Մարդն ամբողջ կյանքում սոցիալացման փուլերով է անցնում: Այդ ճանապարհը տարբեր է բոլորի համար: Հարցը չափազանց նուրբ է, երբ առնչվում է աուտիզմով երեխաներին ու դեռահասներին: Այդ դեպքում պահանջվում են մասնագիտական լուրջ ջանքեր՝ անհատական մոտեցում, աշխատանք ընտանիքների հետ, հատուկ մեթոդաբանություն և շփման միջավայրի ընտրություն: Այդ առումով բնությունն անփոխարինելի է. բաց միջավայրը միմյանց և հասարակության հետ վարքագծային ընդունելի կանոններով շփվելու բացառիկ հնարավորություն է տալիս:
Ներփակված աշխարհից հասարակությանն ինտեգրման համար աուտիկ սպեկտրի խնդիրներ ունեցող 253 երեխա և դեռահաս շենքային պայմաններում ձեռք բերված հմտությունները ժամանակ առ ժամանակ ընդհանրացնում է բնության մեջ: Սոցիալացման այս մեթոդն իրականացվում է փոքրիկ խմբերով՝ առավելագույն արդյունք ստանալու նպատակով: «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի մասնագետները հերթական զբոսանքը կազմակերպել են Գառնի-Գեղարդ զբոսաշրջային ակտիվ գոտում:
Բնության մեջ սոցիալացման մեթոդը յուրօրինակ «քննություն» է համարվում: Շենքային պայմաններում ուսուցանված սոցիալական պատմություններն իրական կյանքի դրվագներ են դառնում բնական միջավայրում: Դա թույլ է տալիս գնահատել նաև մասնագետների ջանքերի արդյունքը ամբողջ շղթայում՝ էրգոթերապիա, երաժշտաթերապիա, արտթերապիա… վարքագծային ընդունելի կանոնների ընդհանրացումն այստեղ առավել ազատ է: Հերթական խմբի զբոսանքն այդ առումով եղել է հաջողված: Բաց միջավայրը առավել նպաստավոր է դարձել վերբալ և ոչ վերբալ հաղորդակցական հմտությունները զարգացնելու, ինքնասպասարկվելու, մյուսների հույզերն զգալու և սեփականն արտահայտելու համար: Փոքր հաղթանակներն ու դրական փոխազդեցությունները բարձրացրել են երեխաների ինքնագնահատականը։
Կարդացեք նաև
Viva-ն երկար տարիներ աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին: Ընկերությունը 19 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 251 մլն դրամ: Մասնագետների երկարատև ու տիտանական աշխատանքը և ընտանիքների հետ համագործակցությունը նկատելի, երբեմն նաև անսպասելի հաջողությունների հասնելու հնարավորություն են տվել:
Կենտրոնն իր աշխատանքը սկսել է 2006 թվականին՝ 5 մասնագետի հետ աջակցելով 5 ընտանիքի: Այսօր կենտրոն է հաճախում արդեն 253 երեխա: 60 մասնագետ իրականացնում է կրթաբուժական, հաբիլիտացիոն համալիր ծրագիր, որը ներառում է լավագույն փորձի վրա հիմնված թերապիա, մասնագիտական ուսուցում, խոսքի զարգացում, արվեստ, ավազաթերապիա և շատ ավելին: «Իմ ուղին» ունի իր կարգախոսը՝ «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»: Այստեղ առաջընթացը կարևոր ձեռքբերում է համարվում, որին հասնում են մասնագետների նվիրման և նրանց վստահող կազմակերպությունների աջակցության շնորհիվ: