Ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ չի աշխատում Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Նա նշում է, որ նոր տնօրենի՝ Զարուհի Հայրապետյանի պաշտոնավարման ընթացքում մեկ տարվա մեջ թանգարանից հեռացել է շուրջ մեկ տասնյակ աշխատակից: Տիկին Տեր-Մինասյանը մտահոգություն էր հայտնել, որ հաճախ բարձր ամբիոններից հնչում է կադրերի ճգնաժամի մասին, իրականում դա առաջանում է ոչ միայն սխալ նշանակումների, այլ այդ սխալներն ուղղելու ցանկություն չունենալու կամ անկարողության պատճառով:
Անուշ Տեր-Մինասյանն Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք է հայտնում, թե ինչու Քաղաքաշինության կոմիտեին, որի ենթակայությամբ գործում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը՝ չի հուզում, որ իրենց նշանակած նոր տնօրենի կարճատեւ պաշտոնավարման ընթացքում այդքան մարդ է հեռացել թանգարանից, այդ թվում` Մարկ Գրիգորյանը, որը պատահական մարդ չէր: Մեր զրուցակիցը նաեւ ընդգծում է, որ փաստարկները, թե տնօրենը մրցույթով է անցել եւ քննություն հանձնել, ամենեւին համոզիչ չեն, քանի որ զուտ իր համար հապճեպ հայտարարված մրցույթին մասնակցել է միայն Զարուհի Հայրապետյանը, որին ընդունել են աշխատանքի առանց փորձաշրջանի, հաշվի չառնելով ճարտարապետական գիտելիքների բացակայությունն ու մարդկային որակները:
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, տնօրենի անթույլատրելի պահվածքի հետ կապված Քաղաքաշինության կոմիտեին ուղղվել են բազմաթիվ բողոքներ՝ թանգարանում նրա կողմից ստեղծված վրեժխնդրության, հաշվեհարդարի, կոլեկտիվի պառակտման, սուտ լուրերի տարածման եւ հովանավորչության անառողջ մթնոլորտի վերաբերյալ, սակայն դրանք մնացել են անպատասխան: Նաեւ տեղեկացրեց, որ թանգարանից հեռացած պրոֆեսիոնալ կադրերի փոխարեն տնօրենն աշխատանքի է ընդունել գործից անտեղյակ իր ծանոթներին եւ ընկերուհիներին, մարդկանց դու-ով դիմող փոխտնօրենը եւս նրա ընկերուհին է:
«Տնօրենը կամայական ձևով՝ առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու, բարեկարգում է իր եւ փոխտնօրեն ընկերուհու առանձնասենյակները, «մաքրում» պատերը ճարտարապետական նախագծերից»,- զարմանքով նշում է տիկին Տեր-Մինասյանը:
Կարդացեք նաև
«Չնայած երիտասարդ տարիքին՝ տնօրենն իր մտածողությամբ ահավոր հետամնաց է, ստալինյան պատկերացումներով ապրող մարդ, առաջին բախումն ինձ հետ եղել է հետեւյալ պատճառով. 3-4 տարեկան երեխաներ էին եկել թանգարան, իրենց պատմել էին, թե ինչ է ճարտարապետությունը, եւ նրա թելադրանքով թանգարանի ֆեսբուքյան էջում գրվել էր. «Մեզ այսօր այցելել են փոքրիկ ճարտարապետները»: Ես գրառման տակ գրել էի, որ այդ երեխաները չեն կարող կոչվել ճարտարապետներ, նրանք փոքրիկ երեխաներ են, որոնք եկել են ճարտարապետության մասին ինչ-որ գիտելիք ստանալու: Հաջորդ օրը նա ընդհանուր ժողով հրավիրեց, որն, ըստ էության, դատավարություն էր, ստալինյան ժամանակների ընկերական դատ, որի ընթացքում պահանջում էր բացատրություն տալ, թե ինչու եմ իբր վարկաբեկում թանգարանը, եւ գրառում կատարելիս պետք է համաձայնեցնեմ իր հետ: Դա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»,-նշեց տիկին Տեր-Մինասյանը:
Միեւնույն ժամանակ հավելեց, որ տնօրենն իրեն գնահատում էր, որովհետեւ այն աշխատանքը, որն ինքն էր անում, շատ կարեւոր էր թանգարանի համար:
Ու այժմ, նրա խոսքով, իր մտահղացումներով իրականացված ծրագրերը դեռ գործում են թանգարանում՝ հիացնելով այցելուներին, սակայն տնօրենն ինքնուրույն ոչինչ չի կարող անել՝ գիտելիքների բացակայության պատճառով, ու ամեն անգամ դրսից մարդիկ է հրավիրում, քանի որ ինքը ճարտարապետության հետ կապ չունի: «Նա կարող էր որեւէ տուն-թանգարանում լավ տնօրեն աշխատել, ինքը թանգարանագետ է, բայց ճարտարապետության հետ ոչ մի կապ չունի, գիտելիքներ չունի, իսկ այս դեպքում դրանք անհրաժեշտ են»,-ընդգծում է տիկին Տեր-Մինասյանը:
Նա ցավում է, որ Ճարտարապետության թանգարան-ինստիտուտն իր գնալուց հետո կարող է կորցնել նաև իր համապատասխան կարգավիճակը, որովհետեւ թանգարանում կմնա ընդամենը երկու ճարտարապետ-գիտաշխատակից, որոնցից միայն մեկն ունի գիտական աստիճան, իսկ գիտխորհրդի նախագահ-տնօրենն ընդհանրապես չունի ոչ գիտական աստիճան, ոչ մասնագիտական կրթություն, ոչ էլ որեւէ գիտելիք ճարտարապետության վերաբերյալ:
Aravot.am-ը հնչեցված մտահոգությունների վերաբերյալ մեկնաբանության համար հեռախոսով կապվեց նաեւ Զարուհի Հայրապետյանի հետ: Նա ասաց, որ չի տեսել Անուշ Տեր-Մինասյանի գրառումը, եւ երբ ներկայացրինք իրեն հասցեագրված մեղադրանքներն ու ասացինք, որ գրառումը կարող է կարդալ տիկին Տեր-Մինասյանի էջում, հետեւյալը փոխանցեց. «Թանգարանի տնօրենի մրցույթ էր հայտարարվել, մրցույթին մասնակցել եմ ՝ հաղթահարելով գրավոր եւ բանավոր փուլերը, ինչը նորմալ ընթացակարգ է: Եթե այցելեք թանգարան ու զրուցեք աշխատակիցների հետ,, կհասկանաք, թե ինչ մթնոլորտ է տիրում մեր թանգարանում: Բոլոր մարդիկ իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու, որովհետեւ խոսքի ազատություն է, ամենեւին խնդիր չեմ տեսնում:
Ես մասնագիտությամբ թանգարանագետ եմ: Երկրորդ կուրսի ուսանող էի, երբ սկսեցի աշխատանքային գործունեությունս Հայաստանի պատմության թանգարանում: Փուլերով գրանցվել է մասնագիտական աճս: Հայաստանի պատմության թանգարանից հետո աշխատել եմ Հուշարձանների պահպանության կոմիտեում, այնուհետեւ Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանում, եւ պատահական տեսնելով, որ կա մրցույթ, փորձել եմ իմ ուժերը, մրցույթում հաղթող եմ ճանաչվել եւ նշանակվել տնօրեն:
Ինչ վերաբերվում է մեկ տասնյակի չափ աշխատակիցների հեռանալուն, նրանք աշխատանքից դուրս են եկել իրենց դիմումի հիման վրա: Ինչ վերաբերվում է իմ ընկերուհիներին, որոնք, որ եկել եւ զբաղեցրել են իրենց հաստիքները, բոլորը մասնագետներ են: Եկել է գլխավոր ֆոնդապահ, որը Պատմության թանգարանում 15 տարի եւ ավել աշխատանքային փորձ ունի, ունենք հաշվապահ, որը ավելի քան 25 տարվա աշխատանքային ստաժ ունի, իմ տեղակալը տնտեսական գծով տեղակալ է եւ մասնագիտությամբ տնտեսագետ-շուկայագետ է, ունենք էքսկուրսավար, որը նույնպես փորձառու է այս ոլորտում, գիտաշխատողը եղել է գիտաշխատող, ֆոնդապահ Սարդարապատի թանգարանում, Հայ-ռուսական բարեկամության թանգարանում, ուզում եմ ասել, որ այստեղ ոչ կոմպետենտ աշխատակիցներ չկան»:
Տնօրենից հարցրինք՝ իսկ ինչո՞ւ է հեռացել Անուշ Տեր-Մինասյանը, եթե ամեն ինչ իդեալական էր թանգարանում: «Տիկին Տեր-Մինասյանին մենք շատ գնահատում ենք որպես բազմավաստակ աշխատակից, ինքը խորհրդականի հաստիքից տեղափոխվել է ցուցահանդեսների կազմակերպման պատասխանատուի հաստիքին, որտեղ ավելացել է աշխատավարձի չափը, իր խորհուրդները, մասնագիտական որակները շատ պետքական են եղել եւ իմ կողմից միշտ գնահատվել են: Ուղղակի թանգարանում կա այսպիսի կարգ. ցուցահանդես անելը կամ որեւէ համագործակցության կազմակերպելը պետք է լինի խորհրդակցության մթնոլորտում, վերադասը պետք է տեղյակ լինի, մինչդեռ եղել է հաստատված կապ, որի մասին ոչ գիտահետազոտական բաժնի ղեկավարն էր տեղյակ, ոչ տնօրենը: Իսկ դա անընդունելի է: Թանգարան է մտել նյութ, որը չի ակտավորվել, չեն կազմակերպվել համապատասխան փաստաթղթեր: Առանց այդ ամենի չի կարող թանգարան նյութ մտնել՝ անկախ նրանից արձագանքները դրական կլինեն, թե բացասական, դա ընթացակարգ է»,-ասաց տնօրենը, ապա խաղաղություն մաղթեց բոլորին:
Ճշտելով տնօրենի վերջին ասածի հանգամանքները տիկին Տեր-Մինասյանից տեղեկացանք, որ տնօրենի ներկայացրած մեղադրանքների պահին որեւէ նյութ դեռևս թանգարան չէր մտել, եւ ակտերի մասին խոսելը դեռ շատ վաղ էր: Ակտերն էլ տալիս է ֆոնդապահը, ոչ թե ինքը, այսինքն` այդ մեղադրանքները լրիվ անհիմն են և շինծու՝ նշեց Անուշ Տեր-Մինասյանը:
Ի դեպ, տիկին Տեր-Մինասյանը եղել է երկու թանգարանների տնօրեն, եւ ճարտարապետության թանգարանում նրա տնօրեն եղած ժամանակ բազմաթիվ միջոցառումներ եւ ցուցահանդեսներ են կազմակերպվել, այդ թվում 5-ը՝ միջազգային, եւ շատ բարձր մակարդակով: Այնպես որ, ինչպես ինքն է պնդում, շատ լավ գիտի թանգարանների կարգն ու կանոնը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ