ՀՀ ԱԺ պատգամավոր, Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն՝ ՄԱՍԿ դեռեւս չգրանցված կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը «Դեբատ» ակումբում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի՝ Հայ Եկեղեցին «չուլանի» հետ համեմատելուն եւ սրբազանների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններին՝ ասաց. «Չուլանը» այստեղ հազարերորդական թեմա է: Ես հավատացյալ չեմ: Ես աթեիստ չեմ: Ես քրիստոնյա եմ: Որովհետեւ կիսում եմ այդ արժեհամակարգը եւ գտնում եմ, որ դա հայի պատկանելիության մի կարեւորագույն էլեմենտն է: Ներողություն եմ խնդրում աշխարհի բոլոր հավատացյալներից: Ես գտնում եմ, որ ամենասարսափելի բանը, որ ստեղծել է մարդկությունը, դա կրոնն է: Դա իմ գնահատականն է, իմ աշխարհայացքն է, իմ արժեհամակարգն է, որը, բնականաբար, կարող է սխալ լինել: Բայց դա իմն է:
Մենք ունենք օրենքներ եւ սահմանադրություն, որտեղ նշված է, որ եկեղեցին պետությունից անջատ է, առանձին է: Հետեւաբար, ես խստորեն դատապարտում եմ վարչապետի այդ մոտեցումը, այդ հարվածները եկեղեցու նկատմամբ: Բայց ես էլ եմ գտնում, որ սա կարող է հասարակությանը շեղելու, թմրեցնելու նպատակ հետապնդել իմ կարծիքով՝ այլ ավելի կարեւոր խնդիր լուծելու համար:
Բայց այստեղ երկու խոսք պիտի ասեմ, քանի որ նաեւ իմ հետ էլ կապված է, որ որոշակի գործընթացներ են եղել: Օրինակ, երբ ասում է, որ եկեղեցականը խախտել է կուսակրոնությունը, ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ հատուկ ծառայությունների միջոցով ինչ-որ տեղեկատվություն են ունեցել: Նախ, կներեք, պիտի մի պուճուր ցենզուրայից դուրս գամ: Եթե հատուկ ծառայությունները ինչ-ինչ ճանապարհներով իմ զուգընկերուհու կրծկալի միջից կամ մարմնի մասերը փակող ավելի ինտիմ ներքնազգեստի միջից հանել են որեւէ փաստաթուղթ, որը պետական անվտանգության հետ կապված ինչ-որ խնդիրներ կարող է պարունակել, ես օքեյ եմ: Ընդ որում, այդ պարագաները, որ նշեցի ոչ թե պետք է կախված լինեն պահարանում, այլ զուգընկերուհին կրելիս լինի:
Եթե հատուկ ծառայությունների աշխատակիցները այս կամ այն մեթոդներով նախօրոք պատրաստված փաստաթուղթ են դրել իմ նշած մասերում, որպեսզի հետո հանեն, ապա ես վերջին հայհոյանքն եմ ուղղում հատուկ ծառայության այդ աշխատակցի ընտանիքի բոլոր անդամներին, եթե անում են դիտավորյալ: Հետեւաբար, մարդը, իսկ եկեղեցականները ոչ միայն Աստծո, եկեղեցու սպասավոր են, նաեւ մարդ են: Ինչպես նաեւ ես: Հետեւաբար, որեւէ մեկը իրավունք չունի իր կեղտոտ մտքերով, իր կեղտոտ ոտքերով, կեղտոտ ձեռքերով ներխուժի մարդու անձնական տիրույթ:
Կարդացեք նաև
Եթե եկեղեցականը, որը նաեւ մարդ է, քաղաքացի է, թույլ է տվել արարք, որը մեր օրենքներով բնութագրվում է որպես ենթադրյալ հանցագործություն, ապա թող այդ օրենքների համապատասխան պատասխան տա: Իսկ այն, ինչ տեղի է ունենում, անընդունելի է, անմարդկային է»,-ասաց պատգամավորը:
Ու կրկին հիշեցնելով ադրբեջանցիներին Վարդենիսում վերաբնակեցնելու եւ խաղաղության պայմանագրի տեքստը, որ նրա պնդմամբ համաձայնեցված է եւ որի բովանդակության վերաբերյալ շատ տեղեկություններ չունենք, սակայն պատրաստ է ստորագրման, հարցեր հնչեցրեց եւ ինքն էլ տվեց դրանց պատասխանները. «Ալիեւի համար Նիկոլ Փաշինյանը որպես այսպես կոչված պարտնյոր, ընդունելի՞ է որպես երկրի ղեկավար: Բնականաբար, ընդունելի է: Ալիեւը կուզի՞, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանություն: Այո, կուզի: Հետեւաբար, պետք է անի՞ իրենից կախված ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության: Այո: Հետեւաբար, կարո՞ղ է վաղը ստորագրվել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, հնարավո՞ր է, որ նույն պահին ստորագրվի նաեւ մի հավելված՝ փախստականների վերադարձ, Մինսկի խմբի լուծարում, դատական հայցերի հետկանչում եւ այլն: Այո, հնարավոր է: Ուրեմն, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք, որ այդ հնարավորությունները կյանքի կոչվեն»,-ասաց Հովիկ Աղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ