Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնի տեղահանվել են Ստեփանակերտից, կարոտում են ու հավատում, տուն են վերադառնալու

Հունիս 04,2025 23:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունիսի 3-ին Երևանում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի տարածքում հերթական ուրախ տրամադրությունն էր տիրում։ «Աշխարհն Արցախի երեխաների աչքերով» խորագիրը կրող ցերեկույթն էր՝ կազմակերպված կենտրոնի «Հուսով լի և առողջ մանկություն» տարվա ամփոփիչ ծրագրի շրջանակներում։

30 և ավելի տարիների պատմություն ունեցող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնը, տնօրեն Մովսես Պողոսյանի գլխավորությամբ, բազում մարդասիրական ու հայրենասիրական ծրագրեր է իրականացրել։

Կենտրոնի հոգսերը կրկնապատկվեցին Արցախյան 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի և դրանից հետո Արցախում կատարված տխուր իրադարձությունների հետ կապված։ Մինչ այդ էլ կենտրոնի որոշ ծրագրերի շահառուներ էին սիրիահայ փախստականները։

«Հուսով լի և առողջ մանկություն» ծրագիրը նպատակ ունի բարելավել Սիրիայից, Արցախից բռնի տեղահանված երեխաների, ինչպես նաև տեղաբնակ երեխաների հոգեբանական վիճակը։ Այժմ ծրագրում ընդգրկված են 150 երեխա՝ Արցախից, Սիրիայից տեղացի կարիքավոր ընտանիքներից։ Այստեղ երեխաները մասնակցում են նկարչական, երգ ու պարի, ձեռագործության և այլ դասընթացների, որոնք անցկացնում են արհեստավարժ մասնագետները։ Հաճախ շահառուների թիվը կրկնապատկվում է։

Հունիսի 3-ին տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Շահառու երեխաների մեծ մասը արցախցիներ էին՝ բռնի տեղահանված իրենց տներից։ Ցերեկույթն սկսվեց լարախաղացի ելույթով՝ ուրախ տրամադրություն և առավելապես զարմանք հաղորդելով երեխաներին։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին նաև գեղանկարչության, կավճանկարչության և տիկինիկագործության մրցույթներ։ Երեխաները ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքները և հանդես եկան երաժշտական և պարային համարներով։

Ներկաներին ողջունեց «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի գործադիր տնօրեն Մ․ Պողոսյանը՝ ներկայացնելով օրվա ծրագիրը։ Դիմելով ներկա երեխաներին՝ ասաց․ «Թույլ տվեք իմ հույսերն իրականանան․ իմ հույսերը կապված են ձեզ հետ։ Դուք եք մեր ապագան, և ամեն անգամ երբ հոգնած եմ լինում կամ տխուր, միշտ գալիս եմ ձեզ մոտ, որովհետև ձեզանից է ճառագում այն հույսը, որ ունենք հզոր ապագա։ Արցախցի իմ բալիկներ, շնորհակալ եմ ձեզանից, որ թույլ եք տալիս ծառայել ձեզ․․․»։

Հավելեց նաև՝ իրենց ծրագրերն ավելի ընդլայնում են, բայց բոլորի հիմքում ընկած է ապագայի հույսը, որի հիմնական երաշխավորը մեր երեխաներն են։ Բոլորին շնորհավորեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա և ուստարվա ավարտի առթիվ՝ նշելով՝ ամռան ծրագրի շրջանակներում տարածքում գործելու է նաև լողավազան։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գերմանիայի Օստալբի շրջանի նախկին Վարչական ղեկավար, «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի խոսնակ, Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության փոխնախագահ Կլաուս Պավելը՝ ասելով․ «Սիրելի երեխաներ, ես շատ ուրախ եմ, որ այս կարևոր օրը նշում եմ ձեզ հետ միասին»։ Ապա հարց տվեց երեխաներից մեկին՝ ու՞մ է պատկանում այս աշխարհը, որտեղ բոլորը միասին ապրում են։ «Բոլորին․․․», -պատասխանեց աղջնակը։

Իսկ Կլաուս Պավելը հավելեց՝ աշխարհը պատկանում է երեխաներին, ու նշեց՝ մշտապես է աջակցելու «Հուսո տուն» կենտրոնին, և այստեղ է իր ընկերների հետ։ Երեխաներին տոնի առթիվ շնորհավորեց ու Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կատարող «Արամ-արջուկ» նվերներ հատկացրեց Երևանի քաղաքապետի տիկինը՝ կարևորելով «Հուսո տուն» կենտրոնի դերը, որ երեխաներն այստեղ պաշտպանված են։ Վերջում մրցույթի մասնակից ու հաղթող երեխաները պարգևատրվեցին գովասանագրով ու նվերով, ըմբոշխնեցին կենտրոնի խոհարարների (նաև արցախցիներ) ձեռքով պատրաստած ուտեստները։

Մ․ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, որ երեխաներին նվիրված օրը նման տոնականությամբ անցավ։ Կարևորեց գործընկերների դերը, ովքեր մշտապես են աջակցում «Հուսո տուն» կենտրոնի բարեգործական ծրագրերին։ Այդ օրը կենտրոնի ծրագրին աջակցեցին «Թամարա» ՍՊ և «Աշտարակ կաթ» ընկերությունները, ինչպես նաև՝ անհատ բարերար Բագրատ Խաչատրյանը՝ տրամադրելով պաղպաղակ և զովացուցիչ ըմպելիքներ։ Ընթացքում զրուցեցի ցերեկույթին մասնակից երեխաների, նրանց ծնողների, տեղում դասավանդող ուսուցիչների, երևանցի երիտասարդ կամավորների հետ։ Վիկտորյա Դաբաղյանը պարուսույց է և աշխատում է հիմնականում արցախցի երեխաների հետ։

Գոհ է՝ շնորհալի երեխաներ են, և սիրով է աշխատում նրանց հետ։ Այդ օրն էլ Վիկտորյայի սաները հանդես եկան՝ մեծ ոգևորություն պատճառելով ներկաներին։ Սոֆի և Յուլյա Սաղաթելյան քույրիկները 2023-ին են բռնի հեռացել Ստեփանակերտի իրենց տնից։ Կարոտում են իրենց տանը, դպրոցին, հավատում են՝ վերադառնալու են։ Բնակվում են Երևանում, այցելում են «Հուսո տուն» կենտրոնի նկարչության դասընթացներին և շնորհակալ են իրենց ջերմ ընդունելու համար։ Նատալին ու Մանեն էլ Հադրութից են, այժմ Երևանում են բնակվում, իսկ «Հուսո տուն» սիրով են այցելում։

Մարինե Շամամյանը Մարտունու շրջանի Գիշի գյուղից է, արդեն 6-րդ դասարանի աշակերտ թոռան՝ Սերժ Շամամյանի հետ էր այստեղ։ Վարձով են բնակվում Նոր-Նորքում։ Կարոտում է հայրենի գյուղին։ Թոռանը Սերժ են կոչել ի պատիվ 1990-ականերին թշնամու դեմ հերոսաբար մարտնչած ու նահատակված պապի։ Սերժն այստեղ մասնակցում է երգ ու պարի, նկարչության և այլ խմբերի դասընթացներին։

Օրվա ընթացքում նաև մասնակցեց նկարչության մրցույթին։ Անուշ Ստեփանյանը 2 թոռների՝ Միքայել և Մարկ սահակյանների հետ էր եկել։ 2023-ին բռնի տեղահանվել են Ստեփանակերտից, կարոտում են ու հավատում, տուն են վերադառնալու։

 

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30