Հայաստանի պետական ու եկեղեցական ինստիտուտների ղեկավարների առճակատման հանգուցալուծման մասին
Այսօր Հայ ժողովուրդը կանգնած է անդառնալի կորստի շեմին։ Անկախությունից ի վեր ապրում ենք ամենավտանգավոր ու փխրուն ժամանակաշրջանը։ Երկիրը զրկված է Արցախից՝ իր պետականության կարևորագույն հենարանից, էթնիկ զտման է ենթարկված Հայ ժողովրդի մի մասը, Հայաստանի շուրջ 220 կմ² տարածքն օկուպացված է Ադրբեջանի կողմից, այլ տարածքներ շարունակում են մնալ ռազմական սպառնալիքի տակ։
Երկրի սահմաններին՝ Ադրբեջանից ու Թուրքիայից, հնչում են տարածքային ագրեսիվ սպառնալիքներ։ Հայաստանը, ցավոք, զինված հակամարտության պարագայում կանգնած է լինելու միայնակ՝ իր նախկին դաշնակից Ռուսաստանի լռության և միջազգային հանրության հնչեղ կոչերի ներքո։
Մինչ այդ՝ տարածաշրջանային լարվածության թիրախում է նաև Իրանը, իսկ նրա թշնամի Իսրայելը և իր դաշնակիցները ավելացնում են ճնշման աստիճանները՝ խստիվ վտանգելով ոչ միայն Հայաստանի շուրջ խաղաղությունը, այլև տարածաշրջանային իմաստով, ինչի անդառնալի զարգացման մղիչ կարող է հանդիսանալ ներհայաստանյան բռնկումները։
Կարդացեք նաև
Այս իրավիճակում մեր կառավարական ու հոգևոր առաջնորդները՝ ՀՀ վարչապետն իր թիմով, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Գերագույն հոգևոր խորհուրդը, փոխանակ միասնաբար կանգնելու պետականության ու հավատքի պաշտպանության դիրքերում, իրենց հրապարակային ու կուլիսային վարքագծով հակադրության են տարել երկիրը։ Վերջին օրերի վիրավորանքները, մեղադրանքներն ու ագրեսիվ ելույթները խախտում են ոչ միայն ազգային, ժողովրդավարական ու քրիստոնեական արժեքները, այլև՝ վտանգում Սահմանադրական կարգը, հանրային վստահությունն ու համերաշխությունը։
Պատմության փորձն անվերապահ է. նման թշնամանքի ու պառակտման հետևանքով միշտ գալիս են ցավոտ կորուստներ՝ պատերազմներ, սպանություններ, բռնություններ, արժեքների փլուզում, պետականության կործանում։ Երբ հոգևոր ու պետական իշխանությունները մոռանում են երկխոսության ճանապարհը, դրանից օգտվում են արտաքին ուժերը, բաժանելով ու տրոհելով մեր երկիրը։
«Բացում» նախաձեռնությունը, հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում է՝
ա. Անմիջապես սկսել փակ, ուղիղ բանակցություն՝ Սահմանադրության, ազգային շահի և հոգևոր կյանքի գերադասմամբ։ Առաջին փուլում՝ միայն ղեկավարները և մեկական վստահելի խորհրդական՝ առանց հրապարակայնության, միջազգային ստանդարտներին համապատասխան պետք է երկխոսեն, մինչև կայուն համաձայնության ու հանրային ուղեցույցի մշակման հասնելը։ Մատենադարանը խորհրդանշական իմաստով լավագույն հանդիպման վայրն է, որտեղ միաձուլված է մշակութային, ազգային, հոգևոր ու պետական ինքնությունը, և կարող է կողմերի միջև պահպանել չեզոքություն։
բ. Անհապաղ դադարեցնել պառակտող ու վիրավորական հրապարակային խոսքը։ Խրախուսել սեփական կողմնակիցներին ու հետևորդներին հրաժարվել փոխադարձ մեղադրանքներից, զսպել լարվածությունն ու բռնությունը։ Ուղերձներում ամրապնդել Հայաստանի Հանրապետության, ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքների պահպանումը՝ հանուն ապագայի։ Թշնամու հետ բանակցողները պարտավոր են առաջին հերթին բանակցել ազգակցի ու քաղաքացու հետ, անկախ միմյանց հանդեպ վերաբերմունքից ու հնչեցված խոսքերից, առավել ևս՝ հոգևոր և կառավարական իշխանությունների ղեկավարները։
Այս պահանջների չկատարումը կդիտվի որպես ազգային ու պետական անվտանգության դեմ սանձազերծված միտումնավոր գործունեության շարունակում։ Պատասխանատվությունը անձամբ կընկնի ղեկավարների և նրանց ղեկավար մարմինների վրա՝ անուն առ անուն, կամ այն կողմի վրա, որը կմերժի երկխոսությանը միտված հանդիպումը։ Իրենցից յուրաքանչյուրի քայլը ստանալու է ոչ միայն քաղաքական, այլև պատմական դատավճիռ։
Մենք մարդիկ ենք, ում համար կարևոր են պետականությունը, ազգայինը, հոգևորը, մշակութայինը, որոնց հակադրման եզրերը հղկելով ու փոխլրացնելով է հնարավոր պահել, պահպանել ու զարգացնել ի վերուստ ընծայված հայրենիքը և մեր հայրերի ու եղբայրների ստեղծած պետությունը։ Մենք հանդես չենք գալիս որպես հաշտեցնողներ։ Մենք, հաշվի առնելով խորքային դրդապատճառները, գիտակցում ենք, որ անհնար կլինի երկխոսության քաղաքակիրթ դաշտ բերել արդեն ընդհարված ինստիտուտներին, բացառությամբ մեկ գործոնի՝ ողջախող հանրության, որը ձևակերպված պահանջով կարող է ստիպել երկու կողմերին նստել սեղանի շուրջ։
Մենք կողմ չենք հանդիսանում որևէ մեկին և մեզ համար անընդունելի է որևէ մանիպուլիացիա ու սադրանք՝ գիտակցելով հնչեցված ու տարածված խոսակցությունների թե՛ ակնհայտ սխալականությունը և թե՛ ճշմարտացիությունը։ Մեր հայտարարության պահանջը հստակ է իր ձևակերպման մեջ՝ բանակցել և պայմանավորվել։
Այսպիսով, կոչ ենք անում ողջախոհ հանրությանը՝ չտրվել կողմերից որևէ մեկին «ոչնչացնելու» կեղծ գայթակղությանը։ Վեր կանգնել ամենից, առաջ մղել երկխոսության ու համերաշխության օրակարգը՝ չեզոքացնելու անդառնալի կորստի ներքին աղբյուրները և արտաքին վտանգներին դիմակայելու և մանևրելու կարողությունները բացել՝ հանուն Հայաստանի Հանրապետության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ապագա սերունդների։
«Բացում» նախաձեռնություն