Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների լավագույն շահը իրենց հայրենիքում սեփական ինքնությամբ ազատ ապրելու իրավունքի երաշխավորումն է

Հունիս 04,2025 16:45

Հունիսի 4-ը բռնության և ագրեսիայի ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 4-ը սահմանեց որպես բռնության և ագրեսիայի ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր՝ նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել պատերազմական հանցանքների, էթնիկ զտումների, բռնի տեղահանությունների պատճառով երեխաների կրած ֆիզիկական, հոգեբանական, հուզական տառապանքները և բարձրացնել միջազգային իրազեկվածությունը նրանց ոտնահարված իրավունքների պաշտպանության հարցում։

Այս օրը ևս մեկ ազդակ է հիշեցնելու ՄԱԿ-ի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության հարցում։

Օրվա հիմքում դրված են այն սկզբունքները, որոնք ամրագրված են 1989 թ․ Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով՝ մի փաստաթուղթ, որով աշխարհի առաջնորդները պատմական պարտավորություն են ստանձնել պաշտպանելու երեխաների իրավունքները։ Ադրբեջանը 1996 թվականից անդամ է կոնվենցիային՝ ստանձնելով պարտավորություն պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունք՝ անկախ նրա ծագումից, ազգությունից կամ կարգավիճակից։

Կոնվենցիայի 38-րդ հոդվածը սահմանում է, որ Կոնվենցիայի անդամ պետությունները, ներառյալ Ադրբեջանը, «պարտավորվում են հարգել և ապահովել հարգանք իրենց վրա կիրառելի միջազգային հումանիտար իրավունքի կանոնների նկատմամբ զինված հակամարտությունների ընթացքում, որոնք առնչվում են երեխաներին»։ Կոնվենցիան ներառում է մի շարք հիմնական իրավունքներ երեխաների համար, այդ թվում՝ կյանքի իրավունք, ինչպես նաև օրենքի կողմից պաշտպանության իրավունք՝ «նրա անձնական կյանքի, ընտանիքի, տան կամ նամակագրության, կամ նրա պատվի և համբավի նկատմամբ կամայական կամ ապօրինի միջամտությունից զերծ պահելու կամ հարձակման ենթարկվելու դեմ»։

Բայց 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված վեցշաբաթյա պատերազմի, Լաչինի միջանցքի շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Արցախի շուրջ 30․000 երեխաներ բռնի տեղահանության հետևանքով զրկվեցին իրենց կենսական իրավունքներից՝ հայրենիքում ապահով կյանքի, ինքնության, ազատ տեղաշարժի, ռազմական գործողություններին չմասնակցելու, ֆիզիկական և հոգեկան բռնությունից զերծ մնալու, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի, անվտանգ ապաստան ստանալու, ինչպես նաև կրթության և մշակութային կյանքի լիարժեք մասնակցության և ինքնության բնականոն շարունակականությունը ապահովելու իրավունքից։ 2020 թվականից ի վեր, մարդու իրավունքների ամենատարբեր զեկույցներում փաստագրվել են անգամ պատերազմի ու բռնությունների արդյունքում թիրախավորված երեխաների մահվան, ծանր վիրավորումների, թերսնուցման ու դրանց հետևանքով տարբեր հիվանդությունների առաջացման դեպքեր։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում միջազգային կառույցներին պաշտպանել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ու պատերազմական հանցանքների հետևանքով իրենց հիմնարար իրավունքներից զրկված երեխաների իրավունքները։

Մենք կոչ ենք անում, որ 1997 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 51/77 բանաձևի հիմքով ստեղծված՝ երեխաների և զինված հակամարտությունների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի մանդատը լիարժեքորեն ծառայեցվի բոլոր երեխաների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանությանը։

Մենք հրամայական ենք համարում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց հիմնարար իրավունքներից զրկված ու բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանությունը ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի չորս հիմնարար սկզբունքների հիմքով՝ ոչ խտրականությանը, երեխայի լավագույն շահի առաջնահերթության ապահովմանը, կյանքի, գոյատևման և զարգացման իրավունքի իրացմանը, ինչպես նաև երեխայի՝ լսվելու իրավունքի երաշխիքների ապահովմանը։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների լավագույն շահը իրենց հայրենիքում սեփական ինքնությամբ ազատ ապրելու իրավունքի երաշխավորումն է, սեփականության, գույքի և մշակութային ժառանգության պաշտպանությունը, առանց խտրականության իրենց բնականոն զարգացման ապահովումը, արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացումը։

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30