Բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրները Հայաստանում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2023թ․-ից զբաղվում է Ադրբեջանի սանձազերծած գործողությունների պատճառով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությամբ։ Մինչ օրս անվճար իրավախորհրդատվություն է ստացել 2045 արցախցի։
Իրավախորհրդատվության դիմած բռնի տեղահանված անձանց մեծ մասը իրենց կամ ընտանիքի անդամների կարևոր նշանակության իրավահաստատող փաստաթղթեր, օրինակ՝ ծննդյան, ամուսնության կամ մահվան վկայականներ թողել են Լեռնային Ղարաբաղում և հասկանալի պատճառներով չեն կարող ստանալ դրանց կրկնօրինակները, քանի որ ԼՂ-ի տեղեկատվական բազաները փոխանցված չեն Հայաստանի Հանրապետությանը։
Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պարտադիր համարվող անհրաժեշտ հիմնային փաստաթղթերը բացակայում են, բռնի տեղահանված անձինք ստիպված դիմում են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն՝ փաստաթղթերի կրկնօրինակները ձեռք բերելու նպատակով։ Սակայն, ՀՀ ԱՆ ՔԿԱԳ-ը մերժում է բոլոր քաղաքացիներին՝ հիմնավորմամբ, որ բացակայում են անհրաժեշտ փաստերը հաստատող հիմնային փաստաթղթերը։ Նման իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումների պատասխանատվությունը օրենքով վերապահված է նաև ՀՀ նոտարական գրասենյակներին, սակայն վերջիններս հրաժարվում են կատարել հաստատումները նույն պատճառաբանությամբ։
Կարդացեք նաև
Արդյունքում բռնի տեղահանված անձինք ստիպված դիմում են դատական պաշտպանության, վճարում պետական տուրքեր, սպասում ամիսներ եւ իրավունքի իրացումն ապահովվում է միայն վերջնական դատական ակտով։
2023 թ. օգոստոսի 3-ի ՀՕ-265-Ն օրենքով, ՀՀ նոտարիատի մասին օրենքի 81.1 հոդվածի լրացմամբ Նոտարական գրասենյակները լիազորվել են լուծելու վերոնշյալ խնդիրները, մինչդեռ գործնականում գրասենյակները հրաժարվում են կատարել իրենց տրված լիազորությունները։
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները բացի նման չարդարացված վերաբերմունքից, կրում են նաև պետական տուրքի վճարման բեռը, ինչն էլ ավելի է ծանրացնում վերջիններիս մոտ արդեն իսկ առկա ֆինանսական խնդիրները։ ՀՀ պետական տուրքի մասին օրենքով սահմանված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար պետական տուրքի չափը կազմում է 20.000 ՀՀ դրամ, իսկ ԼՂ քաղաքացիների համար չի գործում որևէ բացառություն։
Վերոնշյալ համակարգային խնդիրները լուծելու համար ՀՔԱՎ գրասենյակը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկությամբ
ՀՀ պետական տուրքի մասին օրենքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պետական տուրքերից ազատելու մասին համապատասխան դրույթ ավելացնել
ՀՀ տարածքում գործող նոտարներին հանձնարարել առանց որեւէ բարդություններ առաջացնելու, օրենքով սահմանված կարգով հաստատել անձանց իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը։
Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ Կազմակերպության առաջարկությունները այս պահին քննարկման փուլում են։