Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մնացինք թուրք-ադրբեջանական աքցանի մեջ». Սուրեն Սուրենյանց

Հունիս 04,2025 19:44

«Որպես պրոֆեսիոնալ քաղաքագետ եմ ասում. արտաքին քաղաքականության մեջ, դիվանագիտական հարաբերություններում, չի կարելի մեկ այցը շրջադարձային համարել կամ մեկ այցի հետ կապել բոլոր խնդիրների լուծումները եթե նույնիսկ այցելություն կատարողը այնպիսի հմուտ դիվանագետ է, ինչպիսին Սերգեյ Լավրովն է»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

«Հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամն այս այցով, բնականաբար, չվերացավ: Այլ բան, որ կողմերը, գուցե, մարտավարական լուծման են եկել: Օրինակ, որոշել են կառավարել այդ ճգնաժամը, մեղմել փոխադարձ հռետորաբանությունը, ինչը նկատելի էր: Լավրովի այցը շոշափելի արդյունք կարող էր ունենալ, երկու նշանային խնդիր նշեմ, եթե մեկում որեւէ առաջընթաց լիներ: Օրինակ, որոշակի լուծում գտնվեր Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման խնդրում: Այ, դա կլիներ նշանակալի քայլ: Կամ, օրինակ, Հայաստանի ղեկավարությունը հայտարարեր, որ վերադառնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նոյեմբերի 9-ի համատեքստ: Այ սրանք կարելի էր համարել ինչ-որ շրջադարձային բան եղավ: Ինչպես մենք տեսանք, այդ հարցերից որեւէ մեկի վերաբերյալ հստակ տեղաշարժեր չկան: Բայց դրանով հանդերձ, չի կարելի անտեսել այդ այցի փաստը, նաեւ այն փաստը, որ մի քանի օրից էլ Երեւանում հյուրընկալվելու է տիկին Մատվիենկոն:

Իմ կարծիքով, հայ-ռուսական հարաբերություններում որոշակիացումներ կլինեն միայն այն բանից հետո, երբ որ գլոբալ համաձայնություններ ձեռք բերվեն: Հիմա ընդհանրապես տուրբուլենտություն է եւ զուգահեռաբար տեղի է ունենում նոր աշխարհակարգի կայացման հետ բավականին բարդ պրոցեսը, որի բանալիներից մեկը ուկրաինական պատերազմն է: Եվ մինչեւ այդ հստակեցումները չլինեն եւ աշխարհը, ավելի պարզ ասենք, ազդեցության գոտիների չբաժանվի, իսկ մենք վերադառնում ենք դեպի այդ շրջանը: Միայն դրանից հետո Ռուսաստանը, մյուս աշխարհաքաղաքական տերությունները բավարար ռեսուրս կունենան՝ յուրաքանչյուրն իր ազդեցության գոտում իր ազդեցությունը ռեալիզացնելու ուղղությամբ:

Պարոն Աղազարյանի հետ համաձայն եմ այն կետին, որ հնարավոր չի քաղաքական մեյմունությունը ռացիոնալ քաղաքականություն համարել, ինչով զբաղված էր Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Եթե եվրաինտեգրումը կամ ԵՄ-ին անդամակցությունը սահմանափակվեր հայտարարության, հռչակագրի մակարդակով, կարող էինք մեծ ռիսկեր չտեսնել, մանավանդ, որ Հայաստանը Եվրամիության հետ ինտեգրացիայի բավականին լավ փաստաթուղթ ունի՝ ՍԵՊԱ-ն, որն ի դեպ ամբողջովին ռեալիզացված էլ չի:

Բայց երբ որ դու ընդունում ես օրենք, որն արդեն պարտադիր է կատարման համար՝ օրենքը չեն քննարկում, կատարում են, հետո Սերգեյ Լավրովի ներկայությամբ ասում ես՝ ԵՄ-ին ինտեգրվելու օրակարգ չունենք, այլ խոսքով, երբ որ ռուսների հետ հանդիպելուց հնչեցնում ես նախադասություններ, որ հաճելի են ռուսներին, արեւմտյան կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպելուց հնչեցնում ես հայտարարություններ, որ նրանց է հարազատ, նշանակում է՝ դու այնքան պրիմիտիվ ես, որ Պուտինի, Մակրոնի, Թրամփի եւ մյուսների հետ վերաբերվում ես այնպես, ինչպես ախուրյանցի Անոյի հետ. այդ կնոջ հետ ես անձնապես ոչինչ չունեմ, զոմբիացման կոդն եմ ուզում նշել: Չի կարելի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ նման ոչ բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերել ու բոլորին խաբել:

Ես վստահ եմ, Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության մեջ էլ կոնցեպտ չունի: Որ հպարտանում էր, ասում, որ մենք «իզմեր» չունենք, ես վստահ եմ, որ հայեցակարգ, կոնցեպցիա չկա նաեւ արտաքին քաղաքականության մեջ: Բայց 2021 թվի դեկտեմբերից, ավելի կոնկրետ՝ 2022-ի սկզբից, Նիկոլ Փաշինյանը որդեգրել է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքականություն, եւ դա արտահայտվում է 2020 թվի նոյեմբերի 9-ի համատեքստից դուրս գալու եւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը եվրոպական հարթակներում շարունակելու ցանկության կամ քաղաքականության հետ:

Հետեւանքն ինչ է եղել, բոլորս գիտենք: Ալիեւը Նիկոլ Փաշինյանին «արածացրեց» Բրյուսելի եւ Պրահայի արոտավայրերում, կլանեց Ղարաբաղը, որից հետո շանտաժի, հարկադրանքի միջոցով մերժեց նաեւ արեւմտյան հարթակները: Եվ մենք մնացինք, ըստ էության, թուրք-ադրբեջանական աքցանի մեջ»,-ասաց քաղաքագետը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30