«Ազատություն». Վրաստանի արտգործնախարարությունը հրաժարվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա արտագնա խաղերի համար վրացական գրանցմամբ օդանավին թույլտվություն տալ իրականացնելու չարտերային չվերթ դեպի Կոսովո։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ են փաստաթղթեր, որոնցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է՝ «նախատեսված ուղղություններով (Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա և Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցա) չարտերային թռիչք իրականացնելու կապակցությամբ դիվանագիտական թույլտվությունը Վրաստանի ԱԳՆ կողմից բացակայում է»։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Կոսովոյի հավաքականի, իսկ 9-ին՝ Մոնտենեգրոյի հետ։ Նախատեսվում է, որ հավաքականը չարտերային թռիչքով կմեկնի նախ Պրիշտինա, այնտեղից՝ Պոդգորիցա, ապա կվերադառնա Երևան։ Քանի որ Վրաստանը հրաժարվել է համապատասխան թույլտվություն տալ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված է եղել վերանայել չարտերային չվերթի ծախսերը. եթե նախկինում հավաքականի տեղափոխումն իրականացնող «Սքայ ընդ մոր» ընկերությունն այդ ծառայությունը պետք է մատուցեր 82.7 մլն դրամով, պայմանագրային փոփոխություններից հետո գումարը կազմել է 91 մլն դրամ։
Հայաստանի հավաքականի փոխադրումները «Սքայ ընդ մոր»-ն իրականացնելու է եվրոպական՝ լիտվական KlasJet ընկերության Boeing 737 և բրազիլական Embraer 190 տեսակի օդանավերով, դրանք սպասարկելու են 55 ուղևորների։
Վրաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, չկան դիվանագիտական հարաբերություններ, և ենթադրաբար սա է թռիչքի թուլտվության մերժման հիմքը։
Կարդացեք նաև
Մկրտիչ Կարապետյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: