Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքս մազից էր կախված ու ես համոզված էի, որ հենց այդտեղ էլ կսպանեն ինձ». «Ապառաժ»

Հունիս 04,2025 17:56

«Ապառաժ». Սրբուհի Վանյանն Արցախի Հարությունագոմեր գյուղից է։ Աշխատում էր Զարմիկ Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին հրետակոծությունները, 8-րդ դասարանում էր։ Դպրոցում խուճապ սկսվեց, տնօրենը մտավ դասարան ու հրահանգեց երեխաներին տուն ուղարկել․ նորից պատերազմ է․․․

-Աշակերտներին ուղարկեցի տուն՝ փորձելով հանգստացնել, որ շուտով կավարտվեն ձայները և վախենալու բան չկա։ Հետո վազեցի 7-րդ դասարանում սովորող փոքր աղջկաս՝ Սևանայի մոտ․ նա լացում էր։ Ինչքան էլ փորձեցի, չկարողացա հանգստացնել նրան․ երեխան արդեն հասկացել էր, որ շատ սարսափելի բան է տեղի ունենում։ Գնացինք տուն, որտեղ միայն կրտսեր որդիս էր՝ Գոռը։ Շատ անհանգիստ էինք, որովհետև ամուսինս ու ավագ որդիս մարտական դիրքերում էին, ավագ աղջիկս Ստեփանակերտում։ Ամուսինս՝ Գագիկը, Հաթերքի զորամասում, տղաս՝ Մակբեթը, Մաղավուզի ուղղությունում։ Հնարավոր չէր կապվել նրանց հետ, քանի որ արդեն կապերը լրիվությամբ խզվել էին։ Երեկոյան կողմ երկու երեխաներիս հետ գնացինք գյուղամեջ։ Քիչ հետո լսեցինք, որ Չափար գյուղը տարհանվում է։ Նորից հետ ենք գնում տուն ու ժամը 11-ին բոլորին հրահանգում են հավաքվել գյուղամեջում, ասելով, որ տարհանվում ենք Դրմբոն։ Երկու մեքենա ունեինք, սակայն վառելիք չկար, որ մեր մեքենաներով դուրս գանք գյուղի և մյուս համագյուղացիների հետ բեռնատար մեքենայով դուրս եկանք գյուղից՝ չիմանալով, որ այլևս հետ չենք վերադառնալու։ Պողոսագոմերի ճանապարհին վարորդը կանգնեցրեց մեքենան ու ասաց, որ իրեն կանչում են ծառայության վայրից։ Այդպես մենք մնացինք ճանապարհին կանգնած։ Մեր մեջ կային և՛ տարեցներ, և՛ բազմազավակ երեխաներ։ Լուսադեմին զանգեցինք համայնքի ղեկավարին ու մեքենա խնդրեցինք։ Մինչև մեքենան կգար, գնացինք ճանապարհի մոտ մի շինության մեջ պատսպարվեցինք։ Կեսօրին մոտ գյուղապետը մեքենա է ուղարկում ու մենք հասնում ենք Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել։ Մերոնցից ոչ մի լուր չկար։ Օդանավակայանից գնացինք Ստեփանակերտ, մեծ աղջկաս՝ Գայանեի մոտ։ Մեզ տեղեկություն հասավ, որ իբր ամուսնուս դիրքի բոլոր տղաները զոհվել են։ Մեզ կորցրել էինք․ գնացինք դիահերձարան, նայեցինք ցուցակները․ ամուսնուս տվյալները չկային։ Սեպտեմբերի 21-ին լուր ստացանք, որ Գագիկը ողջ է՝ տեսել են Գետավանում։ Հաջորդ օրը զանգ ստացանք տղայիցս ու վերջապես հանգստացանք։ Սեպտեմբերի 25-ին ընտանիքս հավաքվեց։

Գագիկը պատմում է, որ հրաշքով է ողջ մնացել, մինչև հիմա չի հավատում, թե ինչպես է դուրս պրծել թշնամու ձեռքից։

-Սեպտեմբերի 24-ին ընկերոջս հետ ոտքով մեր դիրքից հասանք գյուղ ու տեսանք, որ այն արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր։ Մեզ վրա սկսեցին կրակել ու մենք վազեցինք տարբեր ուղղություններով՝ հնարավորինս խուսափելով թշնամու գնդակներից։ Ես մի կերպ հասա մեր տուն, որը գյուղի վերևի մասում էր գտնվում։ Մեր տանից քիչ վերև արդեն թշնամին դիրքավորվել էր։ Սողեսող մտա տուն, տեսա՝ այն արդեն տակնուվրա արված։ Հասկացա, որ թշնամին մտել է մեր տուն։ Շորերս փոխեցի, որովհետև ամբողջովին արյունոտ էր, քանի որ վիրավորների էի օգնում։ Մեր գումարտակը մեկ օր տևած պատերազմում 53 զոհ է տվել ու բազմաթիվ վիրավորներ։ Գիշերը մնացի տանը, մի քիչ հանգստացա ու առավոտյան շուտ դուրս եկա ու գնացի դեպի Վանք գյուղը՝ մտածելով, որ այն դեռևս գրավված չի լինի։ Հասա Վանք ու տեսա, որ ոչ մի շունչ չկա։ Հետ դառա դեպի գյուղի ներքևը, որտեղից ինչ-որ ձայներ էին գալիս։ Հետևիցս մեքենա էր գալիս․ համոզված էի, որ հայեր են։ Հանկարծ ադրբեջաներեն լեզվով կանգնեցրին ինձ։ Հասկացա, որ ընկել եմ թշնամու ձեռքը։ Ինձ տարան հրամանատարության մոտ, որտեղ հարցաքննեցին ինձ։ Ես, իհարկե, ստեցի, որ անասնապահ մարդ եմ, ծառայության հետ ոչ մի կապ չունեմ։ Երևի հավատացին, որովհետև քիչ անց ասացին, որ Կարմիր խաչի մեքենայով ինձ կտանեն հայերի մոտ։ Այդ մի քանի ժամվա զգացողությունս մինչև հիմա իմ հետ է, որովհետև կյանքս մազից էր կախված ու ես համոզված էի, որ հենց այդտեղ էլ կսպանեն ինձ։ Աստված պահպանեց ինձ, որ հասնեմ հարազատներիս։

Կարինե Բախշիյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30