Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավագյան. «Արդյոք այստեղ շահերի բախում չկա՞, երբ գործադիր մարմին նշանակող հոգաբարձուների կազմում կին/ամուսին հարաբերություններ կան»

Հունիս 06,2025 14:17

«Առավոտի» հարցերին պատասխանում է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի համահիմնադիր, խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը:

– ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ քննարկվել է ՓՄՁ մրցունակության 2025-30թ ռազմավարության նախագիծը։ Դուք, որպես ՓՄՁ Ասոցիացիայի ղեկավար, մասնակցել էիք այդ քննարկմանը, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը և ինչպե՞ս է այն ազդելու ՓՄՁ մրցունակության վրա։

-Այո, քննարկվում էր դեռևս նախագիծը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Այն հիմա անվանել են այլ անունով՝ ՓՄՁ մրցունակություն, նախկինում դա մեր երկրի ՓՄՁ զարգացման ռազմավարությունն էր։ Եթե կհիշեք, մենք մի քանի անգամ անդրադարձել ենք այս հարցին, նախկինում մեր երկրի ՓՄՁ զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը արտացոլող փաստաթուղթը ՓՄՁ ռազմավարությունն էր 2020-24թթ-ի համար։ Այն հաստատվել էր ՀՀ կառավարության կողմից և, ցավոք սրտի, նույնիսկ կառավարության կողմից հաստատված փաստաթուղթը կարելի է ասել չկատարվեց։

Այդ մասին անդրադարձ կար նաև միջազգային գործընկերների (մասնավորապես ՏՀԶԿ ՓՄՁ ինդեքսում), որտեղ ևս նշվում էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ռազմավարությունը չի կատարվել և դրա պատճառներից մեկն էլ նշվում էր այն, որ ռազմավարության գործողություններով նախատեսված իրականացնող մարմինը փակվել էր՝ ՓՄՁ ԶԱԿ-ն ի նկատի ունեն։

Եթե այս նոր ընդունվող փաստաթղթով ներկայացված գործողությունները պատշաճ իրականացվեն, իհարկե, դրական ազդեցություն կունենան մեր երկրում գործող փոքր բիզնեսների վրա։ Այդտեղ թիրախներ են դրված չափելի, եթե դրանց հասնենք, ապա կկարողանանք վերականգնել մեր երկրի դիրքերը ԱԼԳ երկրների շարքում ՓՄՁ զարգացվածության տեսանկյունից։

-Կմասնավորեցնե՞ք, ի՞նչ թիրախներ են դրված և իրական ՓՄՁ-ն ի՞նչ կոնկրետ ազդեցություն է զգալու իր վրա, հարկերի վերջին շրջանի բարձրացումը իջեցվելո՞ւ է արդյոք:

-Վերջին հարցից գամ, ցավոք սրտի՝ ոչ, հարկային ռեժիմների մասով փաստաթղթում նորից հակառակ պնդումն է արված։ Նշված է, որ այսօր գործող այլընտրանքային հարկման ռեժիմները (ի նկատի ունեն շրջանառության հարկը) չի խթանում բիզնեսների զարգացումը և դրանց շրջանակը մեծացնելու ու ընդհանրապես հարկային ավելի բարենպաստ քաղաքականություն վարելու մասին խոստում չկա այս փաստաթղթում, այլ հակառակը։

Դրական ազդեցություն ի նկատի ունեմ այն, որ փաստաթղթում կա խոստում վերականգնելու նախկինում գործող մատչելի ֆինանսների հասանելիությունը հենց գերփոքր բիզնեսների համար, այդ թվում՝ Արցախից տեղահանված անձանց բիզնես սկսելիս ֆինանսների ներգրավման համար պետական երաշխիքների տրամադրման գործիքները։ Որպես օրինակ՝ նշված էր բանկերից ստացվող բիզնես սկսելու վարկերի տոկոսադրույքերի մինչև 9 տոկոս սուբսիդավորում, գրավ չունենալու դեպքում՝ գրավի երաշխավորում մինչև 80 տոկոսի չափով։

Մի շարք ինկուբացիոն և այլ ուսուցողական ծրագրեր են նախատեսված իրականացնել գործողությունների ծրագրով, շեշտը դնելով մարզային ՓՄՁ-ների վրա։

Ցուցանիշներ կան, որոնք, ինչպես նախորդ ռազմավարությունում, նպատակ է դրված բարելավելու ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ-ում, բարձրացնելու ՓՄՁ դերը նաև այլ կետերով։ Օրինակ` մեր երկրում աշխատունակ 1000 մարդուն բաժին ընկնող ընկերությունների քանակը 4 է, իսկ հարևան Վրաստանում կրկնակի ավել է՝ 9-ը, Էստոնիայում այդ թիվը հասնում է 25-ի։ Այս ռազմավարությունով և դրանից բխող գործողություններով խոստումներ են դրված այս ցուցանիշները բարելավելու հարցում։

-Որքա՞ն գումար է նախատեսվում ծախսել բյուջեից այս ծրագրի իրականացման համար։

-Նախնական, 2025-30թթ-ի համար նախատեսված է մոտ 75 մլրդ դրամ, բայց ինչպես նշեցի՝ այն դեռևս նախագիծ է և հայտնի չէ, թե կառավարության հաստատմանը ներկայացնելիս ինչ թիվ կհաստատվի։

-Ինչպե՞ս է վերահսկվելու այս ծրագրի կատարումը, որպեսզի նախորդ ռազմավարության նման այն չթերակատարվի։ Ձեր խոսքում նշեցիք, եթե պատշաճ կատարվեն, ի՞նչ մտավախություններ ունեք։

-Սա թերևս ամենակարևոր հարցն է, այս մասին ինքս բարձրաձայնել եմ հանդիպմանը։ Քանի որ հստակ ներկայացված չէ անկախ մոնիթորինգ անող մարմնի կամ կառույցի ընտրության հարցը։ Բացի դա, ինչպես նախորդ ռազմավարության մեջ, այնպես էլ այստեղ նշված է, որ հիմնական կատարողը լինելու է ՆԱԿ-ը (Ներդրումների աջակցման կենտրոնը Enterprise Armenia)։ Նախ` այստեղ ինչպես գիտեք հոգաբարձուների խորհրդի կազմը բոլորը բարձրաստիճան պետական պաշտոնյաներ են՝ վարչապետ, փոխվարչապետերը, նախարարներ։ Այս կազմում, ինչպես օրինակ՝ նախկինում ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի կազմում, չկան ներգրավված ՓՄՁ շահերը ներկայացնող անկախ կառույցներ։ Բացի դա, ինչպես տեսանք հենց այս օրերին ՆԱԿ-ի տնօրեն է նշանակվում արտաքին գործերի նախարարի կինը, իսկ հենց ինքը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, նույն այդ ՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Արդյոք այստեղ շահերի բախում չկա՞, երբ գործադիր մարմին նշանակող հոգաբարձուների կազմում կին/ամուսին հարաբերություններ կան, չգիտեմ, կարծում եմ սրան պետք է համապատասխան գնահատական տան այն պետական մարմինները, որոնք պատասխանատու են նման ռիսկերը մեր երկրում բացառելու համար։

Այս կառույցը առաջին հերթին պատասխանատու է մեր երկրում ներդրումներ ներգրավելու համար, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար, որի ցուցանիշներով, ինչպես գիտեք, ևս վատ դիրքերում ենք՝ 2021թ-ի արդյունքներով (կառավարության 2023թ-ի ներդրումների ներգրավման ծրագրի որոշման մեջ տեղ գտած թվերն են) ՕՈՒՆ հոսքերի միջին տարեկան ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 1,9 տոկոս է եղել, երբ հարևան Վրաստանում այդ ցուցանիշը մոտ էր 9 տոկոսի, իսկ այդ ներդրումների առյուծի բաժինը գազ և էլեկտրամատակարարումն է, որպես խոշոր  ներդրող երկիր Ռուսաստանն էր՝ ներդրումների կեսից ավելին։

Այսինքն` սա մի առանձին բարդ ու ծանր ցուցանիշներով ուղղություն է երկրում ներդրումներ բերելը, բայց քանի որ գործող կառավարությունը փակել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը և չեն ուզում ընդունել իրենց սխալը և վերականգել ՓՄՁ զարգացման համար պետական կառույցը, հիմա այդ պարտականությունը դրվում է ՆԱԿ-ի վրա, որի գործադիր մարմնի նշանակումը արդեն տեսանք այս օրերին ինչ չափորոշիչներով է կատարվում։

Այս տեսակ հարցերն են, որ տեղիք են տալիս նոր «եթե»-ների ու կասկածների։ Ստացվում է, որ նույնիսկ ամենալավ գրված փաստաթուղթը ի սկզբանե այն պատշաճ կատարելու հարցականների տակ է դրվում։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30