Լրահոս
Օրվա լրահոսը

Գործում է, հույզեր պարգևում և ստեղծում ամեն մեկի փոքրիկ պատմությունը

Հունիս 05,2025 22:50

Նան Մանուկյանը պատրաստում  է ձեռագործ տիկնիկներ՝ ոչ միայն ապրեցնելով  հին արհեստի մի տարր, այլև նոր շունչ ու հոգի տալով դրան։ Նրա գործած տիկնիկները զարդարված են հիշողություններով, պատկերացումներով, երազանքներով։ Յուրաքանչյուր տիկնիկ առանձնահատուկ է, ինչպես ինքը։

«Տարիներ առաջ մեր տան մի անկյունում կար մոռացված տուփ, որը երբեք չէի բացել։ Մի օր, որոշեցի բացել այն։ Կարծում եմ՝ այն, ինչ տեսա, ամենաքիչն էր, ինչ կարելի էր սպասել, որ դուրս էր գալու այդ «գաղտնի» տուփից։

Ներսում թելեր էին ու հին, մաշված գործիքներ։ Բայց կար նաև մի աշխատանք, որն այդպես էլ ավարտին չէր հասցվել։ Զգացողությունն այնքան տարօրինակ էր. մաշված էր ամեն ինչ, բայց միաժամանակ շատ հարազատ։

Վայրկյան անգամ չմտածելով՝ կանչեցի մայրիկիս՝ հարցնելու, թե ինչպես են այդ իրերը հայտնվել այդ անկյունում։ Երբ նա մոտեցավ, պատմեց, որ երբ փոքր էի, տատիկս ինձ նստեցնում էր ծնկներին ու ցույց տալիս, թե ինչպես է գործում հենց այդ նույն գործիքներով։ Այդ ամենը լսելով կարծես մանկությունն աչքիս առաջ տեսա և հենց այդ պահից որոշեցի վերադառնալ այնտեղ՝ շարունակելու տատիկիս կիսատ թողածը»,-ասում է մեր զրուցակիցը։

Նա ձեռագործ աշխատանքներով սկսել էր զբաղվել դեռ տասնհինգ տարեկանում։ Ոչ փորձ ուներ, ոչ էլ համապատասխան նյութեր՝ թելեր, գործիքներ։ Բայց կար ամենակարևորը՝ ցանկություն և մի անբացատրելի ներշնչում, որ այդ ամենը պետք է աներ հենց այդ պահին։

Տան տարբեր անկյուններից հավաքելով  բազմագույն թելեր, որոնք հազիվ էին համադրվում,  Նանը սկսեց աշխատել՝ առանց չափման, առանց ձևանմուշի, ուղղակի սրտի մեծ ցանկությամբ ու անկեղծ մղումով։

«Իմ այս նախագիծը դուրս է գալիս իր նյութականի սահմաններից։ Մարդիկ իմ ստեղծագործությունների հետ վերադառնում են իրենց ներսի փոքր մարդուն և գտնում մանկության մի տաք հիշողություն»,-վստահեցնում է Նան Մանուկյանը։

Նա շարունակում է ստեղծել նորն ու գեղեցիկը՝ միաժամանակ պարգևելով տրամադրություն…

 

Վ. Արզումանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30