2024 թվականը Telcell ընկերության համար շրջադարձային էր՝ բաց բաժնետիրական ընկերություն դառնալուց ու բաժնետոմսեր թողարկելուց մինչև Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի գործարկում: Նախորդ տարի իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու հետագա զարգացման տեսլականը ներկայացվեց բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում: Ներկա էին ինչպես խոշոր, այնպես էլ մանր բաժնետերերը:
«Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի խոսքով՝ 2024 թվականը ընկերության համար բավականին հագեցած և իրադարձություններով լի էր:
«2024–ի սեպտեմբերին մենք հայտարարեցինք բաժնետոմսերի հրապարակային թողարկման մասին և հնարավորություն ստեղծեցինք հանրությանը՝ մասնակիցը դառնալ մեր ընկերության զարգացման ուղու, մեր ընկերության ձեռքբերումների: Եվ ի շնորհիվ նաև մեր ֆինանսական շուկայի զարգացման տենդենցների՝ մեր բաժնետոմսերը սահմանված ժամկետից 1 օր էլ շուտ սպառվեցին»,–ասաց Արտյոմ Ղազարյանը:
Կարդացեք նաև
Ավելի քան 4 մլն բաժնետոմս սպառվեց 2 ամսվա ընթացքում: Այսօր ընկերությունն ունի շուրջ 3600 բաժնետեր:
«Հավատարիմ մնալով մեր դիվիդենտային քաղաքականությանը՝ մենք այս տարի գրանցված շահույթի շուրջ 79 տոկոսը տեղաբաշխելու ենք որպես դիվիդենտ, տրամադրելու ենք որպես շահաբաժին, որն առաջ է բերում շուրջ 9 տոկոս շահութաբերություն: Այսինքն՝ եթե մեր բաժնետերը ձեռք է բերել բաժնետոմսը՝ 400 դրամով, ներկայումս յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կստանա 36 դրամ շահաբաժին: Սա, կարծում եմ, որ աննախադեպ է, և հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացման համար շատ գործուն քայլ է, քանի որ այդ շահաբաժնի չափը գրանցվել է ընդամենը 6–7 ամիսների համար»,–ընդգծեց Ղազարյանը:
«Ընկերության հասույթը մոտ 8 տոկոսի չափով աճ գրանցեց: Telcell–ի էկոհամակարգով կատարված վճարումների ծավալը գերազանցեց 900 մլրդ–ի շեմը»,–նշեց ընկերության գլխավոր տնօրենը:
Ընկերության կապիտալը 2023–ի համեմատությամբ աճել է շուրջ 44 տոկսով: Էականորեն՝ շուրջ 80 տոկոսով աճել է Telcell Wallet հավելվածի ակտիվ օգտատերերի քանակը: Հավելվածի միջոցով ստացված վարկերի ծավալը աճել է 25%-ով: Հաշվետու տարվա ընթացքում թվային Visa տեսակի քարտերի քանակը աճել է 40 հազարով: Ընկերության տերմինալային ցանցը ևս աճել է՝ շարունակելով պահել առաջատարի դիրքերը շուկայում.ողջ հանրապետության տարածքում ավելի քան 5000 տերմինալ: Telcell–ի էկոհամակարգի միջոցով իրականացված գործարքների քանակն ամսական կտրվածքով գերազանցում է 12 մլն գործարքը:
«Այս ամբողջ արդյունքները պետք է մեր բաժնետերերի համար հիմք հանդիսանան լավատեսության ու վստահության, որ հետագա տարիների ընթացքում ընկերությունը շարունակելու է իր դինամիկ զարգացումը»,–ընդգծեց Արտյոմ Ղազարյանը:
Ընկերությունը շարունակաբար ներդրումներ է կատարում, ներգրավում է շուկայի լավագույն մասնագետներին, արդիականացրել և շարունակում է արդիականացնել նաև իր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Այս առումով Telcell–ը ստացել է նաև հեղինակավոր հավաստագրեր, որոնք վկայում են ընկերության տեխնոլոգիական հենքի, միջազգային չափանիշներին համապատասխանելիության մասին:
Telcell–ը մտադիր է զարգացնել իր ենթակառուցվածքները: Սպասվող ենթակառուցվածքային նորարարություններն են տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորությունը, Telcell-ի Visa Digital քարտի միջոցով կանխիկացման հնարավորությունը, նաև նոր սերնդի ունիվերսալ Telcell բանկոմատների ներդրումը:
«Բացի այդ ամեն ինչից մենք նախատեսում ենք վերազինել ու վերափոխել մեր հավելվածը, որը կհամապատասխանի օգտատերերի փորձառությանը: Նաև արհեստական բանականության էլեմենտների կիրառման արդյունքում կունենանք ավելի ադապտացված, ավելի հարմարեցված հավելված, որը բնորոշ է միջազգային շուկայում առաջատար տեխնոլոգիական լուծումներ տրամադրող ընկերություններին»,–ասաց Ղազարյանը:
Բաժնետերերի ընդհանուր ժողովի ընթացքում ընկերության գլխավոր տնօրենը պատասխանեց բաժնետերերին հուզող տարաբնույթ հարցերի: Ընդհանուր ժողովը հաստատեց «ԹԵԼ–ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերության 2024 թվականի հաշվետվությունը, նաև արտաքին աուդիտորի կողմից հաստատված՝ընկերության 2024թ ֆինանսական հաշվետվությունը: Հաստատվեց նաև ընկերության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ:
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։