Եկեղեցու դեմ իր արշավի շրջանակներում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական գրառումն է արել, որը թեեւ ներկայանում է իբրեւ «Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ, որը «խոնարհվում է եկեղեցու առաջ», սակայն Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մասին հիշատակել է միայն նրա անուն ազգանունը:
(Մեջբերում)․ «Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել։ Ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերվում։ Ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերվում» (մեջբերման ավարտ)։
Այս հայտարարության հեղինակը Միքայել Աջապահյանն է եւ նա այս հայտարարությունն արել է երեկ ։ Սա ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգեւոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին, ժողովրդի սրբությունը, մեզնից յուրաքանչյուրի սրբությունը, ժողովրդի հոգու տունը, մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։
Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։
Կարդացեք նաև
Իսկ դուք պղծում եք այդ տունը, կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգեւորականները չեն կարող շարունակել իրենց հոգեւոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը»:
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթում այսօր լույս է տեսել Լուսինե Պետրոսյանի հոդվածը, որում փաստերով ներկայացվում է՝ կուսակրոնությունը ներդրվել է միջնադարում եւ չունի աստվածաբանական իմաստ:
«Ամուսնացած է եղել եւ զավակներ է ունեցել Հայոց առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսն ինքը՝ Գրիգոր Լուսավորիչը, այնուհետ՝ Ներսես Մեծը, Սահակ Պարթեւը եւ այլ հայոց կաթողիկոսներ եւս՝ մինչեւ 5-6-րդ դարեր։ Այդպես է, քանի որ կուսակրոնության դրվածքը մեր եկեղեցում ի սկզբանե եղել է կամավորության սկզբունքով։ Ավելի ուշ՝ միջնադարում է կուսակրոնության դրվածքը խստացվել եպիսկոպոսաց դասի համար, դա էլ՝ ոչ այնքան աստվածաբանական շարժառիթներով, որքան կազմակերպչական-նյութական, որպեսզի եպիսկոպոսների ունեցվածքը չժառանգեն նրանց զավակները, եւ այն չփոշիանա։ Կուսակրոնության պահպանման, զավակներ չունենալու պարագայում մահվանից հետո Եկեղեցին էր դառնում եպիսկոպոսի ունեցվածքի ժառանգորդը, եւ այդպիսով Եկեղեցին պաշտպանվում էր կալվածական եւ գույքային կորուստներից։ Բայց կուսակրոնության խստացումը երբեք չի դարձել մի այնպիսի կանոն, որից չկա բացառություն։
Միշտ եւ այսօր էլ Եպիսկոպոսաց ժողովը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը կարող են արտոնել, որ ամուսնացյալ քահանայի կարգավիճակը փոխվի կուսակրոն վարդապետի, եւ նա անցնի վարդապետական ծառայության՝ ընտանիք, զավակներ ունենալու պարագայում։ Օրինակ, Վազգեն Վեհափառի օրոք մի վարդապետի պատմություն է շատ հայտնի, որը հրաժարվել էր վարդապետության կարգից, դարձել ամուսնացյալ քահանա, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել։ Տարիներ հետո ներքին տատանումները հանգեցրել էին նրան, որ նա որոշել էր վերադառնալ վարդապետական ծառայության, խնդրագրով դիմել էր Վազգեն Վեհափառին, Վեհափառը նրան վերականգնել էր կուսակրոն վարդապետի կարգավիճակում։ Այնուհետ այդ հոգեւորականը բարձրացել էր նվիրապետության աստիճանակարգով, եպիսկոպոս ձեռնադրվել եւ մեր Եկեղեցում հասել մինչեւ արքության աստիճանի՝ Եզնիկ արք․ Պետրոսյան, որն այժմ ծառայում է Հունաստանում։ Եվ կաթողիկոսական ընտրությունում Եզնիկ արքեպիսկոպոսը, զավակներ ունենալով հանդերձ, նույնպիսի իրավունք ունի կաթողիկոսի թեկնածու լինելու, ինչ բոլոր մնացյալ եպիսկոպոսները՝ առանց որեւէ վերապահման։
Կամ` 20-րդ դարասկզբից մի այլ վարդապետի պատմություն է հայտնի՝ Երվանդ Տեր-Մինասյան, որը Կոմիտասի ժամանակակիցն ու ընկերն է եղել։ Նա ինչ-որ հրապարակման պատճառով կարգալույծ է արվել, անցել է աշխարհիկ կյանքի, այնուհետ հայագիտության ասպարեզում է խորացել, հասել է միջազգային ճանաչման` որպես հեղինակավոր հայագետ։ Այդ ընթացքում նաեւ ամուսնացել է, երեխաներ է ունեցել։ Այնուհետ, երբ Գեւորգ արք․ Չորեքչյանը 1945-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, անձամբ ճանաչելով եւ գնահատելով Տեր-Մինասյանին, մի քանի անգամ գրավոր դիմել-հրավիրել է, որ վերջինս վերադառնա կրոնական ծառայության՝ եպիսկոպոսական աստիճանի շնորհումով, առաջարկելով նաեւ թեմակալ առաջնորդի պաշտոնավարություն։ Ընտանիքի, զավակների առկայությունն այդտեղ չի հարուցել որեւէ խոչընդոտ։
Այդպիսի դրվագներ միշտ են եղել, եւ դրանք ոչինչ չեն խախտում Հայաստանյայց առաքելական եկեղեցու դրվածքում եւ կանոններում, որովհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Եպիսկոպոսաց ժողովն ունեն բացարձակ իշխանություն, կաշկանդված չեն որեւէ նախընթաց դրվածքով՝ եկեղեցական կյանքի ցանկացած հարց քննելու եւ դրա վերաբերյալ իրենց վերջնական որոշումը կայացնելու»: