Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիների եւ ապօրինի պահվող անձանց հարցում Բաքվի հետ երկխոսություն չի ստացվում․ Արարատ Միրզոյան

Հունիս 05,2025 17:28

«Գերիների եւ ապօրինի պահվող անձանց հարցերը Հայաստան-Ադրբեջան մեծ օրակարգի կարեւոր մաս են։ Ցավոտ մաս են։ Երեւի այն եզակի հարցերից է, որտեղ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Վերջին բանը, որ շոշափելի եղել է, եթե ես չեմ սխալվում, COP-ի շրջանակներում մեծ փոխանակություն էր։ Դրանից հետո չի ստացվում։ Այստեղ երեւի ոչ մեկս էլ ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք եւ դա ակնհայտ է»,- անկեղծացավ Արարատ Միրզոյանը՝ հավաստիացնելով, որ COP-ից հետո Ադրբեջանի հետ գերիների հարցով խոսակցություն եղել է, այսօր էլ կա, բայց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։

«Կարծում ենք, եթե մեզ հաջողվի ունենալ վերջնական, իսկական, ստորագրված խաղաղություն, կգնանք առաջ դելիմիտացիայի գործընթացով, մի հայտարարի կգանք ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացով, ընդհանրապես, կլինի այդ իրական կարգավորումը։ Եթե մինչեւ այդ հումանիտար հարցերը չստացվի լուծել, գոնե այդ պահին ավելի բարենպաստ միջավայր կլինի այդ հարցեր լուծման համար»,- վստահ է Արարատ Միրզոյանը։

Խոսելով սահմանազատման-սահմանագծման ընդհատված գործընթացի մասին էլ՝ ԱԳ նախարարն ասաց, որ ՀՀ տարածքից շուրջ 208 կիլոմետր քառակուսին այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ․ «Մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս տարածքները Հայաստանին վերադարձի հարցը տեսնում ենք սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Հիմա սահմանազատման իմաստն այն է, որ երկու կողմերը՝ տեղանքով, քարտեզներով, որոնք ընդունելի են երկու կողմերի համար, որեւէ իրավական ակտերով, որոնք տարբեր շրջաններում կարող են ընդունված լինեն, որոնք վերաբերելի են եւ էլի ընդունելի են երկու կողմերի համար, այ այդ թղթերով, քարտեզներով, նկարով, տեղանքով գնում են։ Դիցուք, օրինակ` մեր դեպքում՝ հյուսիսից հարավ և նայում են․ այնտեղ, որտեղ որ այս հողը պատկանում է աջ կողմին, բայց գտնվում է ձախ կողմի տիրապետության տակ, արձանագրվում է, որ պետք է վերադարձվի աջ կողմին։ Եվ հակառակը՝ այնտեղ, որտեղ տարածքները պատկանում են ձախ կողմին, բայց հիմա գտնվում են աջ կողմի վերահսկողության տակ, պետք է վերադարձվեն համապատասխանաբար ձախ կողմին։ Հիմա մենք սա պիտի անենք»։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ ե՞րբ է դա տեղի ունենալու, քանի որ Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ-ի տարածքներից դուրս չի գալու, ԱԳ նախարարը պատասխանեց. «Եթե դուք ուզում եք ասեք՝ վա՜յ այդ պրոցեսը կանգնել է, մտել է փակուղի, չի ընթանում, չի լինելու․․․այդպես չի ընդհանրապես։ Այսօր էլ քննարկում է ընթանում այդ հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջեւ։ Հուսով եմ, որոշակի փոխըմբռնման հասնելուց հետո գետնի վրա այդ գործընթացը կշարունակվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30