«ՆԳՆ-ում իմ նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել։ Կադրային փոփոխությունները, կարծում եմ, բնական են եւ դրանում որեւէ արհեստական բան չկա։ Կադրային փոփոխությունները ինչ-որ տեղ գալիս են նաեւ օգնելու, որ մենք այլ հայացքով, նոր մոտեցմամբ նայենք տարբեր հարցերի, որոնց որ տարիներ շարունակ այլ կերպ ենք նայել՝ բնականորեն։ Ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում է, որ կարիք կար ունենալ կադրային փոփոխություն, որը որ կօգներ ոստիկանական համակարգի բարեփոխումներին էլ ավելի թարմ աչքով նայել, էլ ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու եւ գնալու առաջ։ Սա է եղել բացառապես, պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը։ Պետք չի փնտրել ինտրիգներ, պետք չի փնտրել միջանձնային տարբեր հարցեր, այլ հիմնավորումներ, որոնք որ կարող էին լինել ձեր պատկերացմամբ՝ պաշտոնից ազատվելու հիմքում։ Որեւէ պաշտոնատար անձ հավերժ չէ»,- խորհրդարանում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով Գեղամ Մանուկյանի հարցին։ Հարցը վերաբերում էր ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությանը։
Ըստ Արփինե Սարգսյանի, այդ տրամաբանությամբ է առաջարկել վարչապետին՝ իրեն տեղակալ նշանակել մի մարդու, որը եղել է համակարգում, նորից վերադառնում է համակարգ։
Գեղամ Մանուկյանը հարցը ձեւակերպել էր այսպես՝ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ազատվեց պաշտոնից՝ միանալով այն պաշտոնյաներին, ովքեր ՀՀ-ում ոչ թե ՀՀ-ին ծառայեցին, այլ Նիկոլ Փաշինյանին եւ համալրեց «պռոբկի պես» պաշտոններից ազատվողների շարքը։ Նա հետաքրքրվեց՝ ի՞նչ պատճառով է ծառայությունից ազատվել գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, արդյոք ճիշտ են մամուլում եղած տեղեկությունները, որ խնդիրը կապ ունի վարորդական վկայականների հետ։ Նաեւ նկատեց, որ նորանշանական ոստիկանապետ Արամ Ղազարյանի ներկայացման ժամանակ Արամ Հովհաննիսյանը ներկա չէր․ «Արամ Հովհաննիսյանը այդքան նեղացե՞լ էր, որ այդքան ծառայեց, քաղաքացիների նկատմամբ այդքան բռնություն կիրառեց․․․ մի դեպքը մինչեւ հիմա սարսուռով եմ հիշում, երբ որ մի հատ 30 մետրանոց ոստիկանական պատ կար, ցուցարարին մտցնում էին պատի մեջ՝ քացով, ծեծելով հասցնում էին մինչեւ ոստիկանական մեքենա։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ ծեծվեցին այդ օրը՝ Արամ Հովհաննիսյանի անմիջական ցուցումով»։
Կարդացեք նաև
Արփինե Սարգսյանը բացատրեց, որ Արամ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ինքը հարգելի պատճառով չի կարողացել մասնակցել նոր ոստիկանապետի ներկայացման արարողությանը, բայց ինքը իր շնորհակալությունն է հայտնել Արամ Հովհաննիսյանին՝ 30 տարի համակարգում աշխատելու եւ ներդրած ջանքերի համար։
Արփինե Սարգսյանը նաեւ չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանը, որ ՀՀ-ում կա պաշտոնատար անձ, որը ծառայում է անձին, այլ ոչ օրենքին եւ իր պաշտոնից բխող լիազորություններ չի կատարում, այդ թվում՝ նաեւ իր տեղակալ ոստիկանապետը։ Այլ պարագայում, իրավական ընթացակարգ կա։ Նաեւ ասաց, որ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկության մասով մամուլում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ