-Ես կարծում եմ, որ մենք չենք քննարկում իրականության լինել-չլինելը, այսինքն` նման բան կա՞, թե՞ չկա: Քննարկում ենք, իսկ արժե՞ դրա մասին բարձրաձայնել, թե՞ չարժե բարձրաձայնել: Երբ խոսքը գնում է հարգանքի ու հավատքի, հոգու մասին, մենք պետք է քննարկենք նման բան եղե՞լ է, թե՞ չի եղել, կա՞, թե՞ չկա, ոչ թե քննարկենք ասել պե՞տք էր, թե՞ պետք չէր կամ ասելու ձեւը ճի՞շտ էր, թե՞ ճիշտ չէր,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների արշավին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով Փաշինյանի աղմկահարույց գրառմանը՝ սրբազանի քեռակնոջ վերաբերյալ՝ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց, որ վարչապետը հայհոյանք է հնչեցրել այդ գրառման մեջ, ինքը նույնպես կրկնեց Փաշինյանի գրածը եւ պնդեց, որ հայհոյանքը եղել է ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից:
«Մենք սիրում ենք ձեւը քննարկել, մեկին դուր եկավ, մեկին դուր չեկավ: Չենք քննարկում բովանդակությունը: Արդեն որեորդ օրն է՝ ՀՀ ղեկավարը հարցում է հրապարակային անում եւ ուզում եմ հասկանալ՝ որեւէ լրատվամիջոց փորձե՞լ է հասցեատիրոջից հետաքրքրվել՝ իրենք այդ հարցի պատասխանն ունե՞ն, թե՞ այդպես լռելու են»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչու 7 տարի առաջ իշխանությունները եկեղեցու սպասավորների կուսակրոնության հարց օրակարգում չունեին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ որովհետեւ հակառակ կողմն անցնում է գծեր:
Ի՞նչ գիծ է հատել եկեղեցին՝ հարցին, պարոն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ խոսում նրա մասին, որ եկեղեցին արդեն բացահայտ է հայտարարել, որ կուսակցության դեր է ստանձնել իր վրա, չեմ խոսում Բագրատ սրբազանի մասին: Գնացեք Աջապահյանի մեկնաբանությունները նայեք, վարչապետի հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները, անձնական որակումները նայեք:
Մարդիկ, որոնք իրենց վրա վերցնում են ուրիշին դատելու, հոգեւոր կյանքն առաջնորդելու, բարոյականության մասին խոսելու գործառույթը, իրենք պետք է հասկանան՝ իսկ դատավորները ովքե՞ր են; Այն մարդիկ, որոնք Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքական միտինգներ ու հայհոյանքներ, վիրավորանքներ են հնչեցնում ՀՀ գործող ու ընտրված իշխանությանը, պետք է հասկանանք՝ այդ մարդիկ ովքե՞ր են, ինչո՞ւ են այդպիսի իրավունք իրենց վերապահում»:
Պարոն Սիմոնյանը նկատեց, որ մարդիկ կան, որ եկեղեցիներում հոգեւորականների ձեռքն են համբուրում, իսկ ինքը ուզում է հասկանալ՝ դրանից առաջ այդ ձեռքը որտե՞ղ էր, արժե՞ այդ ձեռքը համբուրել, թե՞ չարժե համբուրել. «Ուզում եմ հասկանալ , կարելի՞ է դա իմանալ, թե՞ չի կարելի: Այն մարդը, որը պատվիրաններից է խոսում, ինձ կամ ուրիշին է քննադատում, ով խոսում է երկրի բարոյական ու քաղաքական ապագայի մասին, բա ո՞նց է լինում, որ ուրիշներին կարելի է, մյուսներին չի կարելի»:
Լրագրողի դիտարկմանը, այսինքն՝ եթե եկեղեցին վարչապետի հրաժարականը չպահանջեր, դուք այս հարցը չէի՞ք բարձրացնի, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Այդ հարցը պատերազմից հետո էին բարձրացրել, հիմա ո՞ր թիվն է»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ եկեղեցին ունի բազմաթիվ պարկեշտ ու հարգանքի արժանի հոգեւորականներ հենց ներսում, բայց պետք է տարանջատել եկեղեցին ու եկեղեցում ծվարած որոշ բիզնեսմենների ու եկեղեցու կանոնները խախտած մարդկանց:
Պարոն Սիմոնյանը վստահեցրեց՝ հայ Առաքելական եկեղեցու դեմ ով փորձի ոտնձգություն անի, իրենք առաջինն են կանգնած որպես պաշտպան: Ապա հորդորեց՝ անհատներին չնույնացնել եկեղեցու հետ. «Որը, ի դեպ, մեղք է, անհատն ու եկեղեցին տարբեր բաներ են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ