Լեհաստանում նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել աջ պահպանողական հայացքներ ունեցող Կարոլ Նավրոցկին: Ընտրությունների երկրորդ փուլում նրան սատարել են ծայրահեղական եւ անգամ՝ հակասեմիտական ուղղվածության թեկնածուները, որոնք առաջին փուլում զբաղեցրել էին երրորդ եւ չորրորդ տեղերը:
Աջ պահպանողականների հերթական հաղթանակը բացատրվում է տարբեր գործոններով, որոնց կարելի է պայմանականորեն բաժանել «կարճաժամկետների» (հետեւանքների) եւ երկարաժամկետների (պատճառների): Առաջինների շարքում է, իհարկե, Եվրոպայում ստեղծված բարդ վիճակը եւ, մասնավորապես, արդեն տասնամյակներ տեւող միգրացիոն ճգնաժամը: Պատահական չէ, որ Նավրոցկու հիմնական կարգախոսն էր՝ «Լեհաստանը՝ առանց միգրանտների»:
Լեհերին չի կարող չանհանգստացնել հարեւան Ուկրաինայում շարունակվող պատերազմը: Իհարկե, նրանց ճնշող մեծամասնությունը սատարում է ագրեսիայի զոհին եւ խիստ բացասական վերաբերմունք ունի Պուտինի քաղաքականության հանդեպ, եւ այդ առումով մեծամասնության կարծիքը կիսում են Լեհաստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերը: Բայց ակնհայտ է նաեւ, որ Լեհաստանը, եվրոպական այլ երկրների նման, այդ պատերազմի պատճառով կրում է տնտեսական դժվարություններ: Ի դեպ, Լեհաստանում որոշ մեկնաբաններ պնդում են, որ մոտակա տարիներին այդ երկիրը կարող է գնալ Հունգարիայի ճանապարհով: Օրբանի ղեկավարած պետությունը շատ հարցերում հակադրվում է ԵՄ-ի քաղաքական կուրսին:
«Եվրոսկեպտիցիզմն» ընդհանրապես Նավրոցկու հիմնական խաղաքարտերից մեկն էր ընտրարշավի ժամանակ: Սա էլ, իր հերթին, ունի բազմաթիվ պատճառներ, եւ դրանցից մեկը, կարծում եմ, շատ հարցերում Բրյուսելի անհետեւողականությունն է, երկակի ստանդարտները, կասեի անգամ՝ կեղծավորությունը: Կոնկրետ մեր օրինակով ասեմ, որ եվրոչինովնիկների կողմից «մեծ դեմոկրատ Փաշինյանի» գովքը մաքուր փարիսեցիություն է:
Կարդացեք նաև
Բայց Եվրոպայում պահպանողականների հաջողություններն ունեն ավելի խորը գաղափարական եւ, ըստ այդմ՝ երկարատեւ գործող պատճառներ: Ազատականների ծրագրերը, թե հնարավոր է առանց հավատքի, առանց հիմնարար արժեքների եւ դրանց հիերարխիայի, կառուցել «երկնային դրախտ», այս փուլում վերջնականապես ցույց տվեցին իրենց սնանկությունը: Վերջին ժամանակներս շատերն են դրանում համոզվել: Եվ ոչ միայն Արեւմուտքում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՍՍՀՄ-ն «քանդեց»պոլիտբյուրոն՝նրա ադամները «վերմակը»քաշում էին դեպի իրենց՝ոչ անդամների «ոտերը»բաց էին մնում ւ նրանք մշտապես «մրսում»էին՝դա էլ պատճառ դարձավ ընդվզելու «փոքր»հանրապետություններին ւ անկախության ձգտելու։Նույն իրավիճակը ՍՍՀՄ-ի կրկնօրինակ եվրոմիությունում է՝ԳԴՀ-ն Ֆրանսիան Բելգիան «ասողներն»են մնացածները լուռ ենթարկվողները՝վերջները բարի լինի- – –