերի նախահաշիվը հաշվետու տարում 10.3 մլրդ դրամ է կազմել, որի դիմաց կատարողականը եղել է 84 տոկոս: Վարչական ծախսերի կատարողականի 99 տոկոսը կազմել են ապարատի պահպանման ծախսերը, որոնց գծով կատարողականը կազմել է 84 տոկոս: Կապիտալ ներդրումների ծրագրի գծով կատարողականը կազմել է 2 մլրդ դրամ:
«Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, էական առումներով, տալիս է ճշմարիտ եւ իրական պատկեր: Հաշվեքննիչ պալատը 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում»,- ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը:
Հաշվեքննիչ պալատն իրականացրել է եռամսյա բյուջեների կատարման 32 հաշվեքննություն: 83 անհամապատասխանություն է արձանագրվել 8 գերատեսչությունում, 3 մարմնում արձանագրվել է 6 խեղաթյուրում: Խեղաթյուրումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3,1 մլրդ դրամ: Արձանագրված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների հիման վրա ներկայացվել են 48 կանխարգելիչ եւ ուղղիչ բնույթի առաջարկներ:
Խոսելով հաշվետու տարում Հաշվեքննիչ պալատի բյուջեի կատարման հիմնական ցուցանիշների մասին՝ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ՀՊ ծախսերը կազմել են ավելի քան 1 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրի 88 տոկոս կատարողական:
Հաշվետու տարում հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի իրականացրած 41 հաշվեքննության արդյունքները:
ԱԺ