Այսօր Գյումրու թիվ 15 դպրոցում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը։ Այն շատ տարբերվող էր․ միախառնված էին մարզական ու սպորտային միջոցառումները․ մեկ ականատես էիր լինում որևէ սպորտաձևի մրցման, մեկ էլ՝ խրոխտ ազգային- հայրենասիրական պարերի ու երգերի կատարման։ Միջոցառումն առանց ելույթների էր․ ստեղծել էին հատուկ մթնոլորտ՝ ազգայինը մեկ անգամ ևս զգալու ու ոգեշնչվելու համար։
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին նվիրված սպորտլանդիային, որը կրում էր «Առողջ մարմնում առողջ հոգի» խորագիրը, մասնակցեցին ու մրցեցին Գյումրիի երեք՝ թիվ 9, 11 ու 15 դպրոցների դպրոցների տնօրեններն ու աշխատակիցները։ Նրանց հագուստները եռագույն էին, ՀՀ դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։
Կարդացեք նաև
Առաջին տեղը գրավեց Գյումրու թիվ 11 դպրոցը, երկրորդ տեղը՝ 15 և երրորդ տեղը՝ թիվ 9 դպրոցը։ Հասկանալի է, որ այստեղ կարևորը ոչ թե մրցակցելն էր, այլ մեկ անգամ ևս Հայաստանի անկախությունը կարևորելը, ազգայինը վեր հանելն ու միասնության գաղափարը շեշտադրելն էր։ Պատահական չէր այս երեք դպրոցների անձնակազմերի միասնության շուրջպարով հանդես գալը։
Ի դեպ, ժյուրիի կազմում էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որը ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց այս նախաձեռնության շրջանակն ընդլայնել ու մարզային մակարդակով մեծ սպորտլանդիա կազմակերպել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ